կարևոր
0 դիտում, 5 տարի առաջ - 2019-04-18 11:17
Հասարակություն

Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել. Վահագն Հովակիմյանը` ԲՀԿ-ականներին

Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել. Վահագն Հովակիմյանը` ԲՀԿ-ականներին

Այսօր Ազգային ժողովի հերթական նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն անդրադարձավ օրերս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի ելույթին, ըստ որի` հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ:

«Երբ ես իմ նախորդ ելույթում խոսեցի հիշողությունը չկորցնելու մասին, մեր գործընկերը նեղսրտեց, որ հիշողությունը չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ: Անմիջապես այդ խոսքերից հետո ինձ մեղադրեց կոստյումի հետ կապված արտահայտություն անելու համար, այն դեպքում, երբ կոստյումի մասին հայտարարել էր այլ պատգամավոր: Դա տեղի չէր ունեցել հեռավոր անցյալում, այլ իր ելույթից մի քանի րոպե առաջ: Իսկապես, հիշողություն չկորցնելու համար պետք է հիշողություն ունենալ»,- ասաց Հովակիմյանը` հավելելով. «Նույն պատգամավորի կողմից փորձ է արվում նոր կառավարության ներկայացուցիչների կոմպետենտությունը կասկածի տակ առնել ու փորձել պիտակավորել: Պետք է հիշողություն ունենալ և հիշել, որ իրենց խմբակցության ղեկավարը, լինելով 16 տարվա պատգամավոր, առաջին անգամ այս ամբիոնից ելույթ է ունեցել այս տարվա հունվարին: Թեև ԲՀԿ-ն ունեցել է երեք տասնյակ պատգամավոր, սակայն ԱԺ ամբիոնից ելույթ են ունենում միշտ 5-ից 6 պատգամավոր: Դիմացինի աչքի փուշը մատնացույց անելուց առաջ փորձեք ձեր գերանները տեսնել, մի' անտեսեք ձեր գերանները, առերեսվեք ձեր գերանների հետ: Դա ձեզ կօգնի առաջ գնալ»:

Հակահարված տալու հերթը Պետրոսյանինն էր: Վարման կարգով ելույթ խնդրելուց հետո նա էլ հորդորեց Վահագն Հովակիմյանին՝ չխառնվել իրենց խմբակցության ներքին գործերին, թե քանի հոգի են ելույթ ունենում: «Հետո ոնց որ «յարմարկա» եկած լինենք՝ կոստյում, զուգագուլպա, տաբատ, վարտիք, անդրավարտիք... Ձեր ծրագրերից խոսեք, ի՞նչ տնտեսական ծրագիր եք լուծում: Ի՞նչ եք եկել այստեղ` շորերի անուններ տալիս, հա գիտենք, որ դուք էլ ունեք այդ շորերից։ Հետո, որ ասում եք՝ հարցեր չեք տալիս, քիչ եք տալիս: Մենք տալիս ենք առարկայական հարցեր: Դուք վերջին անգամ ե՞րբ եք ժողովրդի հետ հանդիպել»,- ասաց Պետրոսյանը:

Նրա դիտարկումները շուտով լսելի չդարձան, քանի որ «Իմ քայլի» ու ԲՀԿ-ի պատգամավորները տեղից փոխադարձ մեղադրանքներ էին  հնչեցնում։

«Ինչ ա՞, սո՛ւս մնա հլա, սո՛ւս  մնա»,- գոչում էր Պետրոսյանը՝ նկատի ունենալով արդեն Արեն Մկրտչյանին։

Հաջակցություն թիմակցի` խոսեց նաև ԲՀԿ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: «Պարո՛ն Հովակիմյան, ինչպե՞ս եք Ձեզ թույլ տալիս ասել, թե մարդն առաջին անգամ ելույթ ունեցավ, երկրորդ անգամ ունեցավ, դա ի՞նչ կապ ունի: Դուք այնքան բան չեք արել Ձեր կյանքում, պետք է Ձեր չափը ճանաչեք, չի կարելի մարդկանց անվանարկել: Սա վերջին դեպքը լինի, եթե չէ, ես խոսք եմ տալիս, որ սրանից հետո այլևս մեր խոսակցությունն այլ կերպ կլինի: Կա՛մ հարգում ենք իրար, կա՛մ վերացնում ենք այս թատրոնը: Այլևս երբեք իրավունք չունեք մեր խմբակցության ղեկավարի հասցեին որևէ բան ասելու: Դրա առիթը չկա, և մենք թույլ չենք տալու նման կերպ արտահայտվել»,- խիստ տոնով ասաց նա: