Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 14 տարի առաջ - 2011-09-09 21:14
Քաղաքական

Հերթական հեղափոխությունը` հաջորդ հանրահավաքին

Հերթական հեղափոխությունը` հաջորդ հանրահավաքին

Այսօր Ազատության հրապարակում տեղի ունեցավ ՀԱԿ հերթական հանրահավաքը, որն առաջինն էր երկխոսության փաստացի տապալումից հետո:

Այս հանրահավաքի ընթացքում, կարծես, ճանապարհների փակ լինելուց որեւէ մեկը չէր բողոքում. պաստառները վկայում էին, որ ցուցարարները հրապարակ են եկել Մարալիկից, Գյումրիից, Վանաձորից, Ապարանից: Չնայած այս հանգամանքին` Ազատության հրապարակը լեփ-լեցուն համարել չէր կարելի:

Մինչ հանրահավաքի սկիզբը Նիկոլ Փաշինյանը փորձում էր ոգեշնչել հավաքվածներին, սակայն նրան հայտարարություններին, թե «ցնցող, աննախադեպ, հզոր հանրահավաք են անելու», միայն առջեւում կանգնածներն էին հատուկենտ «այո»-ներով արձագանքում:

Ինչեւէ, հանրահավաքի բացման խոսքում Նիկոլ Փաշինյանը հիշեց ՀԱԿ նոր «քաղբանտարկյալներին», խոսեց բանակում տիրող իրավիճակից, ապամոնտաժված կրպակներից ու կոչ արեց պատրաստվել հեղափոխության` հաջորդ հանրահավաքին ակնկալելով 500 հազար մասնակից:

ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ հայտարարեց, որ իրենք հանրահավաքների հաղթական արշավ են սկսում` «անօրինական մեքենան կազմաքանդելու համար»:

Գագիկ Ջհանգիրյանն անդրադարձավ Մարտի 1-ի իրադարձություններին` հայտարարելով, որ, բացի բանակային եւ ոստիկանական ստորաբաժանումներից, դեպքերին ԼՂՀ ստորաբաժանումներն էլ են մասնակցել:

Իսկ ՀԺԿ առաջնորդ Ստեփան Դեմիրճյանն առաջարկեց ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքը` արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններ:

Այս պահին ելույթ է ունենում ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ինչից հետո կսկսվի ավանդական քայլերթը: