Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունը հունվարի 18-ին մեկ սեղանի շուրջ էր հավաքել «Հայփոստ»-ի ներկայացուցիչներին, հրատարակիչներին եւ գրախանութների տնօրեններին:
Գրահրատարակիչներին մտահոգել էր այն լուրը, թե «Հայփոստ»-ը բարձրացրել է արտերկիր արտահանվող գրքերի առաքման սակագինը:
Նրանց կարծիքով՝ սակագնային փաթեթի բարձրացման ռիսկը կարող է հանգեցնել առաքման ծառայության ոչ թե թանկացմանը, այլ փակվելուն, ինչպես նաեւ հրատարակչության գործունեության բյուջեի բարձրացմանը:
Հանդիպմանը «Հայփոստ»-ի տնօրենի առաջին տեղակալ Արայիկ Աբրահամյանը պարզաբանում ներկայացրեց՝ ընդգծելով, որ «Հայփոստ»-ը տարիներ շարունակ ինքնարժեքից էժան գնով է ծառայություն մատուցել, բայց իրավիճակն այնպիսին է, որ այլեւս այդպես հնարավոր չէ, քանի որ ընկերությունն ինչպես նախորդ, այնպես էլ այս տարի վնասներ է կրել:
«Սակագները փոխվել են, բայց գրահրատարակիչների համար Համաշխարհային փոստային միությունը սահմանել է «M» պարկ հատուկ փոստային ծառայությունը, որը մինչեւ 30 կգ արտահանման դեպքում հատուկ սակագներ է սահմանում, եւ միջազգային փոստափոխանակումներն էժան են ստացվում:
Այդ ծառայությունից զատ «Հայփոստ»-ը ներքին ծախսերի հաշվին եւս 20 տոկոս զեղչ կտրամադրի գրահրատարակիչներին եւ այլ կորպորատիվ հաճախորդներին, որոնք պայմանագիր են կնքում ընկերության հետ»,-նշեց Աբրահամյանը:
«M» պարկ փաթեթի միջոցով մինչեւ 30 կգ տպագրական նյութերը (թերթեր, ամսագրեր, հրատարակչական պարբերություններ, գրքեր եւ այլն) ուղարկվում են մեկ հասցեով յուրաքանչյուր լրիվ եւ ոչ լրիվ կգ-ի համար գանձվող քաշի համար վճարելով 4500 դրամ, իսկ ամբողջ պարկի համար գանձվող պատվերի վճարը 2000 դրամ է: Պայմանագիր ունենալու դեպքում սահմանված գնից 20 տոկոս զեղչով է իրականացվում առաքումը:
Քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում «Բուկինիստ» գրախանութի տնօրեն Խաչիկ Վարդանյանն ասաց, որ «Հայփոստ»-ը եւ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը պետական հաստատություններ են եւ պետք է քննարկեն, հասկանան՝ գիրքը բիզնե՞ս է, ապրա՞նք, թե՞ գիտելիք տարածելու միջոց է, գաղափարական ճակատի գործիք:
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանն էլ, որի նախաձեռնությամբ իրականացավ հանդիպումը, նշեց՝ քննարկմանը պարզվեց, որ սակագների հետ կապված մտահոգությունները չափազանցված են, որովհետեւ «Հայփոստ»-ը հետաքրքիր առաջարկ էր մշակել հրատարակիչների եւ գրախանութների համար:
«Ըստ իս՝ կառուցողական մթնոլորտում անցավ քննարկումը: Առաջիկայում քննարկելու ենք ներքին առաքումների հարցը: Մենք պայմանավորվեցինք, որ որոշ ժամանակ անց նորից կհանդիպենք ու, եթե իսկապես անհնար է չբարձրացնել Հայաստանի տարածքում առաքման սակագինը, ապա պետք է հասկանալ, թե պետությունը, որի մշակութային քաղաքականության առաջնահերթություններից է գրահրատարակչական գործը, կարո՞ղ է օժանդակել մյուս պետական հիմնարկին՝ «Հայփոստ»-ին կամ հրատարակիչներին: Դա պետք է իրավական դաշտում հասկանալ»,-եզրափակեց Խաչատուրյանը: