կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-22 10:14
Հասարակություն

Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ. Սերժ Սարգսյան

Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ. Սերժ Սարգսյան

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը օգոստոսի 20-ին «Սևան» ազգային պարկի տարածքում հանդիպել է «Միասին» երիտասարդական շարժման կողմից երրորդ տարին անընդմեջ անցկացվող «Միասին 2011» համահայկական երիտասարդական կրթական ֆորումի մասնակիցներին:

«Միասին 2011» ֆորումի մասնակիցներին միացել էին նաև «Արի տուն» ծրագրի շրջանակներում Հայաստանում գտնվող սփյուռքահայ երիտասարդները:

Հանրապետության ղեկավարը գոհունակությամբ է նշել, որ արդեն շուրջ մեկ ամիս տարբեր միջոցառումների շրջանակներում հանդիպումներ է ունենում երիտասարդների հետ, ինչը ոգևորիչ է: Սերժ Սարգսյանը մասնավորապես ընդգծել է, որ Ծաղկաձորում հանդիպել է աշխարհի լավագույն համալսարաններում սովորող «Լույս» հիմնադրամի 2011թ. կրթաթոշակառուների հետ, Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցների հետ, ովքեր գերազանց տիրապետում են հայ գրականությանն ու պատմությանը, ինչպես նաև Համահայկական 5-րդ խաղերին մասնակցելու նպատակով աշխարհի 125 քաղաքներից ժամանած` 3500 մասնակիցների հետ:

«Երբ մեր երիտասարդները կարողանում են ինքնակազմակերպվել, բարձրացնել իրենց հուզող հարցեր, կարողանում են մի խնդրի շուրջ միավորվել և փորձել իրենց համոզմունքն առաջ տանել, ապա դա միայն ողջունելի է»,- ասել է Սերժ Սարգսյանը:

«Չեմ ուզում առանձնացնել «Միասին» շարժման երիտասարդներին «Արի տուն» ծրագրի մասնակիցներից, որովհետև հայերս մեկ միասնական ժողովուրդ ենք, բայց հանգամանքների բերումով ապրում ենք աշխարհի տարբեր ծայրերում»,-ասել է Սերժ Սարգսյանը և հավելել, որ, չունենալով բնական հարուստ ռեսուրսներ, մեր երկրի ամենահիմնական ռեսուրսը հայրենիքում և հայրենիքի սահմաններից դուրս ապրող մարդիկ են, ովքեր ոգևորվում են մեր երկրի հաջողություններով, ուրախանում և հպարտանում աշխարհի տարբեր անկյուններում բնակվող հայերի ձեռքբերումներով:

«Ցանկանում եմ, որպեսզի ձեր նվիրվածությունը մեր երկրին լինի հարատև: Մեր ուժը մեր նվիրվածությունն է մեր հայրենիքին, մեր ազգային գաղափարներին, մեր ապագային: Այն, որ մենք շատ լավ ապագա ենք ունենալու, դրանում ես բացարձակապես չեմ կասկածում»,- նշել է նախագահը:

Նա նաեւ պատասխանել է երիտասարդների հարցերին: Պատասխանելով ԼՂ հիմնախնդրի կարգավորման հեռանկարների մասին երիտասարդներից մեկի հարցին` նախագահը, մասնավորապես, ասել է. «Խնդիրն, իրոք, բարդ է. բարդ, որովհետև այն ցավոտ է բոլոր կողմերի համար և խոր արմատներ ունի: Տասնյակ տարիների ընթացքում ադրբեջանցի ժողովրդին ներշնչել են, որ Ղարաբաղն ադրբեջանական է, և հիմա շատ մեծ բարդության առջև են կանգնած Ադրբեջանի ղեկավարները, որովհետև երբեք չեն փորձել, ցավոք, հիմա էլ չեն փորձում, իրենց ժողովրդի հետ լինել անկեղծ, բաց խոսակցություն վարել և ասել` գիտե՞ք, ժողովո'ւրդ, այդ հողը հայկական է, այդտեղ դարերով հայեր են ապրել և լավ կլինի, ու առաջին հերթին դա բխում է մեր շահերից, որպեսզի հարգենք այդ մարդկանց ազատությունը, որպեսզի նրանք էլ երջանիկ ապրեն, մենք էլ:

Վստահ եմ` դրա ժամանակը գալու է: Որքան էլ դժվար լինի, մենք պարտավոր ենք խնդրի խաղաղ լուծման բանալին գտնել: Մենք ասելով` նկատի ունեմ և՛ Ղարաբաղը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը: Թեև, կրկնում եմ, իսկապես բարդ գործընթաց է: Ինչպե՞ս կարող է բարդ չլինել, երբ բառացիորեն ամեն օր Ադրբեջանի ղեկավարների շուրթերից հակահայկական խոսքեր են հնչում, երբ հետևողականորեն ատելություն է քարոզվում: Գիտե՞ք, մեր սերունդը մի տեսակ հարմարվել է դրան, որովհետև սա առաջին տարին չէ` կարծես նույն ձայնասկավառակն է պտտվում. պարզապես մեկ-մեկ որոշակի նոր ելևէջներ են մեջտեղ գալիս:

Դուք, իհարկե, չեք կարող հիշել, բայց ձեր ծնողները, ձեր ավագ բարեկամները պետք է որ հիշեն 90-ական թվականների սկզբները, երբ Ադրբեջանի նախագահները` Այազ Մութալիբով, Աբուլֆազ Էլչիբեյը, այս նույն պատմությունն էին պատմում` թե ինչքան հզոր է Ադրբեջանը և ինչքան թույլ են Հայաստանն ու Ղարաբաղը, թե ինչքան շատ են ադրբեջանցիները և ինչքան քիչ են հայերը: Հիմա էլ նույն պատմությունն է, այդպես չէ՞: Ադրբեջանի նախագահն անընդհատ հայտարարում է, որ Ադրբեջանը շատ փող ունի, տնտեսապես հզոր է, Ադրբեջանում 9 միլիոն են, Հայաստանում մարդ չի մնացել և այլն:

Ադրբեջանն ունեցել է ընդամենը մեկ նախագահ, ով շատ թե քիչ իրատեսական էր խոսում: Մնացած բոլորը խոսում էին այսօրվա պես: Ի՞նչ եղավ արդյունքը: Բոլորն էլ շատ լավ գիտեն` ինչ եղավ: Ես վստահ եմ, որ ռազմական գործողությունները ոչ մի տեղ տանող ճանապարհ են: Իսկ Ադրբեջանն այսօր ի վիճակի չէ ռազմական գերակշռություն ունենալ մեր նկատմամբ:

Ձեզնից ո՞վ է եղել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում: Արդյո՞ք այնտեղ տեսել եք որևէ մեկի, ով կասկածել է, որ իրենք ինքնուրույն պետություն են: Իհարկե, ոչ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը վաղուց արդեն ինքնորոշվել է ու ինքն էլ հիմա տնօրինում իր ճակատագիրը: Իսկ այսօր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչված լինելու խնդիր ունի, ինչը վաղ թե ուշ, միևնույն է, լուծվելու է: Այլ հարց է, թե ե՞րբ, որովհետև ինչքան շուտ, այնքան ավելի լավ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի, և՛ Ղարաբաղի համար»: