կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-10-01 11:32
Առանց Կատեգորիա

Մարդուն սեղմես՝ երեւակայությունը կմեծանա

Մարդուն սեղմես՝ երեւակայությունը կմեծանա

«Սա ջրի կաթիլն է ջրի վրա: Մարդու աչքը սա չի կարող նկատել, որովհետեւ, երբ ջուրը կաթում է, կաթիլը մի քանի փուլով գլորվում, փոքրանում է, հենց այս կադրը շատ դժվար է ստանալ»: Այն, ինչով տարիներ ի վեր տարված է Ագրարային համալսարանի 21-ամյա ուսանող Նարե ՄԿՐՏՉՅԱՆԸ, շատ հեռու է իր ուսանած ապրանքագիտությունից:

 

Լուսանկարչության այս տեսակը՝ մակրոն, առնվազն Հայաստանում շատ տարածված չէ. «Ես չեմ ասի, որ միակն եմ Հայաստանում, բայց իմ չափ դեռ ոչ ոք չի խորացել»: Բացատրում է՝ կա միկրո լուսանկարչություն, երբ մանրադիտակով արվեստորեն նկարում են չափազանց փոքր նյութեր՝ միկրոբներ եւ այլն, կա մակրո լուսանկարչություն, երբ դրանցից մի քիչ ավելի մեծ նյութեր են նկարում արվեստորեն՝ ջրի կաթիլներ, կրակ, ծխի քուլաներ եւ այլն: Նարեինը մակրոն է. «Մակրոն միայն մարդու երեւակայությունից է կախված, որովհետեւ ամեն ինչ կարելի է այնպես ներկայացնել, այն լույսի տակ, այն անկյունից, որ հրաշալի տեսք ունենա, ու ոչ ոք չգուշակի, թե ինչ է: Մի փոքր բացահայտում եմ արել, որն ամբողջ աշխարհում դեռ չի կիրառվել: Այո, կարելի է ասել՝ փոքրիկ գաղտնիք է, միայն կասեմ, որ տարերքները իրար եմ խառնելու»:

 

Պատկերներն ստացվում են, ասում է՝ շատ բարդ տեխնիկական ջանքերի արդյունքում, պետք է որսալ միկրովայրկյանը. երբ, ասենք՝ ջրի կաթիլը կաթում է կամ երբ բեկվում է՝ բնական ֆոնին եւ միայն այդ վայրկյանի համար եզակի ռակուրսով: Ֆոտոշոփի ամենահաս օգնությանը չի դիմում, շատ հազվադեպ՝ թեթեւակի գունային շտկումներ անելու համար: Առաջին հայացքից կամ մինչեւ չասի՝ շատ դժվար է կռահել, թե խորհրդավոր պատկերն ինչի՞ արտացոլանքն է. ջրի մեջ օդի պղպջակների՞, ասեղի վրա ջրի կաթիլների՞, որոնց մեջ արտացոլված է երկրագունդը, առավոտյան ցո՞ղն է սարդոստայնի վրա:

 

Անհատական ցուցահանդես դեռեւս չի ունեցել, բայց Ժամանակակից արվեստի թանգարանում կազմակերպված՝ կանանց գործերի ցուցահանդեսում իր աշխատանքներից 3-ը ներկայացրել է: Մասնակցել է «Ջուր-ջուր» մրցույթին, ու. «Նկարներս անցան եզրափակիչ փուլ, բոլորի նկարներից մեկական նկար էր ընտրվել, իմ նկարներից՝ երկուսըե: Մինչ հարցազրույցը կհրապարակվեր, տեղեկացանք, որ «Բանկային եւ ապահովագրական առօրյան» ֆոտոմրցույթում գրավել է առաջին եւ երկրորդ մրցանակային տեղերը:

 

- Քեզ համար սովորական կյանքը հետաքրքիր չէ՞:

- Շատ հետաքրքիր է, հենց դա է օգնում զարգացնել մակրոն:

 

- Ես մարդկային կյանքը նկատի ունեմ, մարդկային հարաբերությունները:

- Շատ չեմ փորձել դա միացնել մակրոյին, բայց ունեմ գործեր, որտեղ կարելի է խորություն տեսնել հենց մարդկային հարաբերություններում:

 

- Հնարավորություններդ բավարա՞ր են այս գործով զբաղվելու համար:

- Ունեմ ստուդիա՝ թե՛ մակրո նկարելու եւ թե՛ մարդկանց ֆոտոսեսիաների բոլոր հարմարություններով: Բնականաբար, ծնողներս են ֆինանսավորել: Գիտեն, որ սիրում եմ, տեսնում են արդյունքները եւ օգնում են, որ նպատակիս հասնեմ: Ֆոտոյի նկատմամբ սերը հայրիկիցս է անցել, իսկ մայրիկիցս՝ արվեստի հանդեպ սերն ու երեւակայությունը. արդյունքները նկարներումս են:

 

- Որո՞վ ավելի շատ փող կաշխատես. եթե տնտեսագե՞տի գործդ անես, թե՞ սրանով:

- Որով էլ ուզեմ՝ փող կաշխատեմ, եթե մի բանի մեջ գլխովի մտնեմ, փող կաշխատեմ: Առաջիկայում նպատակ ունեմ արտասահմանում մի քանի անհատական ցուցահանդեսներ անել:

 

- Բրնձի վրա միկրոքանդակներ անող Էդուարդ Ղազարյանի արվեստը քեզ հետաքրքի՞ր է, երկուսդ էլ կարծես աշխարհին խոշորացված աչքով եք նայում:

- Հետաքրքիր է, բայց ընդամենը՝ հետաքրքիր: Իր պատկերները իրական ֆիգուր-կերպարներ են, իմ նկարներում իրական կերպար չկա. իրականությունից պոկած խորհրդավոր պատկերներ են:

 

- Մտածե՞լ ես, թե ինչու է հայերի մեջ պատկերային զգացողությունն այսքան ուժեղ: Աշխարհի որեւէ մասում եթե մի քանի հռչակավոր լուսանկարիչ է եղել, առնվազն մեկը հայ է եղել:

 

- Ինձ թվում է՝ հնուց է գալիս ու պայմաններից, որովհետեւ ինչքան մարդուն սեղմում են, նրա երեւակայությունն այնքան ընդարձակվում, վառ է դառնում: Երբ մարդուն սահմանների մեջ են դնում, նրա միակ ճախրելու վայրը երեւակայությունն է մնում: Դրա համար, հայերի երեւակայությանը ոչ ոք չի հասնի: Մակրոյում էլ ամենակարեւորը երեւակայությունն է, ամեն ինչին պետք է ուրիշ աչքերով նայել:

 

- Միայնակ մի քիչ դժվար է ուզածդ ռակուրսով պահել առարկան, պահը բռնացնել ու հասցնել նկարել. ոչ մեկին գործի չե՞ս դնում նկարելիս:

- Հիմնականում ես եմ անում՝ կոտորվելով, տանջվելով: Չնայած, շատ են օգնում ընկերներս, նրանցից մեկն արդեն մասնագիտացել է կաթիլների հարցում: Ով կողքս լինում է, օգնում է: Ծանոթ, անծանոթ շատ մարդկանց եմ գործի դրել:

 

- Անծանոթները երբեմն գժի տեղ չե՞ն դնում:

- Այն էլ՝ ինչքան, մտածում են` ի՞նչ է անում այս աղջիկը, էս ի՞նչ է նկարում: Ծովում նկարում էի, շշից թափվող ջուրը, հետեւում մայրամուտն էր, ամեն ինչ ամրացրել էի, վազելով գալիս էի, ջուրը բացում, հետ գնում, նկարում: Հայերը մի ժամ նայեցին, ոչինչ չհասկացան: Վերջապես մոտեցան, հարցրին` էս ի՞նչ ես անում: Ցույց տվեցի, որ կաթիլի մեջ մայրամուտն ու ամբողջ ծովն եմ նկարել, շատ զարմացան: Դժվարությամբ, բայց ի վերջո հասկացան:


- Դե մի քիչ էլ՝ ինչից ես դժգոհ:

- Եկեք լավ բաներից խոսենք, իմ նկարները դրական լիցք ունեն, դարդոտ նկարներ չեմ սիրում:

 

- Քո նկարած ծուխը լավ էլ դարդոտ զգացումներ առաջացրեց:

- Ծուխը հազվագյուտ երեւույթներից է, որ նկարելիս ոչ մի կադր մյուսին նման չի ստացվում, ու կարելի է նմանեցնել ամեն ինչի՝ կախված երեւակայությունից:

 

- Կինոյի մեջ մակրո եղանակով նկարած կադրեր օգտագործո՞ւմ են:

- Մարդիկ կան, որ ուսումնասիրում են, դանդաղեցնում են, հետազոտում են վիդեոյով, բայց դրա գեղեցկությունը եւ եզակի, միակ պահը որսալու հատկությունը կորում է, շատ է պարզանում: Կարելի է մի կադր նկարել, որը մի ամբողջ կինո արժե, դրա վրա է պետք տանջվել, որ ստանաս այդ կադրը:

 

Զրույցի այս պահին բացօթյա սրճարանի կողքով միայն կիսավարտիքով մի տղա էր անցնում. անսովոր էր, բայց թեմա բացվեց:

 

- Իսկ տղաների նկարներ անո՞ւմ ես:

- Հայ տղաները իրենց վրա ընդհանրապես չեն աշխատում: Ո'չ սպորտով են զբաղվում, ո'չ իրենց արտաքինով, ո'չ ոճով, ո'չ էլ իրենց ներքինն են զարգացնում: Իսկ նկարելիս ամենակարեւորն այն է, որ իմ աչքին հաճելի լինի:

 

- Աղջիկներն այդ ամենով զբաղվո՞ւմ են:

- Աղջիկներն էլ՝ չէի ասի, որ զբաղվում են, հիմնականում մեյք-ափով են զբաղվում: Բայց աղջիկների մեջ ավելի մեծ ձգտում կա գեղեցիկ լինելու: Չգիտես ինչու, տղաները մտածում են` ինչքան փորով, ինչքան թրաշով, ինչքան երկար, ֆենած անդուր մազերով, ինչքան ծխող ու դրսում պպզած՝ այնքան գրավիչ են: Կարդալն ընդհանրապես վերջին պլան է մղված, ու արդեն ոչ ոք չի էլ ամաչում, որ ինքը գիրք չի կարդում: Կա կորիզ, շատ քիչ երիտասարդների մի խումբ, որն իսկապես սովորում է, գրքերով, ինտերնետով՝ ամեն տեսակի գիտելիք է ստանում, ամեն ինչով հետաքրքրվում է: Բայց իրենց վատն էլ այն է, որ ձգտում են արտասահման գնալ: Այդ մասսան այստեղ չի մնա, իրենք չեն ուզում, որ իրենց երեխաներն այստեղ մեծանան:

 

Հարցազրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ