Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մեր շենքի հարեւանությամբ երկու օր առաջ մարդ են սպանել: Մարդասպանը քիք բռնցքամարտի Եվրոպայի չեմպիոն էր: Իրենից մի քանի անգամ թույլ երիտասարդին չեմպիոնը սպանել էր դանակով սրտին հասցված ուղիղ հարվածով: Եվս մեկին նույն դանակով ծակել էր սրտի շրջանում: Հարազատներն անկեղծորեն սարսափած են` ոստիկանությունը չի հավատա, որ չեմպիոնն է մարդասպանը, որովհետեւ նրա բռունցքի մեկ-երկու հարվածն էլ բավական էր, որ հոխորտացող երիտասարդներն առնվազն մի քանի ժամով լռեն նոկաուտի էֆեկտով:
Ես նույնպես երկու օր մտածեցի, թե ինչն է պատճառը, որ ամեն ինչ ավարտվել է դանակահարությամբ: Ի վերջո, գլխի ընկա: Եվ դրան գրեթե ոչնչով չօգնեց փաստը, որ վեճի պատճառն աղջիկ էր: Բանն այն է, որ չեմպիոնը հանցանքի վայր է եկել «Գրանդ Չերոկի Ջիփ» մակնիշի մեքենայով: Իսկ երբ մարդը ինտելեկտուալ մեծ բազա չունի, ի վերջո, նույնանում է շքեղության իր պատկերացումների եւ ձեռքբերումների հետ: Նա քիք բռնցքամարտիկ է. առավելագույնը, որ կարող է աշխատացնել միտքը, այն ուղղությամբ է, թե ինչպես հարվածի մրցակցին, որ տեղից վեր չկենա: Մրցության մեջ կան խաղի կանոններ, որոնք հնարավոր չեմպիոնին թույլ չեն տալիս սպանել մրցակցին, թեպետ հաճախ դա էլ չի բացառվում: Այսպիսով, մեր չեմպիոնը տեղեկացել է, որ իր ընկերուհուն «բան են ասե»: Կամ «շնորհիվ» այդ տղաներից մեկի աղջիկն իր ձեռքից գնում է: Բան ասողներն իր տարիքի մարդիկ են: Չեմպիոնը նստել է «Գրանդ Չերոկի Ջիփ» մակնիշի մեքենան ու եկել է բան ասողների մոտ: Սրանք չեն էլ ենթադրել, որ գործ ունեն քիք բռնցքամարտի չեմպիոնի հետ: Ի վերջո, չեմպիոնն էլ տեղ չի թողել, որ տղաները զգաստանան առաջին իսկ բռունցքի հարվածից, որովհետեւ անմիջապես ձեռքն է առել դանակը ու գործի դրել:
Ինչո՞ւ է, ի վերջո, դանակով լուծել «անլուծելի» թվացող հարցը: Մի քանի պատճառ կա` աղջիկն իսկապես գնում է նրա ձեռքից, եւ ուրիշին ծեծելով` չես վերադարձնի նրան: Որքան էլ քիք բռնցքամարտիկը ծեծի մրցակցին, նա մի քանի օրից խելքի է գալու: Ուրեմն, աղջիկն այսպես թե այնպես հեռանալու է, քանի դեռ մրցակիցն ապրում է: Երկրորդ պատճառն այն է, որ չեմպիոնին ափերից հանել է այն փաստը, թե մի կիսավեր տնակի մոտ կանգնած երկու երիտասարդն ինչպես են հոխորտում մարդու վրա, որն իր նստուքի տակ «Գրանդ Չերոկի Ջիփ» մակնիշի մեքենա ունի: Այսինքն` մեքենան պետք է իր փոխարեն բարեխոսեր, որ կիսավեր տնակի մոտ կանգնած ջահելիկները հանգիստ թողնեին աղջկան, որովհետեւ աղջիկն, ի վերջո, իրենն է շնորհիվ այդ մեքենայի: Մեքենան պետք է բավարար լիներ, որ տղաները ոչ միայն չհոխորտային, այլեւ մոռանային աղջկան:
Մինչդեռ այդպես չէ: Տղաներն հոխորտում են, իսկ աղջիկը «հինգ պակաս» իրենը չէ: Հասկանո՞ւմ եք` մեքենան կա, մինչ աղջիկը չկա: Հենց դա էլ չեմպիոնին թելադրել է հարցերը լուծել դանակով: Այնպես չէ, որ սպանելու մտադրություն է ունեցել, բայց հեղինակության կորուստն իր գազանություններն է թելադրում: Եթե նրա նստուքի տակ չլիներ «Գրանդ Չերոկե Ջիփ» մակնիշի մեքենան, ավելի ճիշտ` եթե իր ինտելեկտուալ բազան չեմպիոնը կարողանար տարանջատել նստուքի տակ գտնվող այդ հեղինակավոր մեքենայից, հավանաբար գործ կունենար այլ աղջկա հետ, իսկ մեքենան էլ չէր թելադրի դեպքերի հետագա ընթացքը:
Սեյրան Հանոյան