Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հայաստանը համարվում է ոչ միայն թրաֆիկինգի զոհեր «մատակարարող», այլ նաև թրաֆիկինգի զոհերին ընդունող երկիր. նման եզրակացություն է արվում ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության` ԱՄՆ պետքարտուղարությանն ուղարկված հաղորդագրության մեջ, որը թվագրվում է 2004 թվականով:
«Եթե մինչ այս Հայաստանը համարվում էր թրաֆիկինգի սկզբնակետի և տրանզիտի երկիր, ապա հիմա այն նաև թրաֆիկինգի վերջնակետ կարելի է համարել»,- նշվում է փաստաթղթի նախաբանում:
Այնուհետև ներկայացվում է մի դեպք, որն ամերիկացի դիվանագետներին հանդիպումներից մեկի ժամանակ պատմել են հայկական հասարակական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչները: Ըստ այդմ` Հայաստանում ձերբակալում են մի կնոջ ու նրա երկու որդիներին, ովքեր Ուզբեկստանի քաղաքացիություն ունեցող հայեր են: Վերջիններս անօրինական գործունեության արդյունքում Հայաստան են բերել առնվազն 8 ուզբեկ կանանց` սեռական շահագործման ենթարկելու համար:
Ոստիկանությունը հանցավոր խմբի 6 անդամ է ձերբակալել, իսկ նրանց 8 զոհերը դիմել են օգնության: Նրանցից 4-ը նույնպես զրուցել են ամերիկացի դիվանագետների հետ: Ուզբեկ կանայք պատմել են, որ իրենք գիտեին, որ գալիս են Հայաստան` զբաղվելու էլիտար մարմնավաճառությամբ: Նրանք Հայաստան են եկել օրինական ճանապարհով, իրենց անձնագրերով (նամակում նշվում է, որ Հայաստանի ու Ուզբեկստանի միջև չկա վիզային համակարգ):
Ուզբեկ կանայք եղել են աղքատ ընտանիքներից: Նրանց Երևանի օդանավակայանում ոչ ոք չի դիմավորել: Տաքսի են վերցրել ու գնացել Անժելա անունով կավատի մոտ: Այստեղ նրանցից վերցրել են անձնագրերը` գրանցում կատարելու պատրվակով, սակայն հետ չեն վերադարձրել: Անժելան նրանց հետո ասել է, որ իրենք պարտք են 5000 դոլար, որը պետք է վճարեն` մարմնավաճառությամբ զբաղվելով:
Նրանք 4 հոգով ապրել են մեկ բնակարանում, որի համար վճարել են ամսական 300 դոլար, 100 դոլար էլ` սննդի համար: Այդ գումարները պահվել են նրանց «եկամուտներից»: Նրանց արգելված է եղել ինքնուրույն լքել բնակարանը: Հաճախորդները ուզբեկ կանանց հետ կապ են հաստատել ուղիղ կերպով, ապա տարել թանկ սաունաներ և հյուրանոցներ: Նրանք օրական սպասարկել են 1-2 հաճախորդի, իսկ ամսական եկամուտը կազմել է 3500-4500 ամերիկյան դոլար:
Ուզբեկ կանայք նաև պատմել են, որ իրենց հաճախորդները հարուստ են եղել, թանկարժեք մեքենաներ են վարել: Նրանք նաև հավելել են, որ հաճախորդները պահպանակներ են օգտագործել և իրենց հետ լավ են վարվել: Իրենց հաճախորդներից և ոչ մեկին նրանք չեն ճանաչել, պարզապես անվանել են «VIP մարդիկ»:
Հանցավոր խմբի բացահայտումից հետո թրաֆիկինգի վերոհիշյալը զոհերը տեղափոխվել են Ուզբեկստան: