Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀԱԿ-ի հայտարարությունը բավական ծավալուն է, եւ ունի մեծ նկարագրական մաս, բայց այնտեղ խոսք չկա ո'չ պայմանավորվածությունների, ո'չ հավաստիացումների մասին. այսօր լրագրողների հետ հանդիպմանը, անդրադառնալով ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի հանդեպ խափանման միջոց կալանքը փոխելու մասին հարցին, ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Մինասյանը: «Հերոսացնել այդ եւ նման երիտասարդներին, կարծում եմ, սխալ է, որովհետեւ մենք սխալ ազդակներ ենք տալիս մեր երիտասարդներին»,- նշեց պատգամավորը:
Ինչ վերաբերում է երկխոսության առկախման պատճառներին ու հետեւանքներին, ապա, ըստ Գ. Մինասյանի, ՀԱԿ-ը պետք է ընտրություն կատարի` կա'մ պետք է կառուցողական հունի մեջ մնա, կա'մ համարի, որ իր ուղին ցնցումների ճանապարհով երկիրը առաջ տանելն է, որը, բացի նրանից, որ հասարակությանը որեւէ դրական հանգրվանի չի բերի, նաեւ շատ արագ կվարկաբեկի հենց այդ կառույցին:
Պատասխանելով Yerkir.am-ի հարցին` արդյո՞ք ՀԱԿ-ի կողմից առաջ քաշվող նախապայմանները գնալով չեն նմանվում շանտաժի, Գ. Մինասյանը պատասխանեց, որ ՀԱԿ-ի անդամները ընդամենը առկախել են իրենց մասնակցությունը. «Ես կարծում եմ, որ իրենք կվերագնահատեն իրենց որոշումները, կգան ավելի կառուցողական լուծումների, եւ այդ պարագայում այդ հարցի հիմնավորվածությունը կվերանա ինքնին»:
Անդրադառնալով Լեւոն Զուրաբյանի արտահայտությանը, որ «իրենք շախմատ էին խաղում, իսկ սեղանի տակից հակառակորդը ոտքերով հարվածում էր», Գագիկ Մինասյանը նկատեց. «Մենք շախմատ չէինք խաղում, մենք երկխոսում էինք, եւ ես չեմ նկատել, որ որեւէ մեկը... Մենք իսկապես երկխոսում էինք, եւ դա բավականին ծանր աշխատանք էր: Այն, ինչը այլաբանորեն ներկայացնում է պարոն Զուրաբյանը, ես հեռու եմ այդ կարծիքից»:
Լրագրողները նաեւ հետաքրքրվեցին` արդյո՞ք կոալիցիայի համար վիրավորական չէ, որ իրենք ամբողջությամբ ծանոթացան ընդդիմության փաստաթղթին, իսկ կոալիցիայի փաստաթղթի ընթերցումը մնաց կիսատ, եւ արդյո՞ք այդ փաստաթղթի քննարկումներից խուսափելու համար ՀԱԿ-ը առկախեց երկխոսության գործընթացը: «Մեր փաստաթուղթը շատ ավելի համոզիչ էր, քան իրենցը,- պատասխանեց Գ. Մինասյանը:- Չեմ ցանկանա մտածել, որ իրենք այդ բանավեճից խուսափելու համար գնացին այդ քայլին»: