Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Մաքուր Հայաստան» պետական ծրագիրը թևակոխում է նոր փուլ` մեկնարկում է «Աղբի տեղը աղբամանում է» խորագրով համապետական սոցիալական արշավը: Այս մասին հրավիրած ասուլիսում տեղեկացրեց վարչապետի խորհրդական Մհեր Տերտերյանը: «Աղբ մաքրելն այնքան էլ դժվար գործ չէ, դժվարը մաքրած վայրերը մաքուր պահելն է, քանի որ դրանք նորից աղտոտվում են»,- ասաց նա:
Վարչապետի խորհրդականի խոսքով` միշտ լինելու են քննադատական կարծիքներ «Մաքուր Հայաստան» ծրագրի վերաբերյալ, բայց ծրագրի շնորհիվ Հայաստանը դարձել է ավելի մաքուր:
Տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանն էլ նշեց, որ բավականին աշխատանքներ են կատարվել ծրագրի ստեղծումից հետո: Ներկայումս կա մոբիլիզացիոն քարոզչական մշակույթ ձևավորելու խնդիր: «Ինչ-որ չափով հաջողվել է լուծել այդ խնդիրը: 2033 աղբանոց և աղբաման ենք գույքագրել, սակայն հեռու ենք այն մտքից, որ սա բոլոր պրոբլեմատիկ աղբավայրերի ամբողջական ծավալն է: Դա ստվար մասն է, աղբավայրերից 1587-ը մարքվել են»,- տեղեկացրեց փոխնախարարը, ապա նշեց, որ շարունակելու են գույքագրված աղբավայրերի և աղբամանների մաքրման աշխատանքները:
Ըստ Վաչե Տերտերյանի` պետք է հասնել նրան, որ աղբահանությունը սիստեմատիկ կազմակերպվի հանրապետության բոլոր համայնքներում: «Նախարարն էլ է անմիջականորեն մասնակցում այս գործընթացին: Իսկապես, սիստեմատիկ մոտեցում կա: Մենք պետք է կարողանանք նաև մեր հասարակությանը մոբիլիզացնել»,- ասաց նա:
Փոխնախարարը տեղեկացրեց, որ ոստիկանությունում 1959 դեպք կա չսահմանված վայրերում աղբ թափելու փաստով: Միևնույն ժամանակ, Տերտերյանը շեշտեց, որ միայն վարչական տուգանքներով և օրը մի քանի անգամ աղտոտված վայրերը մաքրելով չենք կարող ունենալ մաքուր Հայաստան, պետք է չաղտոտելու համար էլ ինչ-որ քայլեր անել: Նա ընդգծեց, որ հասարակությանը պետք է դիտարկել որպես գործընկեր:
Yerkir.am-ի հարցին` վարչական տուգանքների չափեր կա՞ն սահմանված, փոխնախարարը պատասխանեց, որ ուսումնասիրել են Վրաստանի փորձը: «Նախկինում էլ մեզ մոտ կային տուգանքներ, բայց ընդհանրական էր ամեն ինչ, հիմա առանձնացվել է: Օրինակ` Վրաստանում սիգարետի մնացորդ գցելու համար տուգանում են 8 լարի: Մենք էլ ենք հիմա այդ ճանապարհով գնում»,- ասաց նա: Տերտերյանը բացատրեց, որ դիվերսիֆիկացրել են կենցաղային աղբը, սիգարետի մնացորդը և այլ տեսակի աղբերը նետելու համար նախատեսված տուգանքները: «Տուգանքները սահմանվել են 5 հազարից 20 հազար դրամի շրջանակում: Սա արվել է ավելի շատ մարդկանց հոգեբանության վրա ազդելու համար, այլ ոչ թե նպատակն է եղել տուգանքները ավելացնելը»,- ասաց նա:
Փոխնախարարը նաև շեշտեց, որ ավելի խոշոր չափով աղբ թափելու համար նախատեսված են ավելի մեծ գումարներ: «Շինարարական աղբ թափելու համար տուգանքը կարող է հասնել 50 հազար դրամի: Տուգանքներն ավելի խիստ են, եթե պաշտոնատար անձանց կամ խոշոր կազմակերպությունների կողմից է թափված այդ շինարարական աղբը»,- հայտնեց Տերտերյանը: