կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-04 17:23
Աշխարհ

Հայտնի են Նոբելյան մրցանակի 6 դափնեկիրները

Հայտնի են Նոբելյան մրցանակի 6 դափնեկիրները

Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմում երեկ հայտարարվել են ֆիզիոլոգիայի եւ բժշկության ասպարեզում 2011 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրները:

 

Պարգեւը` 10 մլն շվեդական կրոն (1.4 մլն ԱՄՆ դոլար), շնորհվել է երեք գիտնականների` բնածին իմունիտետի ակտիվությանը վերաբերող հետազոտությունների համար։ Դափնեկիրներ են դարձել ամերիկացի Բրյուս Բյոթլերը, Լյուքսեմբուրգում ծնված, Ֆրանսիայի քաղաքացի Ժյուլ Հոֆմանը և կանադացի Ռալֆ Շտեյնմանը։ Պարգևատրման արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին։

 

Ռալֆ Շտեյնմանը, սակայն, սեպտեմբերի 30-ին կնքել է իր մահկանացուն: Նոբելյան մրցանակը հետմահու կարող է հանձնվել միայն այն դեպքում, երբ մրցանակակիրը կենդանի է եղել մրցանակի շնորհման պահին, բայց նա մահացել է մինչև դեկտեմբերի 10-ը` մրցանակի հանձնման ժամկետը: Այդ կանոնակարգը մտցվել է 1974 թվականին: Չնայած դրան` Նոբելյան կոմիտեն որոշել է մրցանակ շնորհել Ռալֆ Շտայնմանին:

 

Կանադացի գիտնականի գործընկերները Նյու Յորքի Ռոքֆելեր համալսարանից հայտնել են, որ իմունային համակարգի հետազոտությունը, որի համար գիտնականին շնորհվել է Նոբելյան մրցանակը, օգնել է նրան երկարաձգել իր իսկ կյանքը, ըստ որոշ գնահատականների` 4.5 տարով. տեղեկացնում է mignews.com-ը:

 

Հայտնի են նաեւ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները` ամերիկացիներ Սոլ Պերլմուտերն ու Ադամ Ռիսը եւ ավստրալացի Բրայան Շմիդտը: Դեռեւս 1998 թվականին գիտնականները հայտնաբերել են, որ տիեզերքն արագ ընդարձակվում է: Դա հնարավոր դարձավ հաստատել գերնոր Ia տիպի աստղերի շնորհիվ:

 

Իսկ քիմիայի բնագավառի Նոբելյան մրցանակի դափնեկիրները հայտնի կդառնան վաղը: