Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Թուրքիան և Ադրբեջանը, ատամները սրած, սպասում են ռուս-ուկրաինական պատերազմում Ռուսաստանի պարտությանը, որպեսզի անարգել հարձակվեն Հայաստանի և Արցախի վրա: Փաստորեն, իրականացավ քաղաքական վերլուծաբանների այն պնդումը, որ եթե Ռուսաստան-Ուկրաինա պատերազմը շարունակվի, ապա Ադրբեջանը կսկսի հող նախապատրաստել իր հեռահար նպատակներին հասնելու համար: Հաշվի առնելով անցնող շաբաթվա ընթացքում Ադրբեջանի տարածած ապատեղեկատվությունը, ինչպես նաև Խրամորթ գյուղում կատարված իրադարձությունները՝ ակնհայտ էր, որ Բաքվի բռնապետը ինչ-որ գործողություններ է նախապատրաստում: ՀՀ և Արցախի պաշտպանական գերատեսչությունները հայտնում են, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան, իսկ Արցախում՝ Խրամորթի ուղղությամբ թշնամին ակտիվացել է:
Yerkir.am-ի հետ զրույցում ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը նշում է՝ հստակորեն չենք կարող պնդել, թե հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակն ամբողջությամբ կապված է ռուս-ուկրաինական պատերազմի հետ, քանի որ, մինչև պատերազմը, սահմանային լարումներ միշտ էլ եղել են:
«Մյուս կողմից՝ Ուկրաինայում ընթացող պատերազմը Հայաստանի անվտանգության համար մեծ ռիսկեր է պարունակում: Որքան պատերազմը երկար տևի, ինչպես նաև պատերազմի հետևանքով ստեղծված անորոշությունը շարունակվի, այնքան ռիսկերն էլ ավելի կմեծանան»,- ասաց Կ. Վրթանեսյանը:
Քաղաքագիտական շրջանակների պնդմամբ՝ այն, ինչ այսօր կատարվում է, դրա մեջ իր հստակ դերակատարությունն ունի Թուրքիան: Պատմությունը կրկնվելու սովորություն ունի. Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, երբ դեռ պարզ չէր՝ սովետական զորքերը կհաղթե՞ն Ստալինգրադի ճակատամարտում, թե՞ ոչ, Թուրքիան Այսրկովկասում սկսել էր երկրորդ ճակատ բացելու նախապատրաստական աշխատանքները: Կա՞ վտանգ, որ Թուրքիան կարող է այսօր ևս նույն տրամաբանությամբ շարժվել։ Ըստ փորձագետի՝ դա կախված է նրանից, թե միջազգային լարվածությունը և անորոշությունը որքան կշարունակվի, և չի բացառվում, որ Թուրքիան գնա մի շարք արկածախնդրությունների:
«Թուրքիան կգնա արկածախնդրության, թե՝ ոչ, դա կախված է մի շարք հանգամանքներից: Կան նաև այնպիսի հանգամանքներ, որոնց մասին մենք պատկերացում չունենք: Բայց հստակ չենք կարող ասել՝ պատերազմի շարունակվելու դեպքում Թուրքիան մեր տարածաշրջանից երկրորդ ճակատ կբացի՞, թե՞ ոչ, բայց որ ռիսկեր կան, դա փաստ է»,- եզրափակեց Կարեն Վրթանեսյանը:
Հիշեցնենք՝ ադրբեջանական գնդակոծություններից ժամեր առաջ պաշտոնական Երևանը հայտարարություն էր տարածել, թե Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը Հայաստանի օրակարգային առաջնահերթյուններից է:
Լենա Կարապետյան