կարևոր
0 դիտում, 8 տարի առաջ - 2016-05-17 12:13
Քաղաքական

Հույս չպետք է ունենալ, որ այսուհետ Ադրբեջանն իրեն հանգիստ է պահելու. քաղաքագետ

Հույս չպետք է ունենալ, որ այսուհետ Ադրբեջանն իրեն հանգիստ է պահելու. քաղաքագետ

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն, ընդհանուր առմամբ, դրական է գնահատում երեկ Վիեննայում Սերժ Սարգսյանի, Իլհամ Ալիևի և միջնորդ երկրների ներկայացուցիչների համատեղ քննարկումը: Նրա խոսքով` հայտարարություններից երևում է, որ միջնորդները հիմնականում կիսում են այն մտահոգությունները, որ ունեն պաշտոնական Երևանը և Ստեփանակարտը: «Մենք տեսանք, որ, հակառակ Ադրբեջանի ցանկության, միջնորդ խումբն աջակցեց 1994-1995 թթ. ձեռք բերված պայմանավորվածությունների պահպանման գաղափարին»,- Yerkir.am-ի հետ զրույցում ասաց նա:

Քաղաքագետի խոսքով` երեկ Վիեննայում հիմք դրվեց բանակցությունները վերսկսելու համար Հայաստանի կողմից առաջ քաշված առաջարկներից գոնե երկուսը կյանքի կոչելուն` վերահսկման մեխանիզմների ներդրմանն ու վստահության հաստատմանը: «Երկու այդ կետերի իրականացմանն ուղղված առաջին քայլերը կատարված են: Ըստ էության` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կիսում են մեր մոտեցումը: Այս ամենը հաշվի առնելով` կարելի է հույս ունենալ, որ ապագայում իրավիճակը որոշակիորեն կարող է հանդարտվել»,- ասաց նա:

Մելիք-Շահնազարյանի խոսքով` սակայն հետաքննական մեխանիզմների ներդրման հետ կապված դեռ անորոշություն կա. հանդիպման ընթացքում հստակ ժամկետներ չեն նշվել: Քաղաքագետը նշեց, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի իշխանություններն արհամարհում են ցանկացած պայմանավորվածություն, որ ձեռք է բերվում նման ֆորմատով հանդիպումների ժամանակ, չի բացառվում, որ Ադրբեջանը նույնը կանի նաև այս հանդիպումից հետո: «Մենք չպետք է հույս ունենանք, որ այսուհետ Ադրբեջանն իրեն հանգիստ է պահելու, պետք է մեր զգոնությունը շատ բարձր պահենք: Հայկական կողմը հույսը պետք է միայն իր վրա դնի»,- ասաց Մելիք-Շահնազարյանը: