Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Միջազգային տնտեսական ճգնաժամի երկրորդ փուլի մասին են խոսում տնտեսական ոլորտի պատասխանատուներն ու փորձագետները:
«Եթե համեմատում ենք 2008-ին սկսված ճգնաժամը երկրաշարժի հետ, ապա կարող ենք ասել, որ այժմ նկատվում են դրա հետցնցումները, ինչը բնական երեւույթ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար Թաթուլ Մանասերյանը:
Նա նշեց, թե զարմանալի կլիներ, եթե համաշխարհային տնտեսությունը միանգամից ոտքի կանգներ ճգնաժամից հետո, հատկապես, որ զարգացած երկրները հիմնականում դասեր չքաղեցին դրանից:
Մասնագետի խոսքերով` հենց այս երկրների անհեռատեսության հետեւանքն է երկրորդ ալիքը: Դրանք տուրք են տալիս արհեստական շատ մեխանիզմների եւ ոչ նպատակային ձեւով են օգտագործում փոխառված գումարները:
Եվ, բնականաբար, անցումային շրջանում գտնվող երկրները չեն կարող խույս տալ այս ցնցումներից, սակայն կան նաեւ օրինակներ, որ այդ երկրները կարողանում են օգուտներ քաղել ճգնաժամային վիճակից: Թ. Մանասերյանը բերեց Ղազախստանի եւ Լեհաստանի օրինակները, որոնք կարողացան, անցած տարվա տվյալներով, գրանցել տնտեսական աճ` համապատասխանաբար 7 եւ 4.4 տոկոս:
«Սրանք օրինակներ են, որոնք փաստում են` զարգացող, անցումային փուլում գտնվող երկրները կարող են հաջողություններ արձանագրել»,- ասաց տնտեսագետը:
Նա հավելեց նաեւ, որ կցանկանար, որ վերջին ութ ամիսներին վերաբերող 3.5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը էպիզոդիկ բնույթ չունենար, նաեւ` որ ՀՀ տնտեսությունն ավելի մեծ աճ արձանագրելու պոտենցիալ ունի: