Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Տնտեսության ճգնաժամային վիճակը 1990-ական թվականներին ուղեկցվում էր ապրանքների եւ ծառայությունների գների-սակագների կտրուկ բարձրացմամբ։ Դրան ավելացավ նաեւ որոշ ապրանքների գների ազատականացումը։ Հաշվի չառնելով բնակչության վճարունակության գործոնը՝ իշխանությունն, այնուամենայնիվ, ընտրեց այդ ճանապարհը։ Մի բան, որ բացասաբար անդրադարձավ ոչ միայն բնակչության սոցիալական վիճակի վրա,այլեւ տնտեսական որոշ համակարգերում հանգեցրեց մեծ պարտքերի ձեւավորման։
Շուկայական գների ներդրումը,որը նպատակ ուներ անցնել ինքնածախսածածկման,ըստ էության,ոչ միայն չլուծեց այդ համակարգերում գոյություն ունեցող ֆինանսական ճեղքվածքի խնդիրը,այլեւ խորացրեց։ Գների բարձրացումն իր հերթին ավելի վատթարացրեց բնակչության սոցիալական վիճակը։
Այդ տարիներին Հայաստանում արձանագրվեց խոր հիպերինֆլյացիա։ Առաջին անհրաժեշտության առանձին ապրանքներ թանկացան մի քանի տասնյակ անգամ։
1990թ. վերջին,1991թ. սկզբին որոշ ոլորտներում իրականացվեցին գների եւ սակագների մասնակիորեն ազատականացման միջոցառումներ։ Մասնավորապես՝ սկսեցին կիրառվել կապի եւ տրանսպորտի նոր սակագներ։ Դրա հետեւանքով 1991թ. ապրանքների եւ ծառայությունների սակագների ամփոփ ինդեքսը կազմեց ավելի քան 274 տոկոս։ Ապրանքները թանկացան շուրջ 300,ծառայությունները՝ 150 տոկոսով։
Գների բարձրացմանը զուգահեռ, շուկան չապահովվեց անհրաժեշտ պահանջարկով։ Դրանց անկայուն մատակարարումը խրախուսեց «սեւ» շուկայում գների ավելի արագ բարձրացմանը։ Շատ դեպքերում պետական եւ ոչ պետական հատվածում վաճառվող նույնանուն ապրանքների գների տարբերությունը հասնում էր 10-20 անգամի։
Թանկացումների շղթան խորացավ էներգետիկ ճգնաժամի տարիներին,որը սրվեց հատկապես 1992թ. վերջին։ Էներգետիկ ոլորտում առկա իրավիճակը հանգեցրեց տնտեսության բոլոր ճյուղերում անկման միտումների խորացման։ Այդ տարի սպառողական ապրանքների գների ինդեքսը կազմեց 828 տոկոս։ 1992թ. պարենային ապրանքների գները բարձրացան 32.5 անգամ։
Սա աննախադեպ երեւույթ էր,ինչպիսին մինչ այդ չէր դիտարկվել։ Այդ նույն տարվա ընթացքում ոչ պարենային ապրանքները թանկացան 9.6 անգամ։ Ծառայությունների սակագներն աճեցին 21 անգամ։ Այսինքն՝ գների բարձրացումը տեղի էր ունենում ոչ թե տոկոսներով, այլ տասնյակ անգամներով։ Սա, բնականաբար, չէր կարող իր ազդեցությունը չունենալ բնակչության սոցիալական վիճակի վրա։
Սակայն գնաճային միտումներն այդքանով չսահմանափակվեցին։ Դրանք շարունակեցին խորանալ նաեւ հետագա տարիներին։ Գների բարձրացման վրա վճռորոշ ազդեցություն թողեց նաեւ ազգային արժույթի ներդրումը 1993թ. վերջին։ Այդ տարի տեղի ունեցավ ապրանքների եւ ծառայությունների գների ու սակագների թռիչքային աճ։ Պարենային ապրանքների գների ինդեքսը տարվա ընթացքում բարձրացավ ավելի քան 105 անգամ։ Ոչ պարենային ապրանքների գների ինդեքսի աճը կազմեց 116, իսկ ծառայությունների սակագներինը՝ 101 անգամ։
Հաջորդ տարի սպառողական ապրանքների գների բարձրացումը պայմանավորվեց հիմնականում հացի,էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտային ծառայությունների գների ու սակագների մասնակի ազատականացմամբ։ Առաջին անգամ ծառայությունների սակագների աճը գերազանցեց պարենային ապրանքների աճի տեմպին։
1994թ. դեկտեմբերին,նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, ծառայությունների սակագները բարձրացան 49.2 անգամ։ Դա պայմանավորվեց բնակարանային կոմունալ,կապի եւ բուժսպասարկման ծառայությունների կտրուկ թանկացմամբ։ Որքան էլ կարող է անհավանական թվալ,բայց միայն բնակարանային կոմունալ ծառայությունների գները բարձրացան 137 անգամ,բուժսպասարկումը թանկացավ ավելի քան 41 անգամ։
Այդ տարի որոշ չափով մեղմվեց պարենային եւ ոչ պարենային ապրանքների թանկացման տեմպը։ Դրանց գները բարձրացան համապատասխանաբար՝ 17 եւ ավելի քան 14 անգամ։ Հացի գների մասնակի ազատականացումը,վատ մատակարարման պայմաններում,խորացրեց շուկայի դեֆիցիտը,ինչի հետեւանքով «սեւ շուկայում» հացի գինը շատ ավելի բարձրացավ։
Ավելին՝ մինչ խանութներում հաց չկար,պետական թույլ վերահսկողության պատճառով շուկան լցվեց «լեւի» հացով,որը մի քանի անգամ ավելի թանկ արժեր։ Սկսեց ծաղկել,այսպես կոչված,հացի մաֆիան,որը ուղղակիորեն ղեկավարում էին իշխանական բուրգում կանգնած որոշ պետական այրեր։
Գների բարձրացման տեմպը համեմատաբար մեղմացավ 1995թ. ընթացքում։ Պարենային ապրանքները թանկացան 2.8 անգամ։ Այդ տարի կրկնակի բարձրացավ հացի գինը։ Ծառայությունները թանկացան ավելի քան 4 անգամ։ Այդ թվում՝ քաղաքային տրանսպորտի ուղեվարձը բարձրացավ 2.5 անգամ։ Կոմունալ ծառայությունները թանկացան շուրջ 6 անգամ։
Նման կտրուկ թանկացումները,բնականաբար,անհամապատասխան էին բնակչության գնողականությանը։ Պատահական չէ,որ կոմունալ ծառայությունների ոլորտում շատ արագ սկսեցին կուտակվել մեծ չափերի հասնող պարտքեր։ Առողջացման փոխարեն,ժամանակավրեպ ազատականացումը,որը նախաձեռնել էր կառավարությունը,հանգեցրեց համակարգի ֆինանսական վիճակի էլ ավելի վատացմանը։
Մի կողմից պետությունն այդ համակարգերն ազատեց բյուջետային հատկացումից,մյուս կողմից դրանք չստացան անհրաժեշտ ֆինանսական միջոցներ՝ իրենց ներքին խնդիրները լուծելու համար։ Պատահական չէ,որ հետագայում կառավարությունը ստիպված էր համաներումների ճանապարհով դրանք ազատել տարիներ շարունակ կուտակված պարտքերից,որոնք ինչպես բնակչության անվճարունակության, այնպես էլ այդ համակարգերում անարդյունավետ կառավարման հետեւանք էին։
Նման խնդիրների բախվեցին թե՛ կոմունալ տնտեսությունը,թե՛ էներգետիկան, թե՛ գազի,թե՛ կապի համակարգերը։ Այս իրավիճակը ինքնըստինքյան վկայում է,որ կառավարությունը,մեղմ ասած,ճիշտ ժամանակ չէր ընտրել դրանց ազատականացման համար եւ հաշվի չէր առել բազմաթիվ խնդիրներ,որոնք հետագայում հանգեցրին շատ ավելի ծանր հետեւանքների։
Սպառողական գների ինդեքսը
|
Նախորդ տարին =100 |
Դեկտեմբերը նախորդ տարվա դեկտեմբերի նկատմամբ |
1991թ. |
274.1 |
304 |
1992թ. |
8.3 անգամ |
13.4 անգամ |
1993թ. |
19.2 անգամ |
110 անգամ |
1994թ. |
50.6 անգամ |
18.6 անգամ |
1995թ. |
276.0 |
132.2 |
1996թ. |
118.7 |
105.7 |
1997թ. |
114.0 |
121.9 |
1996 թվականից Հայաստանում գրանցվեց գների բարձրացման համեմատաբար կայուն վիճակ։ Այդ տարի սպառողական գների ինդեքսը 1995թ. համեմատ կազմեց 118 տոկոս։ Թեեւ առանձին ոլորտներում շարունակվեց գրանցվել գների կտրուկ բարձրացում։ Մասնավորապես՝ քաղաքային հեռախոսակապի վարձավճարը 1996թ. միանգամից բարձրացավ 6 անգամ՝ 100 դրամից հասնելով 600 դրամի։
Դրանով կառավարությունը նախապատրաստում էր հեռահաղորդակցության համակարգի վաճառքը,չնայած այն աշխատում էր շահույթով։ 1996թ. համակարգի շահույթները կազմում էին 24-25 մլն դոլար,ինչը,կառավարության կարծիքով,չափազանց քիչ էր ցանցի արդիականացման համար։ Այն գնահատվում էր 800 մլն դոլար,թեեւ իրականում թվերը մի քանի անգամ ուռճացված էին։ Հետագայում դա ապացուցեցին նաեւ կապի համակարգի օպերատորի կողմից իրականացված ներդրումները,որոնք չգերազանցեցին անգամ 200 մլն դոլարը,բայց էապես փոխեցին սպասարկման վիճակը։ Հատուկ ուռճացնելով անհրաժեշտ ներդրումները՝ իշխանությունը նպատակ ուներ այդ փուլում հիմնավորել կապի համակարգի մասնատումն ու վաճառքը։
Շարունակելի