Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Կենտրոնական դիրքում հանդես եկող թուրք բասկետբոլիստ Էնես Քանթեր Ֆրիդոմը առաջադրվել է 2022 թվականի Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Բասկետբոլիստն այդ մասին հայտնել է Twitter-ի իր էջում։
«Ինձ համար մեծ պատիվ է առաջադրվել Խաղաղության Նոբելյան մրցանակի։ Երբեմն հստակ պաշտոնն ավելի կարևոր է, քան աշխատավարձը»,- գրել է Քանթերը սոցցանցում։
Նա հղում է կատարել The Atlantic-ի հոդվածին, որում ինքը խոսում է Չինաստանում մարդու իրավունքների խախտումների մասին, մասնավորապես՝ ույղուրների:
Քանթերը հայտնի է իր հակաէրդողանական հստակ դիրքորոշմամբ, նա նաև երբեմն հանդես է գալիս հայամետ գրառումներով: Այսպես՝ ինստագրամյան իր պաշտոնական էջում 2020 թ. դեկտեմբերին տեղադրել էր ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի առաջատար Հենրիխ Մխիթարյանին գրած նամակը և կոչ արել հայ ֆուտբոլիստին՝ համատեղ պայքարել բռնապետ Էրդողանի դեմ:
«Մանկության տարիներին լավագույն ընկերներիցս մեկը հայ էր, և ես շատ բան եմ սովորել նրանից ու նրա ընտանիքից: Կարիերայիս ընթացքում ու NBA-ում աշխատել եմ մարզիչների հայ օգնականների հետ, որոնք շատ օգտակար են եղել ինձ: Ես զգում եմ քո եւ ժողովրդիդ ցավը եւ աղոթում եմ բոլորիդ համար: Ցավ եմ զգում՝ տեսնելով, թե ինչպես են անմեղ մարդիկ դառնում վիրավոր կամ մահանում:
Ես համառ պայքար եմ մղել ու շարունակում եմ պայքարել Թուրքիայի խելագար վարչակազմի դեմ: Բռնապետ Էրդողանը չի կարող մեզ հաղթել, եթե մենք համախմբվենք ու միասնական գործենք: Այն, թե ինչպես է Էրդողանը գործում ոչ միայն քո երկրի, այլ մնացածի հետ, տհաճ է, հիասթափեցնող ու տխուր..»,- գրել էր Քանթերը: