կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-06-03 22:34
Հասարակություն

Արցախից եկած անձանցից բարեգործության պատրվակով փող էր հափշտակել

Մայիսի 29-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժին նույնաբովանդակ երկու ահազանգ ստացվեց։

Ոստիկանությունից Yerkir.am-ին հայտնում են, որ ահազանգող տղամարդիկ, որոնք Արցախյան երկրորդ պատերազմից հետո բնակություն են հաստատել Կողբ համայնքում, հայտնեցին, որ իրենց է զանգել մի տղամարդ, ներկայացել Կարեն անվամբ ու ասել, որ աշխատում է բարեգործական կազմակերպությունում։

Հայտնել է, որ Արցախից եկած ընտանիքներին օգնություն են տրամադրում, որը տեղ հասցնելու համար, որպես ճանապարհածախս, մի արցախցուց պահանջել է՝ 55, մյուսից՝ 50 հազար դրամ: Տղամարդիկ պահանջած գումարը էլեկտրոնային եղանակով փոխանցել են նրան, սակայն իրենց օգնություն չի տրամադրվել։

Նոյեմբերյանի ոստիկանները, համագործակցելով Էրեբունու բաժնի քրեական հետախույզների հետ, ձեռնարկեցին մի շարք օպերատիվ միջոցառումներ՝ պարզելով, որ Կարեն ներկայացած եւ խարդախությամբ փող հափշտակած անձը Երեւանի բնակիչ է, 30 տարեկան։ Պարզվեց նաեւ, որ նա ներկայացել է այլ անվամբ։ Կասկածվողը հունիսի 1-ին հայտնաբերվեց, բերման ենթարկվեց Նոյեմբերյանի բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։