Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Խոսելով Սերժ Սարգսյանի հետ ունեցած վերջին հանդիպման մասին՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը մի շատ հասարակ ու հասկանալի բան ասաց՝ ոմանք շտապեցին սխալ հետևություններ անել: Նրա այս դիտարկումը, կարծես, նորմալ ընկալում ունեցավ քաղաքական ողջ դաշտի կողմից: Վստահ ենք, նաև ԲՀԿ-ի: Սակայն, չգիտես ինչու, ԲՀԿ-ական կայքերից 7or.am-ը շարունակում է շտապողական և սխալ հետևություններ անելու ընթացքի մեջ մնալ: Խոսքը մանավանդ այդ կայքի առաջնորդ Թևանյան Անդրանիկի մասին է, ով համոզված է նաև, որ ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն յաման հակառակորդներ են, իսկ Գագիկ Ծառուկյանն էլ՝ հայկական ընդդիմության Ռոբեսպիերն է:
Շատ շտապելուց, բնական է, Թևանյան Անդրանիկը, ժամանակագրական առումով, հայտնվել է բոլորովին այլ տեղում և օրերում, երբ ԲՀԿ-ն, որպես ՙբարոյական՚ գործընկեր պաշտպանում էր Սերժ Սարգսյանի ոչ միայն ներքին, այլև արտաքին քաղաքականությունը: Որպեսզի դա տեղի չունենար, Թևանյան Անդրանիկը պարտավոր էր լավ ունկնդրել Հրանտ Մարգարյանի մեկ այլ արտահայտություն ևս՝ մենք կուսակցությունների հետ խորհրդակցությունների շարքն սկսելիս հաշվի չենք առել, թե նրանք ԱԺ ընտրություններին կամ դրանցից առաջ ինչ պլատֆորմներ ունեին:
Մի խոսքով՝ Թևանյան Անդրանիկը խիստ սրտնեղել է, թե ինչո՞ւ է այս պատմական պահին ՀՅԴ-ն հանդիպել Սերժ Սարգսյանի հետ, մանավանդ նախապես իմանալով, որ Սերժ Սարգսյանը դեմ է իրենց պլատֆորմի առանձին կետերի: Բայց մենք նրան հիշեցնենք, որ այդ պլատֆորմի առանձին կետերին դեմ են նաև ԲՀԿ-ն, ՀԱԿ-ը, էլի ուրիշներ, որոնց հետ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, հանդիպել ու քննարկումներ է ունեցել, այո, նախապես իմանալով, որ ԱԺ ընտրություններից առաջ, օրինակ ԲՀԿ-ն, հայ-թուրքական արձանագրությունների ամենաջերմեռանդ պաշտպաններից մեկն է եղել:
Մենք չէ, որ պիտի պարոն Թևանյանին ասենք, որ քաղաքականությունը ի թիվս այլ կոմպոնենտների, պարունակում է նաև քաղաքականության կողմերի հետ որոշակի առնչություններ: Մարդն, ահա, սևով սպիտակին գրել է. ՙԱյն, որ դաշնակցականներ Հրանտ Մարգարյանն ու Արմեն Ռուստամյանը հանդիպել են հանրապետական Սերժ Սարգսյանին, քննադատելի բան չկա։ Ի վերջո իշխանությունն ու ընդդիմությունը կարող են հանդիպել ու կարծիքներ փոխանակել՚: Ուրեմն էլ ո՞րն է նրա անհանգստության պատճառը՝ մտածում ես: Պարզվում է. ՙՀարցականները, տվյալ դեպքում, վերաբերում են հանդիպման թեմային, պահին, ձևին ու բովանդակությանը՚: Ինչպես տեսնում եք, ճիշտ ժամանակն է Թևանյան Անդրանիկից հետարքրվել՝ իսկ չէի՞ք կամենա Սերժ Սարգսյան-Գագիկ Ծառուկյան հանդիպումների թեմաներից, պահերից, ձևերից ու բովանդակությունից մի քանի օրինակներ բերել, որպեսզի մյուսներն էլ հասկանային՝ ինչպես պահել իրենց Սերժ Սարգսյանի կաբինետում՝ ինչի մասին խոսել ինչ խոսել, երբ խոսել, որքան խոսել... Պարոն Թևանյանի տրամաբանությամբ շատ հետաքրքիր բան է ստացվում, ի դեպ: Ծառուկյանը, որ Սերժ Սարգսյանի թիվ 1 հակառակորդն է համարվում, կարող է հանդիպել նրան ու ասել՝ ՙՆախագա ջան, բա ի՞նչ անեմ...՚, Իսկ Դաշնակցությունը, որ նախապես հայտարարել էր, որ ՀՀԿ-ի հետ հանդիպումը չի բացառվում, չէր կարող Սարգսյանի հետ խորհրդակցել՝ իմանալու համար վերջինիս տեսակետը պլատֆորմի կետերի շուրջ, ինչպես ասում են, հայ-թուրքական ֆուտբոլի եզրափակիչ սուլիչից հետո:
Իսկ հիմա ավելի կոնկրետ: Պարոն Թևանյանը պարտավոր է վերջապես գիտակցել, որ ՀՅԴ-ն ինքն է որոշումներ կայացնում իր համար և երբեք չի առաջնորդվում այն մտավախությամբ, թե ինչ կասեն մյուսները: Մյուսները կարող են նաև հետո հասկանալ, ինչպես ասում են՝ ինքնահերձումից հետո, բայց դրանից շատ բան չի փոխվում ՀՅԴ-ի կյանքում: Իսկ ՀՅԴ-ն կարող է նաև ավելի խիստ որոշումներ կայացնել, ընդ որում՝ ճիշտ և Անդրանիկ Թևանյանի ու ԲՀԿ-ի համար շատ անսպասելի: Այնպես որ, պարոն Թևանյան, ոչ շտապել է պետք և ոչ էլ մանավանդ առաջ ընկնել Մաքսիմիլիան Ռոբեսպիերից: Հեղափոխությունը դեռ այդքան մոտ չէ, որքան թվում է:
Էդիկ Անդրեասյան