կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-09-20 19:10
Իրավական

Իրական և ոչ իրական բանդան

Իրական և ոչ իրական բանդան

2011թ. սեպտեմբերի 23-ն էր, սովորական աշխատանքային օր: Վաղ առավոտից մարդիկ շտապում էին, շտապում էին բոլորը' ուսանողները, աշակերտները, բանվորները, ոստիկանները... Մայրաքաղաքում, թվում էր, ամեն բան ընթանում է բնականոն հունով, բայց...

 

Մի քանի կրակոց, մի քանի խուզարկություն, և ոստիկանության բնորոշած` առանձնակի հանդգնությամբ աչքի ընկնող ու լավ կազմակերպված ավազակային խումբը վնասազերծված էր: «Բանդա»`  այսպես որակվեց մի շարք պաշտոնատար  անձանց տներ թալանած խմբավորումը, որի պատմությունը երկու տարի անց թղթին պետք է հանձներ մեր երկրի քրեական կենսագիրը` գրող Սերգեյ Գալոյանը:

 

Քրեագետն իրավացիորեն նկատում է, որ այս գործում դեռ շատ «չբացված ծալքեր» կան` բացահայտման արժանի փաստեր, իրողություններ, որոնք կարող են լույս սփռել երկու տարի ձգձգվող քրեական գործի վրա: Թվում է, թե երկու տարին բավական ժամանակ է` տուժողների տներից գողացված իրերը (հիմնականում` ոսկյա զարդեր, գումար)  հայտնաբերելու համար, սակայն պարզվում է, որ մինչ այժմ  «բանդայի գործով» հայտնաբերված և գործին կցված միակ «իրեղեն» ապացույցը տուժածներից մեկի տանից գողացված օծանելիքն է:

 


Շատ բան չի փոխվել այս երկու տարիների ընթացքում: Զավեշտի նմանվող դատավարություն, որը, բացի նյարդային կորուստներից և հոգեկան լարվածությունից, ոչինչ չի տալիս կողմերին: Տուժողները  պնդում են, որ չեն ճանաչում ամբաստանյալներից որևէ մեկին, կամ պարզապես հայտնում, որ նրանց տեսել կամ նրանց մասին լսել են հեռուստացույցով: Դատակոչված վկաները չեն ներկայանում և այլն:

 

Սակայն միապաղաղ հունով ընթացող դատավարությունը փոխեց իր ընթացքը, երբ կալանավայրից ստացվեց «բանդայի գործով» ամբաստանյալ` 41-ամյա Արման Դալաքյանի մահվան լուրը: Արմանը մի քանի հիվանդություններ ուներ, բուժվում էր, մահվան օրն իրեն վատ էր զգացել, շտապօգնություն կանչելուց 10 րոպե անց` մահացել: Սա թերևս ամբաստանյալի մահվան նախնական պաշտոնական կծկտուր վարկածն է: Սակայն Արմանի մայրն այլ բան է ասում: Նրա խոսքով` Արմանին ձերբակալել են` նրա  գրպանը գաղտնի ձևով թմրանյութ  գցելով: Այդ մեղադրանքով էլ տարել են ոստիկանական բաժանմունք: Ապա նրան պարբերաբար ծեծել են, ստիպել, որ մեղքը վերցնի իր վրա, ասել են` ընտանիքիդ էլ քեզ մոտ կբերենք: Մայրը չգիտի, թե որտեղից է Արմանը դանակ  գտել ու իրեն վնասել, որից  հետո նրան տեղափոխել են հիվանդանոց ու վիրահատել: Ըստ նրա` հենց դա էլ դարձել է որդու մահվան պատճառը:

 

Սակայն Արմանի մահը թերևս «բանդայի» միակ կորուստը չէ: Դեռևս 2011թ. սեպտեմբերի 23-ին ավազակային խմբի վնասազերծման ժամանակ մահացել էր, մեղադրական եզրակացության համաձայն, խմբի  կազմակերպիչներից մեկը` Գուրգեն Հայրապետյանը: Վերջինիս մահվան փաստը ոստիկանությունը նկարագրեց  այսպես. «Փախուստի դիմած անձանցից մեկը, բարձրանալով Մյասնիկյան պողոտայի հարակից բլրի վրա, ուղղահայաց ժայռից վայր ընկավ և մահացավ»:

 


Նշենք, որ Արմանի մահվանից հետո Կենտրոնի դատարանում այս  գործով գումարված 3 նիստերը տարբեր պատճառներով չեն կայացել: Նիստերից մեկը հետաձգվել է ամբաստանյալ Դավիթ Գալստյանի ինքնավնասման պատճառով, հաջորդը` մեկ այլ ամբաստանյալ` Քյարամ Ամոյանի բոյկոտի, իսկ երրորդ' այսօրվա նիստը` պաշտպան Հովիկ Արսենյանի բացակայության:

 


Թեև բանդայի վնասազերծման պահից ի վեր լուրեր են շրջանառվում, թե ձերբակալվածների մեջ կան պաշտոնյաների զավակներ, սակայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանը դեպքից մեկ շաբաթ անց հերքեց այդ փաստը` նշելով, որ նրանից քիչ թե շատ հայտնի է լուրջ հանցագործ, նախկինում մի քանի անգամ դատապարտված Արտուշ Հակոբյանը, ում անունը կապվում է լավաշի արտադրության հետ: Խոսքը «Գառնի-Սուրիկ» լավաշի արտադրությամբ զբաղվող ընկերության սեփականատեր Սուրիկ Հակոբյանի որդու մասին է:

 


«Իմ եղբայրը ուրիշից խլելու սովորություն չունի, նա իր եղածն է տալիս ուրիշին, նա դրա կարիքը չուներ, որովհետև ապահովված մարդ էր, ուներ աշխատանք, ամեն ինչ»,- yerkir.am-ի հետ զրույցում ասաց  Արտուշ Հակոբյանի քույրը' Անահիտ Հակոբյանը: Նա պնդում է , որ իր եղբայրը կապ չունի որևէ խմբավորման հետ, իսկ իրական բանդայի հետևում կանգնած են այլ անձինք: «Եթե այս ամենի վերջը չգա'  ես դիմելու եմ եվրոպական կառուցներին, թող բոլորն իմանան մեր երկրի իրական դեմքը»,- հուզմունքը չթաքցնելով` արտահայտվեց ամբաստանյալի քույրը` միաժամանակ նշելով, որ իր եղբոր նկատմամբ կիրառված ապօրինությունների համար դիմել է ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին, նախկին դատախազ Աղվան Հովսեփյանին, ինչպես նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին, սակայն մինչ այժմ որևէ մեկից պատասխան չի ստացել:

 


Հակոբյանի կինն էլ` տիկին Մարինան, ով երկու տարի քննվող գործի ընթացքում երբևէ լրագրողների հետ չի խոսել գործի մասին, այսօրվա  նիստի հետաձգումից հետո բարձրաձայնեց իր մտահոգությունները: Ըստ նրա' 52-ամյա իր ամուսինը, ով ունի մեծ շրջապատ, երեխաներ, թոռներ, խնամի, երբեք իրեն թույլ չէր տա հարուստի տներ թալանելը:«Ինչու՞ են մարդիկ միայն այս պատմության վատ կողմերը տեսնում: Ասում են, որ իմ ամուսինը մի քանի անգամ դատված է եղել, բայց չեն ասում, թե ինչու է ժամանակին նա դարձել քրեական աշխարհի ներկայացուցիչ»,- ասաց նա:

 


Արտուշ  Հակոբյանի  հեղինակության և համբավի մասին yerkir.am-ի հետ զրույցում պատմեց նաև քրեագետ Սերգեյ Գալոյանը:
«Արձանագրություններում  ասվում է, որ հայտնաբերվել է խաղաթղթեր, բիժուտերիա,  սակայն դրանք այնպիսի զարդեր են եղել, որ անգամ աղքատ աղջկան տայիր` կնեղանար: Ամոթ կլիներ, եթե նման բիժուտերիա լիներ Արտուշենց տանը»,- ասաց քրեագետը և հավելեց, որ Արտուշ Հակոբյանի կենսագրության մեջ այնպիսի դրվագներ կան, որոնք շատերը չեն էլ կարող պատկերացնել: Նրա խոսքով' Արտուշ Հակոբյանն այն մարդն է, ով Շավարշ Կարապետյանի հետ 1976-ին Երևանյան լճում վթարված տրոլեյբուսից  մարդ էր դուրս բերում:

 


Գալոյանը նույնպես այն կարծիքին է, որ ձերբակալված տղաներն իրական մեղավորները չեն, քանի որ մինչ այժմ որևէ մեկը չի ընդունել մեղքը, և որևէ գույք կամ գումար տուժածներին չի վերադարձվել: «Չեմ կարծում, որ նման պարագայում  գողերը  սխալ թույլ չտային, անշուշտ, կլինեին վրիպումներ, բայց  Արտուշը խելոք,  կարդացած տղա է, նա այդ քայլին չէր գնաԻսկ այն հանգամանքը, որ Արտուշը քրեական կենսագրություն  է ունեցել դեռ չի նշանակում, որ այս հանցագործությունն էլ է նա կատարել»:

 

Իսկ թե ինչու է  Արտուշ Հակոբյանը ժամանակին  դարձել քրեական աշխարհի ներկայացուցիչ, yerkir.amի տեսանյութում պատմում է «բանդայի գործով» գլխավոր մեղադրյալի կինը` տիկին Մարինան, իսկ մյուս տեսանյութում` Արտուշի քույրն է պատմում եղբոր մասին: 

 

Թագուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ