Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ոստիկանապետ Ալիկ Սարգսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց, որ վերջին շրջանում ծանր հանցագործություններ ծրագրած ու կատարած բանդան այս պահին ամբողջությամբ ձերբակալված է, եւ դրանում որեւէ պաշտոնյա կամ ոստիկանական համակարգի նախկին աշխատող ներգրավված չէ:
Նրա խոսքով` ոստիկանությունը երբեւէ չի հայտարարել, որ իբր պաշտոնատար անձինք կամ նրանց հարազատները ներգրավված են բանդայի կազմում: Այդ եզրակացությունները նա վերագրեց լրատվամիջոցներին:
«Քանի որ որոշ պաշտոնատար անձանց երեխաներ որոշակի` չակերտավոր կապ են ունեցել կամ ուղղակի ճանաչել են այդ մարդկանց, անմիջապես ենթադրում են, որ բանդայում պաշտոնյաներ են ներգրավված: Այդպիսի բան չկա: Պաշտոնապես հայտարարում եմ` մինչեւ այս պահը որեւիցե պաշտոնյա բանդայի կազմում ներգրավված չէ եւ որեւիցե առնչություն չունի: Տարբեր մարդկանց անուններ կարող են հնչել, որ զանգել են, կամ էսինչ մարդուն մի անգամ տեսել են էսինչի հետ հաց ուտելուց: Սա նշանակում է, որ նա բանդայի անդա՞մ է»,- տարակուսեց ոստիկանապետը:
Նրա փոխանցմամբ, ոստիկանությունն արդեն պարզել է, թե ովքեր են խմբի ղեկավարները:
«Հիմնական ղեկավարները երկուսն են` մեկը ավելի շատ «ուղեղն» է, որը խորհուրդ է տվել` ինչ անեն, ոնց անեն, մյուսը ավելի շատ բռնության կողմնակիցն էր` ծեծող-ջարդող, ուժ ներկայացնող: Մնացածը սովորական մասնակիցներ են»,- նշեց Ալիկ Սարգսյանը` հավելելով, որ բանդայի ներսում ավազակային հարձակման համար բազմաթիվ անգամ դատապարտվածներ կան:
Նա վստահեցրեց, որ հայտնի չորս դեպքերով էլ հանցագործությունը կատարվել է այս խմբի կողմից: Մարդկանց տնից տարել են ոսկեղեն, գումար եւ վերջին դեպքում` նկարներ: «Շուտով ես ձեզ կներկայացնեմ, թե տվյալ տեղից տարված ոսկեղենը, գումարը կամ լուսանկարներն ինչպես է բաժանվել հանցագործների մեջ: Սա վերջացած խումբ է, էս խումբը ուղղման ենթակա էլ չի, իմ կարծիքով»,- նշեց ոստիկանապետը` հավելելով, որ բացի վնասակար գործունեություն ծավալելուց, բանդայի անդամներն այլ գործունեություն չեն ծավալել:
Ինչ վերաբերում է «Գառնի Սուրիկի լավաշ» ընկերության ղեկավար Ս. Հակոբյանի որդուն` հանցավոր խումբը կազմելու եւ ղեկավարելու մեղադրանքով կալանավորված Արտուշ Հակոբյանին, ապա ոստիկանապետը հավաստիացրեց, որ ձերբակալվածը հանցագործ աշխարհի կարկառուն դեմք է: «Բոլորն են նրան ճանաչում, շատ հնարավորություններ ունի, շատ բաների ա տիրապետում` ի տարբերություն հանցագործ աշխարհի շատ ներկայացուցիչների: Ինքս անձամբ ճանաչում եմ Լավաշի Սուրիկին, բայց ինչ կգրի թերթում իր զավակի մասին, ինձ առանձնապես չի հետաքրքրում», - նշեց Ալիկ Սարգսյանը` հերքելով մամուլում շրջանառվող լուրերը` իբր նրա ձերբակալությունը կապ ունի բիզնեսի հետ. «Էդ տղային երբեւիցե մեկը բիզնեսի համար չի մեղադրել, ընդհակառակը, մենք կողջունենք, որ հանցագործ աշխարհի նախկին ներկայացուցիչները, ովքեր մի քանի անգամ դատապարտված են եղել, զբաղվեն բիզնեսով, փող աշխատեն, մարդկանց ունեցվածքին աչք չգցեն ու տեռորի ենթարկեն ամբողջ մի ազգաբնակչության»: