Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Wikileaks կայքն այսօր հրապարակել է 2005 թվականի ապրիլի 25-ին Հայաստանի այն ժամանակվա նախագահ Ռոբերտ Քոչարյանի պատասխան նամակը Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին: «Ազատություն» ռադիոկայանը, ներկայացնելով հրապարակումը, հիշեցնում է, որ Թուրքիայի վարչապետն առաջարկել էր պատմաբանների հանձնաժողով ստեղծել` ուսումնասիրելու համար 1915 թվականի իրադարձությունները:
«Հարգելի վարչապետ, - գրել է Հայաստանի նախագահը,- Ես ստացել եմ Ձեր նամակը: Որպես երկու հարեւաններ` մենք պետք է աշխատենք ճանապարհներ գտնել միասին ներդաշնակ ապրելու համար: Ահա թե ինչու առաջին օրվանից Ձեզ պարզեցինք մեր ձեռքը՝ հաստատելու համար հարաբերություններ, բացելու սահմանը եւ երկխոսություն սկսելու երկու երկրների ու ժողովուրդների միջեւ»:
Քոչարյանը գրել է, որ «կան հարեւան երկրներ, հատկապես` եվրոպական մայրցամաքում, որոնք դժվարին անցյալ են ունեցել, այդ կապակցությամբ նրանք տարաձայնություններ ունեն: Այդուհանդերձ, դա չի խանգարել նրանց ունենալ բաց սահմաններ, հաստատել նորմալ հարաբերություններ, դիվանագիտական կապեր, նույնիսկ եթե նրանք շարունակել են քննարկել միմյանց բաժանող խնդիրները»:
«Անցյալը լուծելու ձեր առաջարկը չի կարող արդյունավետ լինել, եթե այն խուսափում է ներկայի ու ապագայի խնդիրների լուծումից», - գրել էր ՀՀ նախագահը` ընդգծելով, որ «օգտակար երկխոսության մեջ» ընդգրկվելու համար հարկավոր է ստեղծել պատշաճ եւ նպաստավոր քաղաքական միջավայր:
«Կառավարությունների պատասխանատվությունն է զարգացնել երկկողմ հարաբերությունները, եւ մենք իրավունք չունենք այդ պատասխանատվությունը լիազորելու պատմաբաններին: Ահա թե ինչու մենք առաջարկել եւ նորից առաջարկում ենք առանց նախապայմանների հաստատել նորմալ հարաբերություններ երկու երկրների միջեւ: Այս համատեքստում միջկառավարական հանձնաժողովը կարող է քննարկել ցանկացած եւ բոլոր չլուծված խնդիրները մեր երկու պետությունների միջեւ՝ նպատակ ունենալով լուծել դրանք եւ փոխըմբռնման հասնել»,- գրել էր Ռ. Քոչարյանը:
Wikileaks-ը հրապարակել է նաեւ նամակին տրված՝ այն ժամանակ Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսի մեկնաբանությունները: Վերջինս նշել էր, որ Էրդողանի առաջարկը նորություն չէ. 1915 թվականի դեպքերը պատմաբանների կողմից քննարկելու կոչեր հնչել են Թուրքիայի յուրաքանչյուր վարչակազմի կողմից` հակազդելու համար Ցեղասպանության ճանաչմանը, հատկապես` երբ այդ հարցի նկատմամբ միջազգային հանրության հետաքրքրությունը եւ ուշադրությունն ուժեղանում են:
«Բայց առաջին անգամ է, որ նման առաջարկն արվում է գրավոր եւ ամենաբարձր մակարդակով»,- նշել էր Էվանսը` այնուհանդերձ, լուրջ մտահոգություն հայտնելով առաջարկի լրջության եւ անկեղծության կապակցությամբ: Իր մտահոգություններն ապացուցելու համար դեսպանը նախ նշել է, որ մինչ Երեւան հասնելը նամակը հայտնվել էր թուրքական մամուլում: Երկրորդ՝ այն անհապաղ տարածվել էր ԱՄՆ Կոնգրեսում` ցույց տալու համար, որ մերձեցման եւ հաշտեցման գործընթաց է ընթանում, եւ ԱՄՆ-ի որեւէ գործողության, ինչպեսեւ Կոնգրեսի որեւէ բանաձեւի անհրաժեշտությունը չկա:
Դեսպանը նաեւ նշել էր, որ Քոչարյանի նամակը վերահաստատում է հայկական կողմի դիրքորոշումը. Հայաստանը պատրաստ է քննարկել ցանկացած հարց` միջկառավարական հանձնաժողովի մակարդակով: Էվանսը վերջում հույս էր հայտնել, որ վարչապետ Էրդողանը դրական կարձագանքի նախագահ Քոչարյանի` հարաբերությունները նորմալացնելու առաջարկին: