Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Շարբել Վահբին չորեքշաբթի լքել է իր պաշտոնը Սաուդյան Արաբիայի հասցեին անբարյացակամ արտահայտություններից հետո: «Lebanon 24» լրատվական պորտալի համաձայն՝ Վահբին նախագահական պալատում հանդիպել է պետության ղեկավար Միշել Աունի հետ և նրան հանձնել պաշտոնանկության մասին նամակը:
Երեքշաբթի Սաուդյան Արաբիայի արտգործնախարարությունը Էր Ռիադում Լիբանանի դեսպանին գրություն է հանձնել, որում բողոքել է «Ալհուրա» հեռուստաալիքով հեռարձակված՝ Վահբիի վիրավորական արտահայտությունների դեմ: Գրության մեջ նշվում էր, որ նման հայտարարությունները «չեն համապատասխանում տարրական դիվանագիտական նորմերին և երկու եղբայրական ժողովուրդների պատմական հարաբերություններին»:
Երկուշաբթի հեռուստաալիքին տված հարցազրույցում Վահբին ակնարկել էր, որ Սաուդյան Արաբիան և Պարսից ծոցի որոշ երկրներ իբր աջակցում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորմանը և ահաբեկիչներին բերել են Իրաքի Նինուա և Անբար նահանգներ, սիրիական Պալմիրա քաղաք և Լիբանան:
Երեքշաբթի հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ նախարարի կարծիքը չի համապատասխանում պաշտոնական Լիբանանի տեսակետին Սաուդյան Արաբիայի և պարսիցծոցյան այլ բարեկամական պետությունների վերաբերյալ։
Ավելի ուշ Լիբանանի արտգործնախարարը Twitter-ում պաշտոնական ներողություն է խնդրել Սաուդյան Արաբիայից՝ երկիրը որակելով որպես «բարության և հաշտության թագավորություն»:
Վահբին նշանակվել է Լիբանանի արտաքին գործերի նախարարի պաշտոնում 2020 թվականի օգոստոսի 3-ին՝ իր նախորդ Նասիֆ Հիթիի պաշտոնաթողությունից մեկ օր անց: Նույն տարվա օգոստոսի 10-ին Բեյրութի ծովային նավահանգստում պայթյունի պատճառած ողբերգությունից հետո վարչապետ Հասան Դիաբի գլխավորած կաբինետը հրաժարական էր տվել: