Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վրաստանի նախագահական ընտրությունները, առաջին հերթին, վարկանիշային ընտրություններ էին, քանի որ դեռեւս 2010 թվականից Վրաստանը սկսեց սահմանադրական փոփոխություններ իրականացնել, որով անցում էին կատարում կիսանախագահական համակարգին: Եվ խորհրդարանական ընտրություններից մեկ տարի անց, երբ իշխող կուսակցությունը պարտվեց, եւ ընդդիմությունը հաղթեց, պարզ դարձավ, որ հին ու նոր իշխանությունների համատեղ աշխատանքը չստացվեց, ներքաղաքական պայքար ծավալվեց: Այս ընտրություները պետք է ցույց տային, թե ինչքանով է գործող իշխանությունների վարկանիշը բարձր, եւ ընտրողն ինչքանով է վստահում նրանց. Yerkir.am-ին Վրաստանի նախագահական ընտրությունների կապակցությամբ ասաց Վրաստանի հարցերով փորձագետ Ջոնի Մելիքյանը:
Կիրակի օրը կայացած ընտրությունների արդյունքները, ըստ փորձագետի, ցույց տվեցին, որ Վրաստանում, որքան էլ հիասթափվածներ կան, բայց ընտրողների 60 տոկոսը ընտրեց կոալիցիայի ներկայացուցչին, ուրեմն նրանք դեռեւս հեղինակություն ունեն, եւ արդեն մոտ ապագայում պետք է ցույց տան իրենց ավելի արդյունավետ աշխատանքը:
Տարածաշրջանային իրավիճակի հետ կապված' փոփոխություններ չեն լինի, համոզմունք հայտնեց Ջոնի Մելիքյանը: Վերջին 1 տարվա գործընթացներն ավելի ինտենսիվ կշարունակվեն, քանի որ նոր նախագահի ընտրություններից հետո բոլոր արտաքին եւ ներքին գործընթացներում լիազորություններն անցնում են վարչապետին:
«Եվ արտաքին քաղաքականությունը փոփոխման չի ենթարկվի, նույնիսկ կարելի է ասել, որ անգամ Ռուսաստանի հետ հարաբերություններում, եթե մինչ այդ փոխմտահոգություն կար, որ ընդդիմությունն իրենց կմեղադրի պրոռուսականության մեջ, այս պահին կարող են մի քիչ ավելի ազատ լինել: Չեմ ասում, որ ավելի խորը հարաբերություններ կունենան, բայց ավելի ազատ կլինեն եւ մի քիչ ավելի պրեսինգից դուրս: Չնայած, որ հիմնական ընդդիմությունն էլի «Միացյալ ազգային շարժումն» է լինելու, բայց ռեալ փոփոխություններ չեն լինի»,- նշեց Ջոնի Մելիքյանը:
Հատկանշական է, որ քանի դեռ Միխեիլ Սահակաշվիլին էր երկրի նախագահը, նրա գլխավորած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումն» իր ազդեցությունը որոշակիորեն պահում էր վրացական գործընթացներում: Ու այժմ, երբ իշխանությունն ամբողջությամբ անցավ Բիձինա Իվանիշվիլիի «Վրացական երազանքին», հարց է առաջանում' արդյո՞ք Վրաստանի կերպարի փոփոխություններ կլինե՞ն:
«Չեմ կարծում, որ լուրջ փոփոխություններ լիենեն: Վիլնյուսում ասոցացման համաձայնագրի նախաստորագրման սպասելիքներ կան, իսկ գալիք տարում' արդեն ստորագրելու, եւ Եվրոպան, կարծես, բալանսավորող մի ուժ է, ու այս համատեքստում ԵՄ պահանջները կբալանսավորեն ներքաղաքական իրավիճակը, եւ նոր իշխանությւոները ստիպված կլինեն աշխատել ընդդիմության հետ»,- ներկայացրեց Ջոնի Մելիքյանը:
Իսկ Հայաստանի եւ վիրահայության վերաբերյալ, ինչպես նշեց փորձագետը, ամենաիրական խոստումները տրվել են «Վրացական երազանք» կոալիցիայի կողմից, եւ այս պարագայում կարելի է սպասել, որ լեզվի հետ կապված խնդիրները կարող են լուծում ստանալ, բայց ոչ այս տարի, այլ, հավանաբար, մյուս տարվա ընթացքում: Որովհետեւ ասոցացման համաձայնագրի գործընթացում վրացիները պետք է կատարեն բոլոր այն պարտավորությունները, որոնք դրված են Վրաստանի վրա դեռեւս 1999 թվականից:
Վիրահայության համար, ինչպես նշեց փորձագետը, ամենակարեւորն այն է, որ Վրաստանը տնտեսապես սկսի աճել, ինչն ուղղակիորեն կանդրադառնա նրանց վրա: «Մեր համայնքի ռեալ պահանջները նրանք են, որ ունենան աշխատատեղեր եւ հնարավորություն իրենց հանապազօրյա հացը ստեղծելու համար եւ ստիպված չլինեն արտագնա աշխատանքի մեկնելու: Իսկ մնացած խնդիրները` եկեղեցին է, լեզուն է եւ այլն, ճիշտն ասած, կարծես երկրորդական պլան են մղվում: Եվ եթե այդ հարցերը լուծվեն, կարծում եմ` արդեն ժամանակը կգա մյուս հարցերը բարձրացնելու»,- պարզաբանեց փորձագետը:
Այս առումով' իշխող կոալիցիայի ներկայացուցիչներն իրենց հանդիպումների ընթացքում խոսում էին պետական կառավարման համակարգի մեջ ազգային փոքրամասնությունների ակտիվ ներգրավման մասին: Եթե նրանք այդ ուղղությամբ շարունակեն իրենց դիրքրորշումը, եւ ազգությամբ հայերն ավելի ակտիվ լինեն ու ինտեգրվեն կառավարման հարցերում, ժամանակի ընթացքում մյուս հարցերն էլ կբարձրացվեն:
Փորձագետի գնահատմամբ` վիրահայությունը չպետք է մաքսիմալիստական մոտեցում ցուցաբերի, այլ ավելի նպատակահարմար կլինի փուլ առ փուլ բոլոր հարցերը լուծել: