կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-13 17:50
Քաղաքական

Սերժ Սարգսյանի ''կիքսերը'', Հայրիկյանի հեղինակության իսպառ անկումը...

Սերժ Սարգսյանի ''կիքսերը'', Հայրիկյանի հեղինակության իսպառ անկումը...

«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ստեփան Սաֆարյանը Yerkir.am-ի հետ զրույցում ամփոփեց նախագահի թեկնածուների` գրեթե ավարտին մոտեցող քարզարշավը:

 

Խոսելով Սերժ Սարգսյանի մասին` Սաֆարյանը հայտարարեց, որ գործող նախագահի քարոզարշավն անցավ բազմաթիվ սխալներով, «կիքսերով», որոնք դարձան բուռն քննարկման, քննադատության, հեգնանքի առարկա: Նա նախագահի թույլ տված սխալներից է համարում նաեւ «թաքուն հանդիպումներ», անվտանգության ուժեղացված միջոցառումը, «երբ մարզ անգամ մեկ տասնյակ սնայպերներով, շներով եւ մետաղորսիչներով է Սերժ Սարգսյանը հանդիպման գնացել»«Չգիտեմ` կա՞ իրականում նման վտանգ, թե՞ փորձում են պատրանք ստեղծել»,- նշեց Սաֆարյանը:

 

Նա հաջողված է համարում սեփական կուսակցության նախագահի` Րաֆֆի Հովհաննիսյանի քարոզարշավը: Ի դեպ, ավելի հաջող, քան խորհրդարանական ընտրությունների ժամանակ:

 

«Հաջող քարոզարշավի արդյունքն է նաեւ այն, որ Սերժ Սարգսյանը բուռն է արձագանքում Րաֆֆի Հովհաննիսյանին»,- հայտարարեց Սաֆարյանը եւ նշեց, որ իշխանության կողմից փորձ է արվում տարածել, թե իբր Րաֆֆի Հովհաննիսյանը հակառուս է, եւ նրա ընտրվելու դեպքում վատանալու են Հայաստանի հարաբերությունները Ռուսաստանի հետ:

 

Անդրադառնալով Հրանտ Բագրատյանի քարոզարշավին` Սաֆարյանը կարծիք հայտնեց, որ նրա թեզերն այդպես էլ տեղ չեն հասնում, եւ մարդիկ չեն կարողանում մոռանալ նրա` վարչապետ եղած տարիները:

 

Մարդիկ, ըստ Սաֆարյանի, բավական լավ են ճանաչում Անդրիաս Ղուկասյանին` նրա քայլով, բայց չգիտեն, թե ինչու եւ ինչ է անում:

 

Արման Մելիքյանն ու Վարդան Սեդրակյանն էլ, Սաֆարյանի կարծիքով, ավելի շատ աշխատում են ոչ թե Սերժ Սարգսյանի, այլ Րաֆֆի Հովհաննիսյանի դեմ:

 

«Հայրիկյանի դեպքում հեղինակության իսպառ անկում է` թե' Երեւանում, թե' մարզերում: Մարդիկ պարզապես չեն հավատում մահափորձին, չեն հասկանում նրա վարքագիծը, նաեւ չեն հասկանում, թե ինչ նպատակներ է հետապնդում այդ վարքագծով»,- նշեց մեր զրուցակիցը:

 

Նա վստահ է, որ պայքարը գնալու է Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Սերժ Սարգսյանի միջեւ: Ամեն ինչ կավարտվի կամ Րաֆֆի Հովհաննիսյանի հաղթանակով, իսկ վատագույն դեպքում` կլինի երկրորդ փուլ: