կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-22 13:11
Առանց Կատեգորիա

Անկախությունը` գյուղում

Անկախությունը` գյուղում
Արմավիրի մարզի Մայիսյան գյուղում Սեպտեմբերի 21-ը սովորական օրերից մի բանով է տարբերվում. ոչ աշխատանքային է: Եվ քանի որ գյուղում առանձնապես աշխատանք ու աշխատատեղ չկա, միակ տարբերությունը առավոտյան դպրոց չշտապած երեխաներն էին: Այստեղ, ինչպեսեւ Հայաստանի գրեթե բոլոր գյուղերում, ո՛չ փուչիկներ կան, ո՛չ դրոշներ ու ծաղիկներ.... Կարճ ասած` սովորական օր է Մայիսյանում:

 

Երեւի միակ փոփոխություն-նորությունը ես էի` մայրաքաղաք Երեւանից ժամանած լրագրողս, եւ երեւի հենց դա էր պատճառը, որ դպրոց չգնացած ու «պարապ» մնացած երեխաները հաճույքով համաձայնում են շրջել հետս եւ ցույց տալ իրենց գյուղի «տեսարժան վայրերը», օրինակ, «վառված շենքը», որտեղ իրենց նախկին տունն է եղել, բայց հրդեհվել է, միջնակարգ դպրոցն իր նորակառույց բուֆետով, ֆուտբոլի դաշտը, որտեղ, ինչպես երեխաներն էին ասում, խոտի հետք էլ չկա: «Հեռուստացույցով պառադն էին ցույց տալիս, նենց լավն էր, նենց կուզեի ընդեղ լինեի»,- ասաց ուղեկցորդներիցս մեկը, հետո էլ զարմացավ, որ ես Երեւանում տոնակատարությունները թողած եկել-հասել եմ իրենց «կորած-մոլորած» գյուղը:

 

Աստիճանաբար ուղեկցորդներիս թիվն ավելացավ. Հրանտին, Արթուրին ու Ազատին միանցան այլ փոքրիկներ ու խնդրեցին, որ իրենց էլ լուսանկարեմ: Երեխաները ցույց տվեցին նաեւ հանրապետական գյուղապետի տունը, սակայն առանց նրանց ցույց տալու էլ գլխի ընկնելը դժվար չէր լինի, քանի որ այն էապես տարբերվում էր շրջապատի տների գորշ ֆոնից: Գյուղապետը, մեղմ ասած, այնքան էլ հյուրընկալ չէ: Երբ բախեցի նրա դուռը եւ ներկայացա, հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել, ասաց, թե պատրաստ չէ: Ինչեւէ, գյուղապետին ու նրա գործունեությանը կանդրադառնանք առաջիկայում: Միայն նշենք, որ այստեղ նրան չսիրողները քիչ չեն: «Գյուղի էս մի հատվածը կգովաբանի գյուղապետին,- ցույց տալով գյուղապետարանի շենքին հարակից փողոցներըՙ ասաց մայիսյանցի մի կին, հետո խնդրեց  անջատել ձայնագրիչս ու  շարունակեց, - մյուս կեսը կբողոքի, եթե, իհարկե, չվախենան:  Ժողովրդի վիճակը շատ վատ ա, աղջիկ ջան»:

 

Խնդիրներն, իրոք, շատ են, բողոքում են ամեն ինչից. թանկություն է, ճանապարհները տարիներով ասֆալտի երես չեն տեսել, բայց ամենամեծ խնդիրը ջուրն է` գյուղի այգիների մի զգալի հատվածը պարզապես չորանում է` ոռոգման ջրի բացակայության պատճառով:

 

«Շատ ծանր վիճակում ենք, մեզ ուշադրություն դարձնող չկա: Օր օրվա վրա թանկացում է գնում, 33 հազար դրամ թոշակ եմ ստանում, իսկ դա  լույսին, հողին, գազին հերիք չի անում, էլ  ուր մնաց սնվելուն: Գյուղացու վիճակը վատ է, չենք կարողանում գոյատեւել, դրա համար էլ մարդիկ  երկրից փախչում են, բայց ես 75 տարեկան մարդ եմ, ուր փախչե՞մ, ինչի մեր ժողովուրդը պիտի Թուրքիա գնա, որ դրանց վարչապետն էլ մեզ երեսով տա»,- գանգատվեց Հարություն պապը:

 

Հետո հիշեց անկախությունը, հիշեց այն հույսերն ու ակնկալիքները, որ ունեին դեռեւս այն ժամանակ, երբ անկախությունը հեռավոր երազ էր թվում: «Անկախությունից միայն օլիգարխները իրավունք ունեն խոսելու, ես ռամիկ, բանվոր մարդ, իմ հալալ քրտինքով ապրել եմ: Իրենք  միլիոններ, մեքենաներ ունենան, ես էլ էսօր էշ լծեմ, ինչի՞: Անկախությունը ինչ տվե՞ց, ուժեղը հարստացավ, խեղճը դարձավ... կապչոնի ձուկ»:

 

Գյուղից արտագնա աշխատանքի մեկնողները շատ են. զրուցակիցներիցս մեկի ամուսինն է «խոպանչի», մյուսի` հայրը, երրորդի` եղբայրը: «Լավ օրից չի, որ կին ու երեխա թողնում գնում են, գործ չկա իմ էլ եղբայրն ա Ռուսաստանում»,- ասում է դպրոցի պահակը, ով գյուղի «երջանիկներից» է` 50 հազար դրամ աշխատավարձ է ստանում: Բնականաբար, ստացածով ընտանիք պահելը հեշտ չէ, հետեւաբար նաեւ դաշտերում է աշխատում, որ «յոլա գնան»: Նա երանությամբ է հիշում Խորհրդային միության տարիները, երբ իրենց բազմանդամ ընտանիք 600 ռուբլի էր մտնում ամսական, իսկ դրանով հնարավոր էր լավ ապրել: Նա ուրախությամբ բացեց դպրոցի դուռն ու ցույց տվեց դպրոցը, որն Արմավիրի մարզի լավագույն դպրոցն է ճանաչվել. հպարտ է` իրենք լավ են խնամում:

 

Անկախությունը Մայիսյանում եհտին պլան է մղվել. օրվա հացն է կարեւոր:

 

Վերադառնում եմ: Երեւանում տոնական տրամադրություն է` եռագույնով ներկված դեմքեր, փուչիկներ դրոշներ... Տեսնես տոնական հանդիսավոր շքերթը հպարտությամբ դիտող պաշտոնյաների մտքով գոնե մի պահ, մի ակնթարթ անցել է, որ Երեւանից դուրս էլ մարդիկ կան, ում համար եւս այս օրը տոն պիտի լինի: Երբ «Հայաստանը դու ես» ասում ենք, նաեւ նրանց նկատի ունենք, չէ՞:

 

Մարիա ԿԱՐԱԹՈՐՈՍՅԱՆ