Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լիբիական պատերազմը, կարելի է ասել, մի օրինակ էր, որի դեպքում կարելի է ուսումնասիրել տեղեկատվական պատերազմը: Լիբիական դեպքերի մասին տեղեկատվության երկու աղբյուր կա. պատերազմը լուսաբանում են Al Jazeera հեռուստաալիքի թղթակիցներն ու կոալիցիայի զինվորական հրամանատարության կողմից ստեղծված լրագրողների խումբը:
«Տրիպոլիում ինտերնետ չկա, չկան նաեւ այլընտրանքային լրատվամիջոցներ: Կադաֆիի եւ նրա համախոհների հաղորդած ինֆորմացիան չի տարածվում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց արաբագետ Սուրեն Մանուկյանը` հավելելով, որ տարածվող ինֆորմացիան էլ կասկածի տեղիք է տալիս: Օրինակ` խոսվում էր Կադաֆիի երկու որդիների ձերբակալված լինելու մասին, իսկ հետո պարզվեց, որ նրանք ազատության մեջ են եւ հանդիպումներ են ունենում լրագրողների հետ:
«Այս կիսաճշմարտությունների ֆոնը դժվարացնում է վերլուծական աշխատանքը, բայց այն, որ Տրիպոլին ընկել է, արդեն փաստ կարելի է համարել: Այսօր առավոտյան Կադաֆին հայտարարել է, որ Տրիպոլիից հեռացել է, թեեւ վերապահումներով ասում է, որ դա մարտավարական քայլ է»,- ասաց արաբագետը:
Այս տարվա սկզբից հեղափոխությունների շարժում սկսվեց, որն անվանում էին «արաբական գարուն»: Սակայն, ի տարբերություն Թունիսի եւ Եգիպտոսի, Լիբիան միակն էր, որտեղ իշխանությունը դիմադրեց եւ պատերազմ սկսեց: Կադաֆին առաջինն էր, որ ցույց տվեց, թե ապստամբությունը ճնշելու միակ ձեւը ռազմական ճանապարհն է, քանի որ ընդդիմադիրները չեն գնում բանակցությունների եւ չեն հավատում բարեփոխումներ կատարելու խոստումներին: Նրա այս օրինակը սկսեցին կիրառել մյուս երկրները` Սիրիան, Եմենը, Բահրեյնը:
Լիբիայի դեպքում հետաքրքիր հանգամանքներից մեկը, որ նշեց արաբագետը, այն է, որ առաջին անգամ նկատվեց արտաքին անմիջական ներգրավվածություն, ՄԱԿ-ի կողմից ընդունվեց բանաձեւ Լիբիան շրջափակելու, ընդդիմադիրներին օգնելու վերաբերյալ:
«Սա ցույց տվեց արտաքին աշխարհին, թե ինչպես կարելի է հաղթահարել արաբական իշխանությունների դիմադրությունը: Ինձ համար սա մի քիչ տագնապալի է, քանի որ սա կարող է ճանապարհ ցույց տալ, որով կարելի է շարժվել Սիրիայի դեպքում: Իսկ Սիրիան մեզ անհամեմատ ավելի մոտ է եւ կենսական: Եվ արտաքին ներխուժումը Սիրիա կլինի աղետալի ոչ միայն այդ երկրի, այլեւ այնտեղ ապրող մեր հայրենակիցների ու Հայաստանի համար»,- ասաց Ս. Մանուկյանը:
Բանն այն է, որ հայերն ավանդաբար չեզոքություն են պահպանել այս երկրի ներքին հարցերում: Սակայն այս անգամ նրանք բացահայտ պաշտպանեցին իշխանությանը: Ըստ արաբագետի` սա տրամաբանական է, քանի որ հայերը հասկանում են, որ միայն Ասադի ռեժիմը կարող է պաշտպանել իրենց. «Ցանկացած այլ իշխանություն կամ անիշխանությունը հայերի վիճակը կտրուկ կվատացնի: Մենք աչքի առաջ ունենք իրաքյան հայ համայնքի օրինակը. այն քայքայվեց պատերազմի ժամանակ, այսօր մենք իրաքահայ համայնք` որպես այդպիսին, չունենք»:
Սակայն արտաքին ուժերի Սիրիա ներխուժումը, արեւելագետի խոսքերով, ներկայումս հավանական չէ: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ հնարավոր հետեւանքներ կունենան Լիբիայի դեպքերը Հայաստանի համար, Ս. Մանուկյանը պատասխանեց, որ Լիբիայի հետ մենք ուղղակի հարաբերություններ չունենք. միայն Արա Աբրահամյանի բարեգործական այցերը Հայաստանի հետ կապեր չեն համարվում: