Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը ոլորտում աշխատող միջազգային, հասարակական կազմակերպությունների, գիտա-ակադեմիական շրջանակների ներկայացուցիչների, փորձագետների, նաև ոլորտում բազմամյա գործունեության փորձ ունեցող ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկել է ոլորտի օրակարգային առաջնահերթությունները, ծրագրերը, դրանց իրականացման ուղղությամբ անելիքները և տարածքների զարգացման ընդհանուր խնդիրները:
«Սիրելի բարեկամներ, տեղեկացնեմ ձեզ, որ անցյալ տարի հավանության արժանացավ ՀՀ 2016-2025թթ. տարածքային զարգացման ռազմավարություն կոչվող փաստաթուղթը, որի հետ կապված առաջարկները մեզ համար խիստ կարևոր են: Ռազմավարությունը մենք չենք համարում քարացած փաստաթուղթ և ցանկացած ժամանակ կարող ենք որոշակի փոփոխություններ կատարել: Մենք փորձել ենք փաստաթուղթը ձևակերպել երկու բլոկով. առաջին բլոկ, որը հանրապետության համար ընդհանուր վերլուծություն է ապահովում և երկրորդ բլոկը, որտեղ սահմանված են համաչափ զարգացումն ապահովող չափելի արդյունքները: Մեր ռազմավարության չափելիության ամենալավ ցուցիչը` երկրի ընդհանուր տարածքում ոչ ֆորմալ գյուղատնտեսությամբ զբաղվածների թիվը մինչև 2025թ. 10%-ով ավելացնել. դա նշանակում է` մենք պետք է կարողանանք մոտ 6000 և ավելի ՓՄՁ-ներ և շուրջ 50-60 հազար աշխատատեղ ստեղծել Երևանից դուրս: Երկրորդ կարևոր պայմանը ՀՆԱ-ի որոշակի մակարդակի հավասարեցման խնդիրն է: Հաշվարկվել է, որ 2025 թվականի դրությամբ, առանձին վերցված, յուրաքանչյուր մարզում մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն կգերազանցի մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի միջին հանրապետական ցուցանիշի 60 %-ը և մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ի 70 %-ից ցածր կգտնվի մարզերի բնակչության ոչ ավելի քան 30 %-ը:
Երրորդ կարևոր չափելի հասկացողությունը, որ մենք ֆիքսել ենք ռազմավարությունում, մարդկային կապիտալի որակի հետ կապված փոփոխությունն է երկրում, միջին և բարձրագույն կրթությամբ մարդկանց թվի որոշակի սահմանի ապահովումը: Ուրեմն, այս երեք չափելի արդյունքներով մենք պետք է առաջնորդվենք ռազմավարությունը յուրաքանչյուր տարվա վերջում գնահատելու համար»,- նշել է նախարար Լոքյանը հանդիպման սկզբում և հավելել, որ հանդիպումից ակնկալում է Հայաստանի ամենակարևոր օղակի՝ համայնքների զարգացման նոր տեսլականին վերաբերող առաջարկներ լսել ոլորտի խնդիրներով զբաղվող ներկայացուցիչներից:
Դավիթ Լոքյանը անդրադարձել է նաև բոլոր մարզերի 2017-2025թթ. զարգացման ռազմավարությունների մշակման աշխատանքներին, համայնքների հնգամյա զարգացման ծրագրերով պարտադիր լուծման ենթակա խնդիրներին, մարզերում արդեն իսկ մեկնարկած ներդրումային ծրագրերին, ինչպես նաև տարածքային կառավարման նոր հայեցակարգի նկարագրի մշակման աշխատանքներին:
Նախարարի կողմից ներկայացված հարցերի շուրջ տեղի է ունեցել արդյունավետ քննարկում: Քննարկման մասնակիցները, ողջունելով նման ձևաչափով հանդիպումների անցկացումը, ներկայացրել են տարածքների համաչափ զարգացմանը, ոլորտի հիմնարար խնդիրների լուծմանն ուղղված իրենց տեսակետները, առաջարկությունները, ինչպես նաև համագործակցելու և նոր գաղափարներով աջակցելու պատրաստակամություն հայտնել: Պայմանավորվածություն է ձեռք բերվել այս հանդիպումները դարձնել շարունակական: