կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-23 13:09
Առանց Կատեգորիա

Գարեջուր` Աթաթուրքի հայացքի ներքո

Գարեջուր` Աթաթուրքի  հայացքի ներքո

Իրականում այս պատմությանն ընդհանրապես չարժեր անդրադառնալ, եթե նման մտայնություն չլիներ որոշ «առաջադեմ երիտասարդների» մոտ, ովքեր բարևի փոսխարեն hi, իսկ շնորհակալության փոխարեն` thank you են ասում:

Այս կիրակի ընկերներիս հետ որոշեցինք մի քիչ ուրախանալ ու գնացինք գարեջուր խմելու: Ալիկը հազար անգամ ասաց, թե «ապ, էդ անտեր գլամուռ տեղերի հետ գործ չունիք», գնանք մի նորմալ տեղ, գարեջուր խմենք, ուրախանանք ու շուտ տուն գնանք: Ես ու Նորոն էլ մեր գյումրեցի անզուգական ընկերոջը մեղադրեցինք «քյառթու լինելու մեջ» և Փարպեցի փողոցներից մեկի, այսպես կոչված, pub գնացինք: Ալիկը, ճիշտ է, մի քիչ փնթփնթաց, սակայն, վերջ ի վերջո, համաձայնեց, ու երեքս ծիծաղելով մտանք այդ հաստատություն, որը, ինչպես հետագայում պարզվեց, ավելի լավ էր չմտնեինք: Ավելին` ավելի լավ էր, որ այդ տեղի մասին երբեք էլ չիմանայինք, թե չէ մինչև հիմա մեզ ուտում ենք` տեղի ունեցածը հիշելով:

Գարեջուր խնդրելուց հետո սկսեցինք ուսումնասիրել մեր շրջապատը, նստածներին, և ականջիս թուրքերեն խոսակցություն լսվեց: Ձայն չհանեցի, քանի որ վերջին շրջանում պոլսահայ բազմաթիվ երիտասարդներ են Հայաստան գալիս, նրանց մի մասն էլ, դժբախտաբար, հայերեն չի խոսում:

Հետո նկատեցի, որ Նորոն խոժոռված նայում է բարի «ստոյկայի» վրա փակցված թղթադրամներին, որտեղից հնարավորինս «անկեղծ և առինքնող» ժպիտով մեզ էր նայում ինքը` թուրքերի հայրիկ Աթաթուրքը: Մի քանի րոպե շարունակեցինք լուռ նայել նկարին, հետո Նորոն ժպտալով հարցրեց մեզ սպասարկող մի գեղեցկադեմ աղջկա.

- Ներողություն, եթե ես Ձեզ վաղը բուլղարական կամ լեհական թղթադրամներ բերեմ, կհանե՞ք այս նկարը:

- Ինչի՞,- ոչինչ չասող և չարտահայտող հայացքով հարցրեց աղջիկը:

- Որովհետև Աթաթուրքի նկարն ի՞նչ գործ ունի Հայաստանում: Երբեք Թուրքիայում չես կարող գտնել հայկական որևիցե խորհրդանիշ կամ հերոսի նկար,- պատասխանեց ընկերս:

- Հետո ի՞նչ,- դեմքն ավելի բթացրեց մեր գեղեցկուհին ու լկտի ժպիտով շարունակեց նայել մեր ուղղությամբ:

- Հետո էն, օր չենք ուզե թուրքի հայացքի տակ նստել,- խոսակցությանը խառնվեց Ալիկը, որ մինչ այդ հաղթական հայացքով մեզ էր նայում, թե ես «չըսի, թե գործ չունեք սենց տեղերի հետ»:

- Ես էլ թուրք եմ,- մի քանի վայրկյան լռությունից հետո ասաց մեր գեղեցկուհին ու էլ ավելի լկտիացրեց դեմքը:

- Ո՞նց,- գրեթե միաբերան բացականչեցինք մենք:

- Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն:

- Ոչ մի, երևի քեզ դուր կուգա թուրք լինելը,- ասաց Ալիկն ու դիմեց մեզ. «Քելեք ապ, քելեք, ըսիգ մեր տեղը չէ»:

Տաքսու մեջ երեքս էլ մի 10 րոպե չէինք խոսում, բոլորս մի ուղղությամբ էինք նայում, իսկ իմ առջև երևում էր մեր աղջնակի լպիրշ հայացքն ու բառերը` Աթաթուրքի նկարի տակ. «Հա, թուրք եմ, հայ եմ, ի՞նչ տարբերություն»:

«Որ ասում եմ, սենց տեղեր չերթանք, ինձի քյառթու եք ասում»,- լռությունը խախտեց Ալիկը:

Նարեկ Գալստյան

Հ.Գ. Չմոռանամ նշել, որ այդ օրը ընկերոջս` Նորոյի հայրը, Արարատի գագաթ էր բարձրացել, Նորոն էլ պապայի զանգին էր սպասում` անհանգիստ, անհամբեր…