Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հաստատել է մեծածախ ինտերնետի նոր սակագները:
Հանձնաժողովի անդամ Սամվել Արաբաջյանը այսօր լրագրողներին հայտնեց, որ «ԱրմենՏել» ընկերության համար մեծածախ ինտերնետի 1 Մբ-ի գինը սահմանվել է 35 600 դրամ, եւ եթե համեմատենք 2006-2011թթ. ցուցանիշները, կնկատենք, թե ինչ կտրուկ է նվազել ինտերնետի սակագինը (2006-ին` 5 մլն 400 հազար դրամ, 2007-ին՝ 3 մլն դրամ, 2008-ին՝ 1 մլն 200 հազար դրամ, 2009-ին՝ 330 հազար դրամ, 2010-ին՝ 174 հազար դրամ):
Բանախոսի կարծիքով` դա պայմանավորված է ինտերնետ օգտագործողների թվի և ինտերնետ կապի ծավալների կտրուկ աճով: Եթե այս տարվա հունվար ամսին ինտերնետի ծավալը 1 վայրկյանում հասնում էր 10 Գբ-ի, ապա ներկայումս այն 17 Գբ է, իսկ մինչև տարեվերջ, Արաբաջյանը հուսով է, կունենանք 1 վայրկյանում 22 Գբ ծավալով ինտերնետ:
Բանախոսը ներկայացրեց նաև Հայաստանի երեք բջջային օպերատորների՝ «Օրանժ Արմենիա»-ի, «Բիլայն Արմենիա»-ի և «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի ինտերնետային ծառայություններից օգտվողների տվյալները` «ՎիվաՍել-ՄՏՍ»` 2 մլն 50 հազար բաժանորդ, «Բիլայն Արմենիա»` 770 հազար բաժանորդ, «Օրանժ Արմենիա»` 520 հազար բաժանորդ:
Արաբաջյանը նաև հույս հայտնեց, որ 2012 թվականին Հայաստանում կներդրվի MMP (Mobile Number Portability) համալիր փոխանցման ծառայությունը. այդ ուղղությամբ աշխատաքներն արդեն սկսվել են: «Դիմել ենք կազմակերպությունների, որպեսզի համապատասխան տեխնիկական օժանդակություն ցուցաբերեն: Մասնավորապես` Զարգացման եվրոպական բանկի հետ քննարկումները դրական արդյունք են տվել. Ֆինլանդիայի կառավարությունը դրամաշնորհ կհատկացնի բանկին, դրա միջոցով Հայաստանը կստանա խորհրդատվական բնույթի տեխնիկական օժանդակություն»,- հայտարարեց նա:
ՀԾԿՀ-ն պատրաստվում է 2012-ին ներդնել ազգային ռոումինգ ծառայություն, որի ուղղությամբ աշխատանքները նույնպես սկսվել են: «Ազգային ռոումինգ նշանակում է, որ նույն երկրի տարածքում, լինելով մեկ այլ օպերատորի բաժանորդ, կարող ես քո ձեռքով քո հեռախոսից փոխել օպերատորին»,- ասաց բանախոսը: