կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-26 18:07
Քաղաքական

ՀՀ նախագահի այցը` Լոս Անջելես

ՀՀ նախագահի այցը` Լոս Անջելես

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 24-ին աշխատանքային այցով մեկնել է Լոս Անջելես:

 

Հանրապետության ղեկավարը Մոնտեբելլո քաղաքում գտնվող Հայոց ցեղասպանության հուշահամալիրում ծաղկեպսակ է դրել Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող կոթողին, ծառ տնկել հիշատակի պուրակում:

 

Հաջորդ օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ կենտրոնական բանկի և Հայաստանի բանկերի ընկերակցության կողմից կազմակերպված տնտեսական համաժողովի բացմանը, որին մասնակցել են Հայաստանի և Կալիֆոռնիայի գործարար համայնքի ներկայացուցիչներ: Համաժողովի մասնակիցներին ուղղված իր խոսքում նախագահը կարևորել է Սփյուռքի ներուժի լիարժեք օգտագործումը՝ ի նպաստ Հայաստանի տնտեսության զարգացման և Հայաստանի Հանրապետության հզորացման:

 

Սերժ Սարգսյանի խոսքով` Հայաստանի անկախացումից ի վեր եղել են և՛ ձեռքբերումներ, և՛ բացթողումներ: Խոսել միայն բացթողումների մասին, ըստ Հանրապետության ղեկավարի, նշանակում է պատասխանատվությունը սեփական ուսերից գցել ուրիշի ուսերին: Լոս Անջելեսում Սրբոց Ղևոնդյանց նորակառույց առաջնորդանիստ եկեղեցում նախագահ Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել պատարագին, որը համատեղ մատուցել են Հայ Առաքելական եկեղեցու Արևմտյան Ամերիկայի թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանն ու Կիլիկիո կաթողիկոսության նույն թեմի առաջնորդ Մուշեղ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը:

 

Եկեղեցուն հարակից առաջնորդարանի կենտրոնում այնուհետև տեղի է ունեցել ընդունելություն, որտեղ հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել նաև թեմական խորհրդի ներկայացուցիչների և ԱՄՆ-ի արևմտյան ափում բնակվող հայազգի բարերարների հետ: Նույն օրը Սերժ Սարգսյանը մասնակցել է «Ամերիա» խմբի ներկայացուցչության բացման արարողությանը:

 

Նախագահի մամլո գրասենյակից տեղեկացնում են, որ Լոս Անջելեսում Սերժ Սարգսյանը ներկա է գտնվել Հայաստանի Հանրապետության գլխավոր հյուպատոսության նոր շենքի բացման արարողությանը ևս:

 

Սեպտեմբերի 25-ի երեկոյան նախագահ Սերժ Սարգսյանը Լոս Անջելեսում մասնակցել է ՀՀ անկախության 20-ամյակին նվիրված տոնական ընդունելությանը: Իսկ մինչ այդ հանրապետության ղեկավարը հանդիպում է ունեցել աշխարհահռչակ օպերային երգիչ Պլասիդո Դոմինգոյի հետ: