կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-03-14 12:40
Տնտեսական

«Օրանժ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը եւ «ԱրմենՏելը» խիստ նախազգուշացում ստացան

«Օրանժ»-ը, «Ղ-Տելեկոմ»-ը եւ «ԱրմենՏելը» խիստ նախազգուշացում ստացան

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը բացահայտել է, որ «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» ընկերությունները դրսևորել են անբարեխիղճ մրցակցություն:

 

Բազմաթիվ քաղաքացիներից ստացված դիմում-բողոքների հիման վրա, ինչպես նշվեց հանձնաժողովի այսօրվա նիստի ժամանակ, հանձնաժողովը ուսումնասիրություն է իրականացրել շարժական մոդեմի (USB) միջոցով մատուցվող ինտերնետ ծառայությունների ոլորտում: Ուսումնասիրության ընթացքում բացահայտվել են մի շարք խնդիրներ՝ կապված «Ղ-Տելեկոմ», «ԱրմենՏել» և «Օրանժ Արմենիա» ընկերությունների գործունեության հետ:

 

Մասնավորապես` ՏՄՊՊՀ-ի կողմից պարզվել է, որ վերոնշյալ ընկերությունները մշակել են որոշակի պայմաններ, որը նրանց հնարավորություն է տալիս պայմանագրային բաժանորդներից գանձելու վճարներ նույնիսկ այն ժամանակահատվածի համար, երբ վերջիններիս ինտերնետ ծառայություն չի մատուցվել: ՏՄՊՊՀ դիտարկմամբ` կապի ոլորտում գործող ընկերությունները իրենց վարքագծով խախտում են օրենքը, համաձայն որի` ծառայությունը կասեցվելու դեպքում կասեցվում է նաև բաժանորդի՝ վճարումներ կատարելու պարտավորությունը: Ընդ որում` ծառայությունների մատուցման պայմաններում առկա այս դրույթը շատ դեպքերում բաժանորդներին սահմանված կարգով չի ներկայացվում, մոդեմը ձեռք բերելիս նրանք տեղեկացված չեն այս պայմանների մասին:

 

ՏՄՊՊՀ-ը բացահայտել է նաև, որ որոշակի բարդություններ են առաջանում նաև այն դեպքում, երբ բաժանորդները դիմում են պայմանագիրը լուծարելու համար: Այս գործընթացը հաճախ ընկերությունների կողմից արհեստականորեն երկարացվում է: Արդյունքում`  դրանք ստանում են եկամուտներ այն դեպքում, երբ  իրենց կողմից որևէ  ծառայություն չի մատուցվել:

 

«Բաժանորդը պետք է վճարի միայն փաստացի օգտագործած ծառայության համար, ինչը օրենքի պահանջն է»,- նշում է ՏՄՊՊՀ-ն:

 

Հանձնաժողովի որոշմամբ' «Օրանժ Արմենիա», «ԱրմենՏել» և «Ղ-Տելեկոմ» ընկերությունները ստացան խիստ նախազգուշացում՝ խախտումը վերացնելու հանձնարարականով: