Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-10-10 17:26
Քաղաքական

Հայտարարություն անելուց առաջ Շառլը պետք է հրաժարական տար

Հայտարարություն անելուց առաջ Շառլը պետք է հրաժարական տար

Որպես դեսպան` Ազնավուրն իրավունք չուներ նման հայտարարություն անելու, որովհետեւ դա լոյալության սկզբունքի կոպիտ խախտում է` անկախ նրանից, թե դեսպանն ինչ է մտածում եւ ինչ պատմական անցյալ է ունեցել նրա ընտանիքը: Լինելով պետության ներկայացուցիչ` նա պետք է միայն ասի այն, ինչ սկզբունքորեն ընդունված է արտաքին քաղաքականության շրջանակներում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով աշխարհահռչակ հայազգի երգչի, Շվեյցարիայում ՀՀ դեսպան Շառլ Ազնավուրի տված հարցազրույցին եւ դրանում արտահայտած մտքին, որ «ցեղասպանությունը» խանգարող բառ է», կարծիք հայտնեց Լիբանանում ՀՀ նախկին դեսպան Արման Նավասարդյանը։

 

Նա նշեց, որ դրանք դիվանագետի արտահայտություններ չեն, եւ եթե դեսպանը մտածում է այնպես, ինչպես Ազնավուրը, ուրեմն հարցն ունի երեք լուծում` կա'մ նա պետք է անմիջապես հրաժարվեր դեսպանի պաշտոնից եւ այս հայտարարությունն աներ, կա'մ դրանից հետո պետք է հրաժարական տար, կա'մ նրան պետք է շնորհազրկել` սա է օրենքը:

 

«Սա խոսում է այն մասին, որ արտաքին քաղաքականությունը դրված է սխալ սկզբունքների վրա: Ինչո՞ւ պետք է արվեստագետը նշանակվեր դեսպան. արվեստագետին` մանավանդ գրողին կամ շանսոնիեին նշանակել այդպիսի չինովնիկական աշխատանքի, սխալ է»,- կարծիք հայտնեց դիվանագետը:

 

Քաղաքագետ Երվանդ Բոզոյանն էլ նշեց, որ մեզ մոտ թամաշաների էլեմենտը շատ մեծ է. այդ շարքից է նաեւ Ազնավուրին դեսպան նշանակելը, ինչն, ըստ նրա, կոպիտ սխալ էր:

 

«Ինչ վերաբերում է Շառլի հայտարարությանը, ապա նա իր մտահոգությունները ներկայացրեց Հայաստանի վերաբերյալ, ինչը ես 100 տոկոսով խրախուսում եմ, որովհետեւ իսկապես ծիծաղելի է խոսել հայկական աշխարհի մասին, երբ Հայաստանը դատարկվում է, եւ այդ դատարկման գործընթացը չի մտահոգում վերնախավին: Ես ուրախ եմ, որ Սփյուռքում այդ ամենը նկատվում է. առաջինը Արամ Առաջին Կիլիկիո կաթողիկոսը հնչեցրեց այդ միտքը, այսօր արդեն Շառլն է ասում, եւ ես ուրախ եմ, որ Սփյուռքում արդեն հասկանում են, որ, բացի Ցեղասպանության խնդրից, որը շատ կարեւոր է, մենք պետք է աջակցենք, որ Հայաստանը դառնա նորմալ ժամանակակից պետություն: Առանց դրա մենք չենք կարող լուծել հայ-թուրքական խնդիրը, բացել սահմանն ու լուծել Ցեղասպանության խնդիրը»,- նշեց նա: