կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-09-14 16:54
Հասարակություն

Բաքվի 1918 թ. ինքնապաշտպանությունն ու անկումը. դրա նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար

Բաքվի 1918 թ. ինքնապաշտպանությունն ու անկումը. դրա նշանակությունը Հայաստանի Հանրապետության համար

1918 թ. սեպտեմբերի 14-ին՝ չորսամսյա հերոսական դիմադրությունից հետո, ընկավ հայկական Բաքուն: Գաղտնիք չէ, որ մինչև 20-րդ դարի սկիզբը Բաքուն մեծապես հայկական քաղաք էր, այստեղ քաղաքական և տնտեսական գերակայությունը պատկանում էր հայերին: Իրադարձությունների հետագա զարգացումը աստիճանաբար փոխեց ուժերի հարաբերակցությունը։

Այդ գործընթացի վրա առանձնապես մեծ ազդեցություն ունեցան 1917 թ. հոկտեմբերյան հեղափոխությունը և դրան հաջորդած ռուսական զորքերի դուրսբերումը ռազմաճակատից, ինչի հետևանքով Թուրքիայի ձեռքերն Այսրկովկասում ազատվեցին, և նա ձեռնամուխ եղավ իր պանթյուրքիստական քաղաքականության իրագործմանը: Զենք ձեռք բերելու և թուրքական արշավանքին աջակցելու համար կովկասյան թաթարների (կովկասյան թուրքեր) առաջին քայլերից մեկը եղավ ճակատից վերադարձող գնացքների վրա կատարվող ավազակային հարձակումներ գործելը: Հունվարի 9-13-ը «Շամխոր» կայարանում թաթարական հարձակումներին զոհ գնացին ռուսական բանակի բազմաթիվ զինվորներ, ինչպես նաև թալանվեց զենք-զինամթերք: Բաքվի և Թիֆլիսի միջև երկաթուղային կապի շրջափակման պատճառով պատերազմի ավարտին գերմանական ճակատից տուն վերադարձող բազմաթիվ հայ զինվորներ ստիպված էին մնալ Բաքվում, որոնք իրենց դերակատարությունն ունեցան քաղաքի հետագա ինքնապաշտպանության գործում:

Այսրկովկասում պանթյուրքիստական քարոզչության ծավալման և մուսավաթական կուսակցության վարած հակահայ քաղաքականության հետևանքով ստեղծվել էր պայթյունավտանգ թշնամական մթնոլորտ։ Դրությունը տագնապալի էր հատկապես Թիֆլիս-Բաքու երկաթուղու շրջանում, որտեղ թուրք ավազակներն առանց որևէ արգելքի սպանում էին հայերին: Մուսավաթը ձգտում էր Բաքվում իշխանությունից զրկելու բոլշևիկներին: Ռուսաստանում տեղի ունեցած Հոկտեմբերյան հեղաշրջումից հետո բանվորների ու զինվորների՝ Բաքվի ընդլայնված խորհուրդը 1917 թ. նոյեմբերի 2-ին իրեն հայտարարեց բոլշևիկյան կառավարության կողմնակից։ Նույն նիստում ընտրվեց նոր գործադիր մարմին՝ Ստ. Շահումյանի նախագահությամբ:

1918 թ. մարտի 30-ին Բաքվում սկսվեցին կռիվներ բոլշևիկյան իշխանության և մուսավաթականների միջև։ Երեք օր տևած մարտերն ավարտվեցին ապրիլի 1-ին մուսավաթականների պարտությամբ. երկու կողմից զոհվեց ավելի քան 3000 մարդ:
Առաջին աշխարհամարտի ընթացքում Բաքվի գրավումը թուրքերի համար ուներ տնտեսական, քաղաքական և ռազմավարական նշանակություն։ Թուրքերը նպատակ էին հետապնդում Բաքվի գրավումից հետո անցնելու Միջին Ասիա և ստեղծելու թուրանական մեծ պետություն: Մայիսի վերջերին Սարդարապատում, Բաշ-Ապարանում և Ղարաքիլիսայում պարտություն կրելուց ու հազարավոր ասկյարներ կորցնելուց հետո թուրքերն իրենց արշավանքի ուղղությունը փոխեցին դեպի Բաքու և հունիսի կեսերին կենտրոնացան Գանձակում (Գյանջա):

Այդ օրերին Բաքվում Հայոց ազգային խորհուրդը՝ Աբրահամ Գյուլխանդանյանի գլխավորությամբ, և Բաքվի կոմունան՝ Ստ. Շահումյանի գլխավորությամբ, միասնական ճակատ էին կազմել ընդդեմ մուսավաթականների:

Բոլշևիկյան ոչ մեծաթիվ ուժերին այդ օրերին Բաքվում կարող էին հակադրվել միայն երկու կուսակցություններ՝ Հայ Հեղափոխական Դաշնակցությունը և թաթարական Մուսավաթը: «Դաշնակցությունը հասկանում էր, որ Մուսավաթին հարկավոր է իր բարեկամությունը այնչափ միայն, որչափ գոյություն ունի բոլշևիկյան սպառնալիքն ու վտանգը: Բոլշևիկներին չեզոքացնելուց հետո Մուսավաթը, երկրորդ հերթին, ասպարեզից վերացնելու էր նաև Դաշնակցությանը: Կասկած չկար, որ նույնը անելու են և բոլշևիկները, երբ Դաշնակցության զինված խմբերի օգնությամբ խորտակեն Մուսավաթը»:Դաշնակցության համար, սակայն, առաջնայինը հայության շահերն ու անվտանգությունն էին, և այդ առումով ավելի ընդունելի էր բոլշևիկյան իշխանությունը, քան մուսավաթականը:

Մայիսի վերջից Գանձակում հաստատված Ադրբեջանի կառավարությունը և մուսավաթական կուսակցությունը մշակում են մի շարք բնակավայրերի, այդ թվում՝ Բաքվի հայերի կոտորածի ծրագիր: Բաքվում գտնվող և Դաշնակցություն-բոլշևիկ համագործակցությունը գլուխ բերող Ռոստոմն իրավացիորեն գտնում էր. «Վաղը հենց որ բացուեն Բագուի դռները Ազերբէյջանի բանակի առջեւ, եւ տաճիկները տեղատրուեն Բագւում, Խան-Խոյսկու ամբոխը եւ տաճկական բանակը, ձեռք ձեռքի տուած, պիտի սրբեն նաեւ Բագուի եւ Գանձակի հայութիւնը, ապա պիտի բարձրանան Ղարաբաղ, պիտի իջնեն Զանգեզուր եւ Երեւանը ոտնատակ պիտի տան»։ Բաքվի Հայոց ազգային խորհուրդն ու ՀՅԴ-ն համոզված էին, որ նորաստեղծ Հայաստանի Հանրապետությունը թուրքական վերահաս արշավանքից հեռու պահելու համար պետք էր թուրքերին հնարավորինս երկար պահել Բաքվի դարպասների մոտ: Միաժամանակ հասկանալի էր նաև, որ Բաքվի գրավման դեպքում հայ բնակչության կոտորածն անխուսափելի կլիներ, և հենց այդ պատճառով Բաքվի պաշտպանությանը մասնակցում էր քաղաքի գրեթե ողջ հայությունը։ Այդ օրերին Բաքվում գտնվող Հր. Աճառյանը ստանձնեց բանակի շտաբի թարգմանչի գործը: «1918 թ. մայիս-հունիս ամիսներին դե-յուրե Բաքվի կոմունայի բանակին, իսկ դե-ֆակտո Բաքվի Հայոց ազգային խորհրդին և անձամբ Ռոստոմին ենթարկվող 15 հազարանոց հայկական զինուժն իր հերթին ճնշել էր Գանձակի մուսավաթականներին, գրավել Բաքվի նահանգի գրեթե ողջ տարածքն ու մոտենում էր Եվլախ կայարանի մատույցներին: Ստացվում էր, որ Մայիսյան գոյամարտի ու Բաքվի հայկական զինուժի մայիս-հունիսյան առաջխաղացման արդյունքում ձևավորվում է ուժերի մի նոր դասավորություն, որի ռեալ հարաբերակցությունը, վերջիվերջո, հանգեցնելու էր նրան, որ Կոմունայի միջոցով Ռուսաստանից որոշակի քանակությամբ զենք ու զինամթերք ստացող հայկական ուժերը տիրանալու էին ոչ միայն Բաքվին, այլև Գանձակին ու Ղարաբաղին, իսկ ահա թուրքերը՝ աքցանի մեջ հայտնված Երևանին ու նրա շրջակա գավառներին: Հենց սա էր այն ակնհայտ սպառնալիք-մարտահրավերը, որը համաթուրանական ծրագրերով տարված Թալեաթին հարկադրեց ժամանակավորապես հաշտվել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման փաստի հետ և, դժվարությամբ կոտրելով Երևանի վրա նոր գրոհի կողմնակից Էնվերի դիմադրությունը, օգնություն ուղարկել Իրանի վրայով Գանձակ հասած Նուրի փաշային»:

Թուրքական զորքերը ռազմական գործողությունները սկսեցին հունիսի 15-ին։ Հունիսի 16-17-ին տեղի ունեցած մարտերում Համազասպ Սրվանձտյանի ղեկավարած խմբին հաջողվեց փայլուն հաղթանակ տանել։ Հայկական ուժերը մինչև հունիսի 26-ը զարգացրին հաջողությունները, հունիսի 27-30-ը թեժ մարտեր ծավալվեցին Գյոգչայի շուրջ, որտեղ հուլիսի 1-ին հաղթանակ տանելուց հետո թշնամին շարժվեց Բաքվի ուղղությամբ: Քաղաքի ինքնապաշտպանության գործը դժվարանում է զինական ուժի, ռազմամթերքի և պարենի սակավության պատճառով: Ռուսաստանից անհրաժեշտ օգնություն ստանալու ակնկալիքով Ստ. Շահումյանը հեռագրեր էր հղում Լենինին: Հուլիսի 20-ի հեռագրում Ստ. Շահումյանը գրում էր. «Դրությունը դառնում է լուրջ: Բաքվի համար զինվորական ուժերի ուղարկումը պետք է ուժեղացվի և արագացվի: Կարգադրություն արեք, որ տեղական սովետները ճանապարհին չկանգնեցնեն Բաքու ուղարկվող զորամասերին: Հաղորդեցեք` կարող ենք օգնություն սպասել և ե՞րբ: Կրկնում եմ, անհրաժեշտ է շուտափույթ և լուրջ օգնություն զորքերով»:
Շահումյանի այս խնդրանքը, սակայն, մնաց անարձագանք։ Իրենց հերթին խոչընդոտներ էին հարուցում նաև ռազմածովային գործերի ժողկոմիսար Տրոցկին և 1918 թ. հուլիսից հյուսիսկովկասյան շրջանի ժողկոմիսար Ստալինը:

Հուլիսի 26-ին Շահումյանը ևս մեկ հեռագիր է հղում Լենինին, որում իր անհանգստությունն էր հայտնում ռազմական օգնության ուշացման կապակցությամբ՝ գրելով. «Թախանձալից խնդրում եմ բոլոր միջոցները ձեռք առնել անմիջապես կանոնավոր զորամասեր ուղարկելու համար: Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը, կան գերմանական հրահանգիչներ»:

Վերջապես հուլիսի 29-ին Լենինը պատասխանում է Շահումյանի հեռագրին. «Զորքեր ուղարկելու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապես խոսք տալ չենք կարող»: Լենինի այս պատասխանից պետք է, որ Շահումյանը կռահեր, որ ՌԽՖՍՀ-ի վրա հույս դնելն անիմաստ էր, բայց հետագա իրադարձությունները ցույց տվեցին, որ Շահումյանը շարունակում էր հույսեր կապել Լենինից սպասվող ոչնչով չերաշխավորված օգնության հետ:

Այս օրհասական պահերին էր, որ քննարկվում էր Հյուսիսային Իրանից անգլիացիներին Բաքու հրավիրելու հարցը. «Մտահոգ հայության ֆիզիկական գոյության խնդրով, փորձելով Բաքվի պաշտպանության գործում օգտագործել անգլիացիների զինական ուժերը, Բաքվի Հայոց ազգային խորհուրդը, ՀՅԴ Բաքվի կենտրոնական կոմիտեն, աջ սոցիալիստ-հեղափոխականները (էսէռ) ու սոցիալ-դեմոկրատ մենշևիկների խմբակցությունները որոշեցին ապավինել անգլիացիների օգնությանը»:

Բոլշևիկները դեմ արտահայտվեցին այդ որոշմանը՝ գտնելով, որ Բաքվում անգլիացիների հայտնվելը նշանակելու է «….այդ քաղաքի օկուպացիան անգլիական իմպերիալիզմի կողմից, և Բաքու քաղաքը կորչելու է Ռուսաստանի համար»: Մինչդեռ հայության համար այդ օրհասական պահին անգլիացիների օգնությունը խիստ անհրաժեշտ էր, քանի որ, ինչպես նշում է Ս. Վրացյանը. «Դրությունը դառնում էր հուսահատական: Ի՞նչ անել, ո՞ւմ դիմել: Ռուսաստանից հույս չկար…. Մնում էր աղոտ հավանականություն օգնություն ստանալ «երրորդ ուժից»` անգլիացիներից….»: Ճակատագրական պահին համաշխարհային հեղափոխության հովերով տարված և ՌԽՖՍՀ տարածաշրջանային շահերով մտահոգված Բաքվի բոլշևիկյան իշխանությունը մոռանում էր թերևս ամենակարևորի՝ քաղաքի հայության անվտանգության և առհասարակ հայ ժողովրդի շահերի մասին։ Այս առումով տեղին է Դավիթ Անանունի այն ընդգծումը, որ «Բոլշևիկյան իշխանությունը Բաքվում Ռուսաստանի համար էր աշխատում»: Ի վերջո, Բաքվի խորհրդի հուլիսի 5-ի արտակարգ նիստը որոշում կայացրեց անգլիացիներին քաղաք հրավիրելու մասին:

Բոլշևիկներն անդրդվելի մնացին, ինչի հետևանքով ինքնապաշտպանական ուժերը պառակտվեցին, Բաքվի բոլշևիկյան իշխանությունն ի վերջո լքեց ինքնապաշտպանական ուժերին և հեռացավ քաղաքից. «Հուլիսի 28-ից մինչև 30-ի գիշերները նավերի վրա փոխադրեցին ռազմամթերքը, պարենը, բանկերի ամբողջ դրամը, զանազան ապրանքներ, ամեն ինչ, որ արժեք ուներ: Հուլիսի 30-ին նավերի վրա փոխադրվեցին բոլշևիկ զորքերն ու բոլշևիկ պարագլուխների ընտանիքները: Ապա հապճեպով խորհրդի արտակարգ նիստ գումարեցին, ուր Շահումյանը մի տգեղ ճառով անհաջողությունների ամբողջ պատասխանատվությունը ձգեց մենշևիկ-էսէռների և Հ. Հ. Դաշնակցության ու Հ. ազգ. խորհրդի վրա և հայտարարեց, որ Ժող. գործխորհուրդը հրաժարվում է իշխանությունից ու հեռանում Աստրախան….»:

Այս նույն ժամանակ շարունակվում էր թուրքական զորքերի առաջխաղացումը դեպի Բաքու։ Հուլիսի 31-ին թուրքերն արդեն մոտեցել էին Սումգայիթին:

«Բաքվի շուրջ ստեղծված այդ օրհասական օրերին, հուլիսի վերջերին Հյուսիսային Կովկասից Աստրախանի վրայով Բաքվի պաշտպաններին օգնության են հասնում անվանի ռազմիկներ Սեբաստացի Մուրադը (Մուրադ Խրիմյան), Սեպուհը (Արշակ Ներսիսյան) և Ստեփան Ծաղիկյանը»: Բոլշևիկների փախուստից հետո ստեղծվեց նոր իշխանություն՝ Կենտրոնական Կասպիի կառավարությունը (Բաքվի դիկտատուրան), որի կազմում ընդգրկվեցին սոցիալիստ հեղափոխականներ Վելունցն ու Ումանսկին, դաշնակցականներ Առաքելյանն ու Մելիք-Յոլչյանը և երեք նավաստիներ Կասպից ծովի նավատորմիղից: Դիկտատուրայի առաջին գործը եղավ ռազմանավեր ուղարկելն ու բոլշևիկներին և նրանց տարած ավարը հետ բերելը: Նավերը վերադարձվեցին, բոլշևիկները բանտարկվեցին:

Օգոստոսի առաջին օրերին տեղի ունեցած հերոսական մարտերում զոհվեց Սեբաստացի Մուրադը, Բաքվի ինքնապաշտպանական ուժերը մեծ կորուստների գնով կարողացան կանխել թշնամու առաջխաղացումը և անցնել նրա թիկունք, ինչի հետևանքով «….թուրքերը, մարտի դաշտում թողնելով շուրջ 1000-ից ավել սպանված, հետ շպրտվեցին Բաքվից ավելի քան 40 կմ հեռու գտնվող Այլաթ կայարան»:

Օգոստոսի 5-ին Բաքու հասան անգլիացիները, որոնց զինուժի թիվը մինչև օգոստոսի 19-ը հասավ 2700-ի, որից «200-ը հետ գնաց, իսկ 150-200 հոգին կռիվներում սպանվեց կամ գերի ընկավ»: Բաքու հասած անգլիական ուժերը ղեկավարում էր գնդապետ Ստոքսը, հետագայում՝ նա և գեներալ Դենստերվիլը:

Մեկ ամսվա ընթացքում Բաքուն ամբողջովին շրջափակվել էր ցամաքից՝ արտաքին աշխարհի հետ կապ պահպանելով միայն Կասպից ծովի շնորհիվ: Սեպտեմբերի 1-ին զինվորականության մի մասը դիկտատուրային առաջարկեց Բաքուն հանձնել թուրքերին։ Հարցը քննարկվեց կառավարության նիստի ընթացքում և մերժվեց, ավելին՝ դիկտատուրան «….պահանջեց, որ անգլիացիք մեկնեն ճակատ՝ սպառնալով, հակառակ պարագային, թնդանոթի կրակի բռնել նրանց նավերը: Անգլիացիները համակերպվեցին: Կռիվները շարունակվեցին անընդհատ. թշնամին դանդաղ, բայց հաստատուն քայլերով մոտենում էր քաղաքին»:

Բաքվի պաշտպանությունը տևեց մինչև սեպտեմբերի 14-ը, երբ անգլիացիները սկսեցին թողնել իրենց դիրքերը և նավ նստել՝ հետևելով հայ բոլշևիկների օրինակին:

«Հայերը մնացին մենակ: Դիկտատուրան սկսեց պատվիրակություն պատրաստել հաշտության բանակցությունների համար: Մյուս կողմից, նավերն էին թափվում ժողովուրդն ու զինվորները. զորամասերը քայլ առ քայլ նահանջում ու հավաքվում էին ծովափին: Որոշ մասեր, սակայն, չկարողացան հեռանալ դիրքերից ու մինչև վերջին փամփուշտը կռվելուց հետո կոտորվեցին կամ գերի ընկան»:

Հայոց ազգային խորհրդին ոչինչ չէր մնում անելու, բացի հայ բնակչությանը տարհանելու մասին մտածելուց։ Սեպտեմբերի 15-ին սկսվեց բնակչության տարհանումը, որն իրականացվեց 60 շոգենավերով, 20-ը՝ զորքի, 40-ը՝ բնակչության համար։ Հր. Աճառյանի վկայությամբ՝ այդ շոգենավերը «….լիքն էին փախստականներով, մեծ ու փոքր, կին ու երեխա, զինվոր ու քաղաքացի: Բոլորն էլ փախչում են: Գնում ենք այդպես խմբով, իրար հետ միասին, կարծես պար բռնած ծովի վրա, մինչ մեր ետևում վառվում է քաղաքը….»: Հրաչյա Աճառյանին վստահվել էր առաջինը տարհանված 600 որբերին Իրան հասցնելու պատասխանատու գործը։ Նա մեծ պատասխանատվությամբ կատարեց այն: Բաքվի 100.000 հայ բնակչությունից հնարավոր եղավ տարհանել 50.000-ին։ Վրացյանի վկայությամբ՝ «Սեպտ. 15-ի առավոտյան Ազգ. խորհրդի անդամները, ինքնապաշտպանության կազմակերպիչներն ու ղեկավարները, զինվորներն ու բնակչության մի մասը նավերով հեռացան Բաքվից .… Վերջին նավ նստողն էր Բաքվի հերոսամարտի ոգին՝ Ռոստոմը՝ մռայլ, ընկճված ու հուսաբեկ….»:
Սեպտեմբերի 15-ի կեսօրին թուրքական զորքը մտավ Բաքու։ Երեք օրվա ընթացքում սպանվեց 30.000 հայ: Ինչ վերաբերում է Բաքվի 26 կոմիսարներին, ապա անգամ ինքնապաշտպանական ուժերին թշնամու դեմ մենակ թողնելը չփրկեց նրանց. «….Անդրկասպյան էսէռական իշխանությունը և անգլիացիները սեպտեմբերի 20-ին, Կրասնովոդսկից 207 վերստ հեռավորության վրա, Ախչա–Կույմա և Պերևալ կայարանների միջև, ավազուտներում, նրանց գնդակահարեցին: Կոմիսարներից 8-ը հայեր էին` Ստեփան Շահումյանը, Գրիգոր Ղորղանյանը (Կորգանով), եղբայրներ Արսեն և Թադևոս Ամիրյանները, Սուրեն Հովսեփյանը, Բաղդասար Ավագյանը, Արմենակ Բորյանը և Արամ Կոստանդյանը»: Մինչդեռ իրադարձությունները և Բաքվի ինքնապաշտպանությունը կարող էին այլ ավարտ ունենալ, եթե Բաքվի կոմունան ճակատագրական պահին չլքեր քաղաքի պաշտպաններին:

Միանգամայն հասկանալի է, որ Բաքվի կոտորածները ծրագրել և իրականացնում էր «Իթթիհատ»-ի ղեկավարությունը՝ Հայոց ցեղասպանության գլխավոր հանցագործներից Բեհաէդդին Շաքիրի գլխավորությամբ, որը նշանակվել էր Բաքվի ոստիկանապետ:

Բաքվի ինքնապաշտպանության նշանակությունը

Ինչպես արդեն ասել ենք, Բաքվի ինքնապաշտպանական ուժերի ղեկավար Ռոստոմն իրավացիորեն գտնում էր, որ որքան երկար կարողանան թուրքերին գամված պահել Բաքվի շրջակայքում, այնքան Հայաստանի Հանրապետությունը հնարավորինս հեռու կպահեն թուրքական վերահաս հարձակման վտանգից՝ ժամանակ շահելով մինչև Առաջին աշխարհամարտի ավարտը։ Բաքվի պաշտպանների չորսամսյա հերոսական դիմադրության շնորհիվ քաղաքը գրաված թուրքական զորամասերը մեծաթիվ կորուստների գնով գամված մնացին Բաքվի շրջանում, և Թուրքիան չկարողացավ օղակել ՀՀ-ն ու իրագործել արևելահայության բնաջնջման պանթյուրքիստական ծրագիրը: Իրադարձությունները ցույց տվեցին, որ իրատեսական էր Ռոստոմի՝ «Արամի հետ «երկու ձեռքով» խաղալու մարտավարությունը»։ Այդ մարտավարության էությունն այն էր, որ «Երևանում գտնվող և առերևույթ Բաթումի պայմանագիրը հարգող Արամը և Բաքվում գտնվող, սակայն քաղաքից հայկական ուժերի դուրսբերման՝ Բաթումի պայմանագրով նախատեսվող ՀՀ պարտավորության կատարումից հրաժարվող Ռոստոմը, ձևով հակադրվելով իրար, բովանդակությամբ նույն խաղն էին առաջ տանում: Նրանք գիտակցում էին, որ որքան ձգձգվի Բաքվի դիմադրությունը, այնքան կհետաձգվի Երևանի վրա թուրքական բանակի գրոհը»:

Բաքվի ինքնապաշտպանության գլխավոր արդյունքը, հազարավոր հայերի ֆիզիկական փրկությունից զատ, նաև Հայաստանի՝ փոքրիկ և արտաքին աշխարհի հետ գրեթե կապ չունեցող հանրապետության գոյության ապահովումն էր, մի փաստ, որի համար, Բաքվի պաշտպաններից բացի, պետք է արժանին մատուցել ժամանակի երկու մեծագույն գործիչներին՝ Ռոստոմին և Արամին, քանզի անհնար է խոսել Բաքվի ինքնապաշտպանության նշանակության մասին և չնշել, որ «Արամ-Ռոստոմ տան- դեմը համապատասխանաբար Երևանում ու Բաքվում, արտաքուստ հակադրվելով իրար, հրաշալի կերպով գիտակցեց ու փայլուն կերպով կանխեց թղթի վրա հաշտության արձանագրություններ ստորագրելու և ապա «հաջորդ ցատկը» կատարելու Թուրքիայի ավանդական (և այսօր էլ շարունակվող) քաղաքականության էությունն ու նպատակները: Գիտակցեց ու կանխեց թուրք-ադրբեջանական աքցանի մեջ Հայաստանը խեղդելու այն ծրագիրը, որը բացահայտվեց միայն Բաքուն գրավելուց հետո 1918 թ. սեպտեմբերին թուրքական «Ենիգյուն» թերթում տպագրված «Միացյալ» կամ «Մեծ Ադրբեջանի» քարտեզի տեսքով»: Իսկ հետագա իրադարձությունները դասավորվեցին ի նպաստ Հայաստանի Հանրապետության, որովհետև Առաջին աշխարհամարտում պարտված Թուրքիան հոկտեմբերի 30-ի Մուդրոսի զինադադարով դուրս եկավ պատերազմից և հետ քաշեց իր ուժերը Այսրկովկասից, ինչի արդյունքում Հայաստանի տարածքն ընդլայնվեց՝ հասնելով մինչև 1914 թ. գոյություն ունեցող ռուս-թուրքական սահմանագիծը:

Բաքվի ինքնապաշտպանության գլխավոր դասը դարձյալ միասնությունն ու սեփական ուժերի վրա հույս դնելն է։ Պատմությունը «եթե»-ներ չի սիրում, բայց դժվար չէ կռահել, թե ինչպիսի ընթացք կունենային իրադարձությունները հետագա 2 տարիների ընթացքում, և ինչպիսին կլիներ այսօր ուժերի հարաբերակցությունը տարածաշրջանում, եթե Շահումյանն ու Բաքվի կոմունարները ժամանակավորապես մոռանային Խորհրդային Ռուսաստանի շահերի մասին, չջլատեին ինքնապաշտպանական ուժերը, և ի վերջո՝ Բաքուն չգրավվեր թուրքերի կողմից…

————————————————————————————

Օգտագործված գրականության եւ նյութերի ցանկ

ա) Գրականություն

Աճառյան Հ., Կյանքիս հուշերից, Եր., 1967։
Արամ Մանուկյան. ազգային և պետական գործիչը (Հոդվածների ժողովածու), Եր., 2010։
Վրացյան Ս., Հայաստանի Հանրապետություն, Եր., 1993։

բ) Համացանցային նյութեր


http://hpj.asj-oa.am/2586/1/2008-3(31).pdf

Անի Մելքոնյան, ԵՊՀ պատմության ֆակուլտետ, ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամ

«Դրօշակ», թիվ 9 (1643), սեպտեմբեր, 2020 թ.