Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Ամերիկացի դիվանագետների հաղորդագրությունների մեջ, որոնք գաղտնազերծել է WikiLeaks-ը, անդրադարձ կա հայ օլիգարխներին, մասնավորապես` դեպսան Ջոն Օրդուեյի 2003-ի դեկտեմբերի 9-ի` «Մագնատները գերբեռնված են. ով ինչն է վերահսկում Հայաստանում» փաստաթղթում:
Ըստ դեսպանի` Multi Group-ը ղեկավարում է 2003-ին պատգամավոր ընտրված Գագիկ Ծառուկյանը (Դոդի Գագո): «Համարվում է, որ արմռեսթլինգով զբաղվող նախկին մարզիկը սերտ կապեր ունի Քոչարյանի ընտանիքի հետ, հատկապես` նախագահի եղբայր Վալերի Քոչարյանի հետ»,- նշում է դեսպանը:
Multi Group-ը հոլդինգային ընկերություն է, որի կազմում են` «Կոտայք» գարեջրի գործարանը, Manana Grain ցորեն ներմուծող ընկերությունը, Aviaservice-ը, որին 2003-ի նոյեմբերին Հայաստանի կառավարությունը վաճառել է ինքնաթիռների սպասարկման իրավունքը (փաստաթղթի համաձայն`Վալերի Քոչարյանն այդ բիզնեսում բաժին ունի ), AIA միջազգային ավիաուղիները, «Արարատ» գինու գործարանը, Multi Group Dairy-ն, որը ղեկավարում է գործարարի մայրը, Multi Stone-ը, որը Եվրոպային տրավերտին է մատակարարում, «Կլեոպատրա» եւ «Պիրամիդա» կազինոները, Գյումրիի տեքստիլ ֆաբրիկան (գաղտնի համասեփականտերն է), ֆեմերային նախագծեր (ՀՀ ԶՈՒ-ին մատակարարվող բանջարեղենի մեծ մասը), կահույքի խանութների ցանց, բենզալքակայաններ, գազալցակայաններ, Multi Leon ցանցը, ԳՈւՄ-ի եւ Մաշտոցի պողոտայի շուկաները:
«SIL Group-ը ղեկավարում Խաչատուր Սուքիասյանը (Գռզո)` 1999-ից պատգամավոր, վերընտրվել է 2003-ին: Բարեկամական կապեր ունի ՆԳ նախկին նախարար Վանո Սիրադեղյանի հետ, որը հայտնի է որպես կոռումպացված եւ հզոր անձնավորություն (ներկա պահին նա Հայաստանի տարածքից դուրս է): Հայտնի է, որ Սիրադեղյանը SIL Group-ի հիմնական բաժնետերերից է»,- գրված է փաստաթղթում:
Խաչատուր Սուքիասյանը միակ գործարարն է, որն անթաքույց աջակցում է ՀՀՇ-ին, սակայն, այնուամենայնիվ, հաջողակ գործարար է: Նրան են պատկանում Pizza di Roma, Queen burger, Chalet ռեստորանները, SIL Hotel-ը եւ SIL Plaza հանրախանութը, անշարժ գույք Երեւանի կենտրոնում, Golden Wood International-ը, Երեւանի կահույքի գործարանը, Armeconombank-ը, Բջնիի հանքային ջերերի գործարանը, «Երեւան Պոլիպլաստ», «Զովք» ընկերությունները, շինարարական բիզնես, Star Valley Co.` Դուբայում, Սեւանի ալրաղացը, Masis Gofrotara-ն: SIL Group-ը Phillip Morris-ի պաշտոնական դիստրիբյուտորն է:
«MIKA Ltd.-ն ղեկավարում է Միխայիլ Բաղդասարովը: Համարվում է, որ նա իր նախնական կապիտալը կուտակել է Ռուսաստանում: Բաղդասարովը պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի համադասարանցին է, լավագույն ընկերը եւ գործընկերը բիզնեսում: Նրան են պատկանում ArmSavings Bank-ը, Viktoria Trade` ցորենի խոշորագույն ներմուծող, Mika Trading-ը` նավթամթերքի ներմուծում, այդ թվում` բենզինի 40 տոկոսը, Armavia, Hrazdan Cement Plant-ը` անվանափոխված «ՄԻԿԱ ցեմենտ»-ի, բենզալցակայաններ, Դիլիջանի հանքային ջերերի գործարանը, նաեւ խոշոր բիզնես Ռուսաստանում եւ Եվրոպայում»,- նշում է դեսպանը:
GRAND GROUP-ի ղեկավարն է Հրանտ Վարդանյանը` ռուսական կապիտալով եւ նախագահի հովանավորությամբ: Թեեւ ինքը պատգամավոր չէ, նրա որդին` Միքայել Վարդանյանը, ՀՅԴ ընտրացուցակով 2003-ին մտել է Ազգային ժողով: Նշվում է, որ Վարդանյանը, հասարակության շրջանում հեղինակություն է վայելու որպես հաջողակ գործարար եւ խորհրդային նախկին գործարանները վերագործարկող:
Նրան են պատկանում Grand Candy-ն, Grand Tobacco-ն (Ռուբեն Հայրապետյանի գործընկերությամբ), International Masis Tabak-ը, Grand Sun (նմանօրինակը կառուցվել է Իրանում), ալկոհոլային խմիչքների արտադրություն, մի քանի խանութներ եւ սրճարաններ:
«Սամվել Ալեքսանյանը, հայտնի է որպես Լֆիկ Սամո, պատգամավոր է 2003-ից: Լինելով կիսաքրեական օլիգարխ` Ալեքսանյանը թիկնապահների մեծ բանակ է պահում: Կրթվածությամբ աչքի չի ընկնում (համենյան դեպս, օլիգարխների շրջանում): Մոտ է նախագահի վարչակազմին: Փորձում է նմանվել Դոդի Գագոյին ամեն ինչում` նրա տունը նույն ճարտարապետությունն ունի, նույն մակնիշի մեքենա է վարում եւ այլն»,- գրված է փաստաթղթում:
Ունի հետեւյալ լեգալ բիզնեսը` Natali Pharm, Lusastgh` արտադրում է օղի եւ բուսական յուղ, սուպերմարկետներ, համարվում է Մալաթիա շրջանի «ոչ պաշտոնական ֆեոդալը», ցորենի, շաքարի եւ կարագի խոշոր ներկրող է: Մաքսային ծառայության հետ սերտ կապերի շնորհիվ նա ապրանքներ է ներկրում արտոնություններով` այդպիսով նվազեցնելով մրցակցությունն իր ընկերության համար:
Փաստաթղթում խոսվում է նաեւ Հայրապետյան եղբայրների, Ռուբեն Հայրապետյանի (Նեմեց Ռուբո), Հարություն Փամբուկյանի մասին:
2004-ի օգոստոսի 30-ի հաղորդագրության մեջ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը նույնպես անդրադառնում է օլիգարխների թեմային: «Օլիգարխները Հայաստանում. հարստանում են սննդամթերքի, գազի եւ սիգարետների շնորհիվ» փաստաթղթում ասվում է, որ սննդամթերքի մեծ մասը երկրում վերահսկվում է մի խումբ օլիգարխների կողմից, որոնք սերտ կապեր ունեն իշխանությունների հետ:
Ըստ դեսպանի` 2001-ին ստեղծված Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն այնքան ուժ ու ազդեցություն չունի «կոռումպացված կապիտալիստներին» պատժելու, այլ կառավարական կառույցներից նրանց գործարքների վերաբերյալ տեղեկատվություն ստանալու համար:
«Մենք համարում ենք, որ մաքսային ոլորտում բարեփոխումները եւ հայկական մշակույթում կոռուպցիայի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը ի վերջո կնվազեցնեն հայկական շուկա դուրս գալու խոչընդոտները` ավելի, քան եվրոպական ոճով մրցունակության վերաբերյալ օրենքը»,- նշված է փաստաթղթում: