կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 11:33
Հասարակություն

Աբովյանի խանութներում առանց մակնշման հավկիթներ են վաճառվում

Աբովյանի խանութներում առանց մակնշման հավկիթներ են վաճառվում

Աբովյան քաղաքի վաճառակետերում դեռ կարելի է առանց մակնշման ձվեր հայտնաբերել: Խանութներից մեկում հետաքրքրվեցինք, թե ո՞ր ընկերության հավկիթներն են դրանք եւ ինչո՞ւ են առանց մակնշման: Վաճառողուհին մեզ հավաստիացրեց, որ ամեն ինչ օրենքի սահմաններում է, եւ եթե նման թույլտվություն չլիներ, ապա խանութի տնօրենը չէր համաձայնի վերցնել հավկիթները: Պարզեցինք նաեւ, որ հավկիթները խանութին մատակարարում է Լուսակերտի թռչնաֆաբրիկան:

Հարցի առնչությամբ «Երկիր»-ը զրուցեց Հայաստանի «Սպառողների ասոցիացիա» ՀԿ- նախագահ Արմեն Պողոսյանի հետ:

«Ձվի շուկայում տարիների մեր ջանքերն, ի վերջո, բերեցին նրան, որ մակնշման խնդիրը բավականին լավացել է, եւ հազվադեպ են այն դեպքերը, որ մակնշումը պատշաճ չէ: Բայց հազվադեպ ասվածը դեռեւս չի նշանակում, որ այն իսպառ վերացել է»,- ասաց Ա. Պողոսյանը` հավելելով, որ երկու օր առաջ է եղել Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովում, որտեղ իրեն հավաստիացրել են, որ առանց մակնշման ձվեր այլեւս չկան:

«Բայց փաստերը խոսում են հակառակի մասին. մենք շարունակում ենք ստանալ ահազանգեր, եւ ինքներս էլ տեսնում ենք, որ կան դեպքեր, երբ պատշաճ մակնշումը բացակայում է, իսկ դա մեր առողջությանն ուղիղ վտանգ է ներկայացնում, քանի որ չենք կարող համոզվել, թե որ օրվա արտադրության ձու կամ սննդամթերք է: Խնդիրն այն է, որ ե'ւ պետական, ե'ւ հասարակական կառույցները պետք է ավելի ակտիվ ու անվրեպ աշխատեն»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ Հայաստանի տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մարտ ամսին վարույթ է հարուցել «Լուսակերտի» թռչնաբուծական ֆաբրիկայի նկատմամբ` կապված 2010-ի դեկտեմբերին ձվի շուկայում ստեղծված իրավիճակի հետ, երբ ձուն կտրուկ թանկացավ: Ընկերությունը պատկանում է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Խաչիկ Մանուկյանին: