կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-09-05 14:29
Քաղաքական

WikiLeaks-ը վարչապետի` ՀՀԿ-ին անդամագրվելու մասին

WikiLeaks-ը վարչապետի` ՀՀԿ-ին անդամագրվելու մասին

WikiLeaks-ը հրապարակել է Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Ջոզեֆ Փենինգթոնի` պետքարտուղարությանն ուղղված նամակը, որումխոսվում է Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի և կառավարության որոշ անդամների` ՀՀԿ-ին անդամագրվելու փաստի մասին:

«Վարչապետ Սարգսյանի և երկու նախարարների որոշումը` անդամագրվել կառավարող Հանրապետական կուսակցությանը, Երևանում քաղաքական զրույցների տեղիք է տալիս: Որոշ մարդիկ դիտարկում են այս անսպասելի որոշումն իբրև  նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի քայլ` ուղղված ուժեղացնելու սեփական դիրքերն ու զսպելու ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հավակնությունները: Այլ կարծիքի համաձայն` այս քայլով վարչապետը մտադիր է  մրցակիցներին տարածության վրա պահել և ավելի անվտանգ դարձնել սեփական դիրքերը: Որոշներն էլ նշում են, որ նախագահն այս կերպ ուժեղացնում է պաշտպանությունը, եթե Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատման փորձի ձախողման դեպքում քաղաքական հարձակումներ սկսվեն»,- գրված է նամակում:

Այնուհետեւ Փենինգթոնը շարադրել է Հայաստանի քաղաքական գործիչների և փորձագետների կարծիքը վարչապետ Տիգրան Սարգսյանի` ՀՀԿ-ին անդամագրվելու որոշման վերաբերյալ:

«Մենք կարծում ենք, որ այս փուլով պետք է անցնեն բոլոր նրանք, ովքեր կապ ունեն Հայաստանում իշխող քրեաօլիգարխիկ համակարգի հետ: Մենք շնորհավորում ենք վարչապետ Տիգրան Սարգսյանին` մաֆիա մտնելու կապակցությամբ»,- հայտարարել է ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:

ՌԱՀՀԿ տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն էլ նշել է, թե վարչապետի որոշումը դիտարկում է իբրև քայլ նախագահ Սարգսյանի կողմից, որի շնորհիվ նա կդառնա ավելի քիչ խոցելի:

«Մտնելով կառավարող կուսակցության շարքերը` վարչապետը (մեծ հաշվով նաև նախագահը), ավելի քիչ խոցելի կդառնան «պալատական հեղաշրջումների համար», որոնք կարող են կազմակերպել նույն կուսակցության անդամները, ովքեր հանդես են գալիս կառավարության ոչ պոպուլյար քաղաքականության դեմ»,-  Փենինգթոնը մեջբերում է Կիրակոսյանի խոսքերը:

«Հայաստանի վարչապետի հաջորդ հնարավոր թեկնածուն համարվում է Հովիկ Աբրահամյանը` հեռու գնացող ծրագրեր ունեցող ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, ով կազմակերպել էր Սերժ Սարգսյանի նախընտրական արշավները 2007-ի խորհրդարանական և 2008-ի նախագահական ընտրությունների ժամանակ: Աբրահամյանի նպատակները, ըստ շատ վերլուծաբանների, ավելի ակնհայտ դարձան այն բանից հետո, երբ նրա որդին ամուսնացավ Հայաստանում ամենահայտնի և ամենահարուստ մագնատի` «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի դստեր հետ: Գագիկ Ծառուկյանը համարվում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցը: Վերջին շրջանում հայաստանյան լրատվամիջոցները գրում են, որ Աբրահամյանն ու Ծառուկյանը համաձայնեցնում են իրենց քաղաքական գործունեությունը Քոչարյանի հետ, որպեսզի մարտահրավեր նետեն նախագահ Սարգսյանին այն դեպքում, եթե նախագահը որոշումներ ընդունի, որոնք «հակասում են Հայաստանի ազգային շահերին»,- գրում է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը:

Նամակի վերջում Փենինգթոնը ներկայացնում է իր մեկնաբանությունները. «Մենք կարծում ենք, որ տեղավորելով վարչապետին և նրա կողմնակիցներին կառավարող ՀՀԿ-ի «տանիքի ներքո», նախագահ Սարգսյանը փաստացի հասկացնում է, որ վարչապետի դեմ արշավը մեծ հաշվով կուսակցությունը քանդելուն ուղղված քայլ է, որն ուղղված կլինի իր դեմ:

Այս ներքաղաքական «հաղորդագրությունը» հասցեագրված է այն անձանց, ովքեր ցանկանում են վարչապետ դառնալ, ավելին` նրանց, ովքեր չեն հավանում Ղարաբաղյան հարցով տարվող քաղաքականությունը:

Թուրքիայի հետ հարաբերությունների հարցում զրոյական վիճակից հետո նախագահն ուղղակի պարտավոր է անել ամեն ինչ, որպեսզի ապահվի իր դիրքերն ու շարունակի վերահսկել ներքին քաղաքական վիճակը: Այդ անելու միջոցներից մեկն էլ վարչապետին ուժեղ քաղաքական ֆիգուր սարքելն է, ինչն էլ կարող է իր համար ապահով թիկունք ստեղծել: Բացի այդ, դա կամրապնդի հենց վարչապետի քաղաքական դիրքերը, ինչն էլ նրան բարեփոխումներ իրականացնելու անհրաժեշտ իշխանություն կտա»: