Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր մարդկային արժեքները փոխվել են, խաթարվել է արժեքային ընդհանուր համակարգը: «Չկան այն հնարավորությունները, որոնց միջոցով մարդը կկարողանա դուրս գալ ճգնաժամային իրավիճակից»,- նարեկաբույժ, հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանի հետ «Արժեքների կորստից մինչեւ սոցիալական աղետ» թեմայով բանավեճի ընթացքում ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:
Ըստ նրա` վերջին շրջանում ինքնասպանությունների մեծ մասը սոցիալական խնդիրների պատճառով է կատարվում, բացի այդ` հասարակական եւ քաղաքական ինստիտուտների թերացումների արդյունքում են շատանում ինքնասպանությունները:
Այս իրավիճակից դուրս գալու համար հոգեթերապեւտ Արմեն Ներսիսյանն առաջարկեց նարեկաբուժությունը: «Նարեկացին ասում է, որ մարդը քարացել է, անտարբեր է դարձել իր անձի նկատմամբ, եւ այդ ժամանակ է, որ նա արժեզրկվում, իջնում է ավելի «բուսական» մակարդակի, ինչն էլ նրան կարող է մահվան հասցնել: Խոսքի միջոցով է, որը մարդը կարողանում է վերակենդանանալ, նա միշտ պետք է ստանա բարություն, կենսուրախություն, լավատեսություն, հավատ` դպրոցում, ընտանիքում, ինչպես նաեւ ֆիլմերի միջոցով, քանզի այսօրվա անորակ ֆիլմերը թունավորում են մարդուն, եւ նա անկախ իր կամքից կրկնօրինակում է այդ հերոսներին, ինչն առավել նկատելի է հատկապես երեխաների մոտ: Ես առաջարկում եմ լուծում՝ նարեկաբուժությունը»,- ասաց նա:
Հ. Խառատյանը, սակայն, հակադրվեց հոգեթերապեւտին` ասելով, որ Հայ առաքելական եկեղեցին ոչինչ չի անում այս մեղավոր վիճակից ժողովրդին հանելու համար` ի պատասխան լսելով, որ մարդն ինքը պետք է ձգտի հոգեւորի:
Ա. Ներսիսյանը նշեց դեպքեր, երբ 10-12 տարեկան երեխաների մի խումբ` «Նարեկ»-ից հատվածներ լսելուց հետո, զղջացել է վատ արարքների համար, 70-80 տարեկան անառողջ մարդիկ էլ «կյանքով են լցվել»: «Սա իմ տասնհինգ տարվա ուսումնասիրությունն է, որի արդյունքում ես համոզվել եմ, որ «Նարեկ»-ը բարիացնում, ճիշտ ուղու վրա է դնում մարդկանց»,- ասաց նա` կարեւորելով ճշմարիտ հավատի դերը, որն էլ նա համարում է Հայ առաքելական եկեղեցին, իսկ դրանից շեղվող բոլոր կրոնական ուղղությունները` աղանդ: