կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-24 16:40
Քաղաքական

Երկխոսությունն ապագա չունի

Երկխոսությունն ապագա չունի

Իշխանություն-ՀԱԿ երկխոսությունն ապագա չունի. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ստեփան Սաֆարյանը` հավելելով. «Իմ կարծիքով` երկխոսություն առհասարակ չի կայանում»:

Պատգամավորը նկատեց նաև, որ քաղաքական դաշտում ստատուս քվոյի փոփոխություններ են լինելու: «Նոր գործընկերություններ, նոր ձևաչափեր են ձևավորվելու, և դա օբյեկտիվորեն անխուսափելի է դառնում: Մոտենում են հաջորդ ընտրությունները և ընդդիմությունն, իր հերթին, չունի այլընտրանք, քան նոր իշխանության ձևավորման պրոցեսն է: Եվ այս կապակցությամբ ստատուս քվոն ձեռնտու է եղել և մնում է նախկին դերակատարներին, ովքեր կարողացել են ինչ-ինչ դերակատարում ունենալ քաղաքական դաշտում»,- նշեց նա` հավելելով, որ քաղաքական ուժերի վարքագծում «մետամորֆոզներ են տեղի ունենում», քանի որ ընտրությունները մոտ են:

Անդրադառնալով Հայ ազգային կոնգրեսի՝ իշխանություններին այլընտրանք լինել կամ չլինելու հարցին՝ Ս. Սաֆարյանը նկատեց. «2008-ին ՀԱԿ-ը իշխանության իսկական այլընտրանք էր համարվում, սակայն այսօր արդեն նման հավակնություններ չեն կարող ունենալ։ Պատճառն այն է, որ ՀԱԿ-ը վերջին տարիներին հանդես է գալիս իշխանության դիրքորոշումներից չտարբերվող դիրքորոշումներով»:

Իսկ ՀՀԿ-ական պատգամավոր Արտակ Զաքարյանը կարեւորեց երկխոսության կայացման փաստը. «Ես կարևոր եմ համարում այն հանգամանքը, որ երկխոսությունն, ըստ էության, կայանում է, ու շահագրգիռ բոլոր ուժերը, կառուցողական մոտեցում ցուցաբերելով, պատրաստակամություն են հայտնում երկխոսելու: Երկխոսությունը դառնում է գործելաոճ, որը ցանկացած ժամանակ կարող է վերսկսվել»:

Պատգամավորը համարում է, որ կարևոր քայլն արված է, ու ընթացքն էլ հանգեցնում է նրան, որ մեր քաղաքական համակարգում երկխոսություն հասկացությունը դառնում է արդեն ընդունելի ու հասկանալի, իսկ դա, ըստ նրա, նշանակում է, որ մեր պետության, մեր հասարակության համար դա ողջունելի է:

Ինչ վերաբերում է ՀԱԿ ակտիվիստներին, Ստեփան Սաֆարյանն ձեռնպահ մնաց որեւէ գնահատական տալուց: «Ընդհանուր առմամբ, պիտի ասեմ, որ «քաղբանտարկյալ» հասկացությունն այն է, երբ մարդն իր քաղաքական հայացքների համար ենթարկվում է հետապնդումների կամ ազատազրկվում է»,-ասաց նա` հավելելով, որ ցանկացած միջադեպ չէ, որ կարելի է քաղաքական հետապնդում համարել:

Իսկ ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը նշեց, որ մեզանում չարաշահվում և արժեզրկվում է «քաղբանտարկյալ» հասկացությունը, այն դեպքում, երբ տվյալ հասկացությունը մեզ մոտ գոյություն չի էլ ունեցել: «Չկա գոնե մեկը, ում դեպքում գոնե հասարակության 90 տոկոսն ընդունի, որ այո, այս մարդը դատապարտվել է իր քաղաքական հայացքների համար: Իսկ եթե նույն այս մարդիկ քաղբանտարկյալներ են, թող իրենց քաղաքական հայացքները հակիրճ ձեւով շարադրեն, որ հասկանալի դառնա»,- ասաց նա: