կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-25 17:40
Տարածաշրջան

«Հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ղեկավարին ազատազրկում է սպառնում

«Հայերի որս սկսելու» սպառնալիք հնչեցրած թուրք ղեկավարին ազատազրկում է սպառնում

Նախորդ տարի Արևմտյան Հայաստանում համերգով էր հանդես եկել ջազ-դաշնակահար Տիգրան Համասյանը: Համերգի վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկած` թուրք ազգայնամոլների ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը սպառնացել էր` «Կարսի փողոցներում հայերի որս սկսելով»: Թուրքիայում հայ պատգամավոր Կարո Փայլանն այդ սպառնալիքների պատճառով նրան դատի էր տվել:

T24-ի հաղորդմամբ՝  հայատյաց ղեկավարի դեմ հարուցված դատական գործընթացն ավարտվել է մայիսի 24-ին:

Խտրականության և ստորացնելու մեղադրանքով դատարանը որոշել է Ադըգյուզելին 6 ամսվա ազատազրկման ենթարկել, սակայն, քանի որ «հանցանքն իրագործվել է համացանցում», դատարանը նվազեցրել է պատիժը՝ 7 ամիս և 15 օրվա ազատազրկում, նաև` 11 հազար 240 թուրքական լիրա դրամական փոխհատուցում:

Ընդ որում` դատարանի որոշումը գործի չի դրվել, քանի որ, ըստ կայքի, «տվյալ անձն այլ հանցանքներ չի ունեցել»: Դատարանի որոշման կատարումը հետաձգվել է:

Հիշեցնենք, որ նախորդ տարի ազգայնամոլների կուսակցության ղեկավարներից Թոլգա Ադըգյուզելը դժգոհություն էր հայտնել հայտնի երաժիշտ Տիգրան Համասյանի` Արևմտյան Հայաստանում ընթացող համերգաշարի առնչությամբ: Նա իր դժգոհությունը հայտնելու համար մամուլի հատուկ ասուլիս էր հրավիրել, որի ընթացքում հայերի հասցեին սպառնալիքներ էր հնչեցրել:

«Այսուհետ բոլորն իմանալու են իրենց չափն ու սահմանը: Փորձում են մեր համբերությո՞ւնը չափել: Կարո՞ղ է` մենք էլ Կարսի փողոցներում հայերի որսի դուրս գանք»,- բացահայտորեն սպառնացել էր նա: Ազգայնամոլ ղեկավարի խոսքով` երբ իրենք Հայաստան են այցելել, իրենց թույլ չեն տվել պարզել Թուրքիայի դրոշը: «Իրենց սրբավայրերում մենք կարո՞ղ ենք համերգ տալ: Եթե մենք մինչ օրս չենք արել նման բան, դա դեռ չի նշանակում, որ չենք անելու: Մենք այս բոլոր կատարվածները մեզ մոտ նշել ենք»,-ասել էր Ադըգյուզելը` խոստանալով, որ այսուհետ նմանատիպ իրադարձություններ տեղի ունենալու դեպքում «իրենք հարկ եղածն անելու են»:

Այս սպառնալիքներից հետո քրդամետ կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը նրա դեմ բողոքի հայց էր ներկայացրել:

Հիշեցնենք նաև, որ Կարսում հայատյաց ղեկավարի հայտարություններից հետո Կարս այցելել պատրաստվողները չեղարկել էին իրենց հյուրանոցային վարձակալությունները:

Թարգմանությունը՝ Արազ Գայմագամյանի