կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-07-08 12:35
Մշակույթ

Ֆիլմ` ԽՍՀՄ ամենաուշագրավ հանցագործներից մեկի մասին

Ֆիլմ` ԽՍՀՄ ամենաուշագրավ հանցագործներից մեկի մասին

«Ոսկե ծիրան» կինոփառատոնի «Հայկական համայնապատկեր» անվանակարգի վավերագրական ֆիլմերի ցանկում ներկայացված է նաեւ Մարատ Սարգսյանի «Հայրը» ֆիլմը:

 

Լրագրողների հետ զրույցում Սարգսյանը նշեց, որ ֆիլմի հերոսը հայր է, որի կերպարը փորձում է ներկայացնել ընտանիքի միջոցով: Ֆիլմի հերոսը` Վիդաս Զենոնաս Անտոնովասը, 74-ամյա տարօրինակ ծերուկ է` հանցագործ անցյալով. եղել է կալանավայրում, իսկ այսօր փորձում է իր պապի հետ մրցության դուրս գալ. պապը 18 երեխա ուներ, իսկ հերոսը 11-րդ երեխան ունեցավ, երբ 71 տարեկան էր: Ռեժիսորի ներկայացմամբ` Անտոնովասը, երբ մի անգամ նրան տարել են գողության տեղը ցույց տալու, կտրել է ձեռնաշղթան եւ փախել, ինչի համար էլ նրան կոչում են «կնքահայր»:

 

«Ֆիլմը միայն հոր մասին չէ, այլ` հոր եւ զավակների: Ֆիլմի առավելություններից մեկն այն է, որ ֆիլմում չեմ փորձել իմ գնահատականը տալ, միայն ֆիքսել եմ այն, ինչ կատարվում է իրենց բնակարանում: Սա իմ առաջին վավերագրական ֆիլմն է, եւ մենք մշակել էինք կանոններ` լավ ֆիլմ ստանալու համար. մենք ուղղակի գտնվում էինք այդ ընտանիքի մեջ եւ անգամ 2-3 ամսվա մեջ հասանք նրան, որ նրանք այլեւս մեզ չէին նկատում»,- ասաց Սարգսյանը` հավելելով, որ անգամ չգիտեին` երբ են նկարել, երբ` ոչ, վերջում 80 ժամից մնաց 1 ժամ:

 

Սարգսյանի տեղեկացմամբ` Լիտվիայում ֆիլմը շատ վատ արձագանքների է արժանացել, քանի որ տեղի կինոքննադատներն ասում էին, որ նսեմացվել է մոր կերպարը, եւ ողջ ուշադրությունը հոր վրա է սեւեռվել: Սակայն, ռեժիսորի հավաստմամբ, Եվրոպայում շատ դրական արձագանքներ են եղել, եւ ֆիլմը մասնակցել է մի շարք կինոփառատոների:

 

yerkir.am-ի հարցին` հերոսը հեշտությա՞մբ է համաձայնել հանդես գալ ֆիլմում, քանի որ, սովորաբար, նման անցյալ ունեցող անձինք խուսափում են իրենց մասին խոսել, ռեժիսորը պատասխանեց` այո, չնայած իր մտավախությանը` Անտոնովասը հեշտությամբ է համաձայնել, քանի որ հենց սկզբից հավատացել է իրեն:

 

«Լրագրողները նրա մոտ հաճախ էին գալիս եւ նրան դարձրել էին շոուի մաս, եւ ես վախենում էի, որ նա չի համաձայնի: Սակայն ֆիլմի մեջ իր անցյալի մասին շատ բան չեմ ներկայացրել` ընդամենը մի փոքրիկ դրվագ, եւ շեշտն ավելի շատ դրել եմ կյանքի հանդեպ նրա մոտեցման վրա: Նա հավատաց ինձ. դա էր միակ պատճառը, որ ինձ կեսից դուրս չվռնդեց իր տնից»,- ասաց Սարգսյանը:

 

Նա նշեց նաեւ, որ ֆիլմի պրեմիերային հերոսը ներկա է եղել եւ, երբ բեմ է բարձրացել, սկսել է արտասվել ու ասել, թե ինքը երբեք չի պատկերացրել, որ իր ընտանիքը կարող են այդպես ներկայացնել:

 

Ըստ ռեժիսորի` Անտոնովասի ընտանիքն ապրում է ուրիշ մտածողությամբ, եւ նրանք ավելի «վայրենի» են. «Լինում էին դեպքեր, որ այլեւս չէինք դիմանում եւ ստիպված էինք լինում հավաքել մեր իրերը եւ ինչ-որ ժամանակով ուղղակի դադարեցնել նկարահանման աշխատանքները: Տանը շատ բարդ իրավիճակ էր, բայց ես չեմ կարող ասել, որ երեխաները երջանիկ չէին, չնայած շատ կոպիտ էին նրանց հետ շփումներում»: