Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կաթողիկոսի վրա հարձակումները տեղավորվում իշխանությունների անցնող երկու տարվա քաղաքականության մեջ. այս մասին 168.am-ի հետ ուղիղ եթերում նշեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։
Ըստ Սաղաթելյանի՝ փաստ է՝ կա արշավ Հայ առաքելական եկեղեցու, ազգային, մշակույթի նկատմամբ. «Անթույլատրելի է եկեղեցու դեմ այս պայքարը, այս գործելաոճը։ Թուլացնելով Հայ առաքելական եկեղեցին՝ ճանապարհ ենք բացում աղանդավորական շարժումների, այլասերված տարբեր խմբավորումների և այլ ուժերի առջև։ Իրեն հարգող ցանկացած պետություն պետք է ամեն ինչ անի այդ ինստիտուտը հզորացնելու համար։ Մեր երկրի անվտանգության տեսակետից դա ևս շատ կարևոր է»։
Պատասխանելով այն հարցին, թե ինչպես է սփյուռքը արձագանքում եկեղեցու նկատմամբ սկսված նման արշավին, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչն ասաց. «Սփյուռքը շատ ցավոտ է արձագանքում սրան։ Պետության բացակայության պայմաններում, եկեղեցին պետության դերակատարություն է ունեցել հայկական գաղթօջախներում, կազմակերպել է հայ ժողովրդի կյանքը։ Սփյուռքում կան համայնքներ, որոնք պետություն են պետության մեջ»։
Դաշնակցական գործիչն ասաց, որ ներկա իշխանությունները մի իրավիճակ են ստեղծել իրենց ֆեյքերով և այս մթնոլորտով, որ ազատ խոսքի իրավունքը իջեցրել են ամենացածր մակարդակի։ Այսօր ՀՀ-ում շատերը, ըստ Սաղաթելյանի, հասկանում են, որ չնայած իրենք շատ հարցերում տարբեր կարծիքներ ունեն, բայց վախենում են դրա մասին արտահայտվել, որովհետև անմիջապես ֆեյքերի բանակով այդ մարդուն սարքելու են ազգի դավաճան, թալանչի, գող, ավազակ և ինչ-որ տեղերից սնվող դավադիր հակահեղափոխական մարդ կամ ուժ։
«Նոր Հայաստանում ստեղծել են մթնոլորտ, որ որևէ մեկը ինչ-որ մտածում է, բացառությամբ մի քանի շրջանակների, վախենում են արտահայտվել, այդ թվում բազմաթիվ մտավորականներ, ակադեմիկոսներ, արվեստի գործիչներ, դասախոսներ, որովհետև տեսել են թե ինչի են արժանացել։ Շատերը չեն ցանկանում իրենց վրա վերցնել այդ պատասխանատվությունը, բեռը։ Բայց շնորհիվ Գարեգին Վեհափառի, ինքն իր առաքելության մեջ արեց այդ հայտարարությունը։ Դա մարդասիրական կոչ էր, որը տեսաք թե ինչի վերածվեց և օգտագործելով առիթը՝ փորձեցին նաև հարվածել եկեղեցուն», - ընգծեց Իշխան Սաղաթելյանը՝ հավելելով, որ կա լարվածություն և վարչապետն ու այլ անհատներ պահում են դիրիժորի դերը։
Իշխան Սաղաթելյանը չբացառեց արտահերթ ընտրությունների հնարավորությունը, որովհետև եթե կա իշխանություն, որը չի կարողանում լուծել ժողովրդի առջև ծառացած խնդիրները, իսկ դրանք գնալով շատանում են, և չի բացառվում, որ ինչ-որ պահի ձևավորվի հասարակական-քաղաքական պահանջ արտահերթ ընտրությունների միջոցով իրավիճակից դուրս գալու համար. «Եթե իշխանությունները չհասկանան իրենց առաքելությունը, իրենց անելիքները, դա կդառնա հասարակական-քաղաքական պահանջ։ Ակնհայտ է, որ իշխանությունները մինչ այս պահը իրենց առջև դրված խնդիրները չեն կարողացել լուծել», - ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։
Անդրադառնալով իշխանությունների սոցիալ-տնտեսական քաղաքականությանը՝ Սաղաթելյանը նշեց. «Երբ առաջին օրերին (կորոնավիրուսի բռնկման) իշխանությունները իրավիճակի գնահատականներ էին տալիս, օրինակ երբ վարչապետն ասաց, որ սա նոր հնարավորություններ է բացում Հայաստանի առջև, ես գրառում արեցի, որ հնարավորություններ բացվելու շանս չկա, պետք է ամեն բան անել նվազագույն կորուստներով իրավիճակից դուրս գալու համար։ Մինչև հիմա իրենց 14 միջոցառումներից շատ հստակ տեսնում ենք, որ ջանք կա, բայց դրանց արդյունավետությունը գնահատելու հարց կա, որի մասին ասել էինք մեր առաջարկությունների մեջ։ Հաշվի առնելով պետության սահմանափակ միջոցները՝ այդ ծրագրերը այնքան թիրախային և արդյունավետ պետք է լինեին, որ մեր հասարակությունը տեսներ։ Պետք է պարզապես հաշվի առնել այլ տեսակետեր, շփվել մարդկանց հետ։ Կյանքը ցույց է տվել, որ այդ ինքնահավան, «մենք ամեն ինչ գիտենք», «ժողովուրդը մեզ քվե է տվել» մոտեցումը սխալ է և ոչ մի բանի չեն տիրապետում»։
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ դաշնակցությունը վարչապետի թեկնածու առաջարկի՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի հասունացման ֆոնին, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ ակնհայտ է՝ առաջիկայում քաղաքական վերադասավորումներ լինելու են, սակայն դժվարացավ ներկայացնել հստակ դիրքորոշումներ, առաջարկություններ և լուծումներ, քանի որ այդ հարցն այս պահին դրված չէ, իսկ իշխանություններն այնքան հնարավորություններ են տալիս ընդդիմությանը, որ կարելի է ժամերով խոսել դրա մասին։
Լևոն Տեր-Պետրոսյանի վերջերս արված հայտարարությունների վերաբերյալ Սաղաթելյանն ասաց, որ Տեր-Պետրոսյանը անկեղծ չէր իր խոսքում և այդ հայտարությունն ուներ այլ հասցեատեր. «Եթե ինքն իրոք մտահոգված է երկրում ստեղծված իրավիճակով, պետք էր ամբողջապես ճիշտ հասցեատերերին դիմեր՝ այսինքն իշխանությանն ու իր շրջապատին։ Մամուլին կոչ է անում, բայց տեսնում ենք թե իր անմիջական ենթակայության տակ գտնվող մամուլը ամեն առավոտ ինչ ատելության քարոզ է անում։ Ցանկացած քաղաքական գործիչ հայտարարություն անելուց առաջ պետք է դրա համար լավ օրինակ եղած լինի։ Տեր-Պետրոսյանը պետական այրին վայել կեցվածքով աչքի չի ընկել հաճախ. 1992 թ. արտաքսեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցչին, երբ ՀՅԴ-ն իր ողջ ուժն ու կարողությունը տեղափոխել էր Արցախ, 1994 թ. կասեցրեց կուսակցությունը և փակեց մամուլը, իսկ 1991 թ. չընդունեց Արցախի ԳԽ ընտրությունը՝ ի դեմս Արթուր Մկրտչյանի՝ ով ՀՅԴ անդամ էր, այսինքն երկիրը գտնվում էր պատերազմի մեջ, իսկ իրենք քաղաքական հաշվարկներ էին անում։ Հետևաբար նման հայտարարություններ անելուց առաջ պետք է տեսնել, ունեն դրա իրավունքը, թե՝ ոչ։