Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
2008թ. սեպտեմբերին, երբ ՀՀԿ վարչությունը որոշում ընդունեց ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրել Հովիկ Աբրահամյանին, Սերժ Սարգսյանը դա բացատրեց ԱԺ հեղինակությունը բարձրացնելու անհրաժեշտությամբ: Այդ խնդրի լուծման նկատառումով էլ իրականացվեց Աբրահամյանին՝ նախ ԱԺ պատգամավոր, ապա նաև նախագահ կարգելու երկարատև օպերացիա, որին «զոհ գնաց» խորհրդարանի նախկին խոսնակ Տիգրան Թորոսյանը:
Երեք տարի անց, ահա, ՀՀԿ-ն, կամ ավելի ճիշտ՝ նախագահ Սերժ Սարգսյանը որոշում է պաշտոնանկ անել Հովիկ Աբրահամյանին` առանց որևէ ակնարկ անգամ անելու, թե որքանով վերջինս կարողացավ լուծել այդ խնդիրը: Եռամյա վաղեմության այս նպատակադրումների մասին այսօր ոչ ոք չի հիշում: Պատճառն այն է, որ դա ընդամենը քաղաքական հերթական աճպարարությունն էր` այդ պահին Սերժ Սարգսյանի անվերապահ վստահությունը վայելող Հովիկ Աբրահամյանին ԱԺ նախագահ դարձնելու խնդիրը լուծելու համար:
Այդ պաշտոնում Աբրահամյանի գործունեության ընթացքում ընդամենը երկու նշանակալի, բայցև սիմվոլիկ իրադարձություն է տեղի ունեցել: Առաջին` հանրապետության նախագահը 2009թ. հոկտեմբերին ստորագրված հայ-թուրքական երկու արձանագրությունները 2010-ի փետրվարի 11-ին ուղարկեց ԱԺ՝ վավերացման, որը, սակայն, առ այսօր գտնվում է սառեցված վիճակում: Հետաքրքրական է այս հարցի մասին 2010-ի փետրվարին Մեծ Բրիտանիայի միջազգային հարաբերությունների թագավորական ինստիտուտում նախագահի արած հայտարարությունը, թե որպես խորհրդարանական մեծամասնության քաղաքական առաջնորդ, բացառում է Հայաստանի խորհրդարանի կողմից արձանագրությունների վավերացման տապալումը: Դրանով, փաստացի, նախագահը որոշում կայացրեց օրենսդիրի փոխարեն` պարզորոշ ներկայացնելով, թե իշխանության համար քանի կոպեկի արժեք ունի խորհրդարանի հեղինակությունն ու անկախությունը:
Երկրորդ իրադարձությունը` 2011-ին 480 մլն դրամով վերանորոգվեց ԱԺ նիստերի դահլիճը, որը սիմվոլիկ կերպով ցույց տվեց իշխանության` արևմտյան ժողովրդավարական արժեքները զուտ ձևի, արտաքին տեսքի մակարդակով յուրացնելու կարողությունը: Այլ կերպ ասած` Հովիկ Աբրահամյանը ոչինչ չտվեց խորհրդարանին ու ոչինչ էլ չստացավ նրանից: Ավելին` նրա պաշտոնավարման շրջանում խորհրդարանն ընդամենը ամրապնդեց կառավարության օրենսդրական նախաձեռնություններն անվերապահ դակողի կերպարն ու «գործառույթը», իշխանության մնացած ճյուղերից կատարյալ կախվածության մեջ լինելու իրողությունը: Չնայած մերթ ընդ մերթ Աժ այլևս նախկին նախագահն ունենում էր ընդվզման թեթև պոռթկումներ, սակայն դրանք անձնավորված էին` պայմանավորված ԱԺ նախագահի և վարչապետի փոխադարձ հակակրանքով: Այս իմաստով Աբրահամյանի պաշտոնանկությունը որևէ էական նշանակություն չուներ:
Այլ է խնդիրն առհասարակ պետական բարձրաստիճան պաշտոններին նշանակման և պատասխանատվության ինստիտուտի վերաբերյալ իշխանության վերաբերմունքի տեսանկյունից: Փաստացի Աբրահամյանը ԱԺ նախագահի պաշտոնը կորցրեց նույնպիսի թեթևությամբ, ինչպես և ստանձնել էր: Եվ դա պայմանավորված էր ընդամենը մեկ հանգամանքով` նրա թե՛ «նշանակումը» և թե՛ ազատումը բացառապես հանրապետության նախագահի ցանկությունների տիրույթում է: Որևէ այլ գործոն` հասարակության, խորհրդարանական ուժերի կարծիք, աշխատանքի արդյունավետություն և նման կարգի «մանր-մունր» բաներ, բացարձակապես որևէ նշանակություն չունեն: Միակ արժանիքը մնացել է «պարտիայի» և առաջնորդի օբյեկտիվ կամ ավելի շատ սուբյեկտիվ կարծիքը. ինչպես կորոշվի, այնպես էլ կլինի:
Ավելորդ է անգամ ասել, թե նման վերաբերմունքն ինչպես է խարխլում պետության, պետական ինստիտուտների և Սահմանադրության տրամաբանության հիմքերը: Նախագահն, իհարկե, Աբրահամյանի կարգավիճակն իջեցնելու սեփական հաշվարկներն ուներ: Նա բացահայտ կերպով իր անվստահությունը հայտնեց իր երբեմնի ամենավստահելի զինակցի նկատմամբ և նրան ուղարկեց ռեզերվ: Մյուս կողմից՝ նա Հովիկ Աբրահամյան-Տիգրան Սարգսյան երկընտրանքում նախապատվությունը տվեց վերջինիս և ապահովեց գործող վարչապետի լրջագույն քաղաքական մարտավարական հաղթանակը ԱԺ խոսնակի նկատմամբ:
Առաջիկայում, թերևս, Տիգրան Սարգսյանը կփորձի հնարավորինս շատ դիվիդենդներ քաղել իր նոր կարգավիճակից: Եթե նրան հաջողվի անցկացնել չափազանց հավակնոտ` 2012-ի պետական բյուջեն, ապա կարելի կլինի արձանագրել, որ Տիգրան Սարգսյանը ստանձնում է իշխանական համակարգում և ՀՀԿ-ում երկրորդ դեմքի կարգավիճակը և գուցե նաև գլխավորի այդ կուսակցության ԱԺ նախընտրական ցուցակը:
Գևորգ ԱՂԱԲԱԲՅԱՆ