Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր Արցախում վերջին 20 տարիների ընթացքում թվով 6-րդ համաներումն է հայտարարվել. ազատ է արձակվելու ազատազրկման մեջ գտնվողների մոտ 20 տոկոսը, ազատազրկման հետ չկապված պատիժների դատապարտված բոլոր անձինք, ինչպես նաեւ կարճվելու են որոշ քրեական եւ դատական գործեր (առկա գործերի 68-80 տոկոսը):
Այսօր Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան է հրավիրվել Արցախի նախագահի նախաձեռնությամբ՝ նրա առաջարկած «ԼՂՀ հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» հարցով, որի ընթացքում նախագահի աշխատակազմի պետաիրավական վարչության պետ Արայիկ Լազարյանը ներկայացրել է որոշման նախագծի որոշ մանրամասներ։
Նրա փոխանցմամբ՝ պատժի կրումից կազատվեն ԼՂՀ դատարանների կողմից ազատազրկման հետ չկապված պատիժների, ինչպես նաեւ մինչեւ 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված անձինք, մինչեւ 5 տարի ժամկետով ազատազրկման դատապարտված 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամները, մինչեւ 18 տարին լրանալը հանցագործություն կատարած անձինք, 60 տարին լրացած անձինք, ԼՂՀ պատերազմի մասնակիցները, ԼՂՀ պաշտպանության համար զոհվածների հարազատները, ինչպես նաեւ նրանց հավասարեցված անձինք եւ նրանք, որոնց նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել:
«Կարճվել են ներկայումս քննվող եւ հետագայում հարուցվող այն քրեական կամ դատական գործերը, որոնցով անձինք մեղադրվում են մինչեւ 2011 թվականի օգոստոսի 1-ը կատարած ոչ մեծ կամ միջին ծանրության հանցագործություններ կատարելու մեջ: Պատժաչափի չկրած մասն առաջարկվում է կրճատել որոշակի ժամկետներով՝ 2/3-ով, 1/2-ով եւ 1/3-ով՝ համապատասխանաբար անզգուշությամբ հանցագործություն կատարած անձանց, ԼՂՀ պատերազմի մասնակիցների, ԼՂՀ պաշտպանության համար զոհվածների հարազատների եւ դիտավորությամբ հանցագործություն կատարած անձանց նկատմամբ»,- նշել է Արայիկ Լազարյանը:
Նրա խոսքերով` համաներումը չի կիրառվելու որոշակի հանգամանքների առկայության դեպքում, օրինակ` ռեժիմի չարամիտ խախտումներ կատարած նախկինում համաներում ստացած, հետախուզման մեջ գտնվող (չնայած այս կատեգորիայի մարդկանց նկատմամբ սահմանված է որոշակի վերապահում՝ ներկայանալու մինչեւ սույն թվականի նոյեմբերի 1-ը), հանցագործության պատճառած վնասը չհատուցած, ինչպես նաեւ մի շարք առանձնապես ծանր կամ ծանր, պետական կարգի դեմ ուղղված հանցագործությունների համար դատապարտված անձանց նկատմամբ (սպանության, ավազակություն, բռնաբարություն, թմրանյութերի ապօրինի շրջանառության համար դատապարտվածներ), ինչպես նաեւ առանձնապես վտանգավոր կրկնահանցագործների նկատմամբ:
Համաներման վերջնաժամկետը դեկտեմբերի 1-ն է: