Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը նախընտրական քարոզարշավ իրականացնելու նպատակով Սյունիք կատարած այցի շրջանակում պատասխանել է «Սյունյաց երկիր» թերթի հարցերին:
Երրորդ նախագահը անդրադարձել է այն հարցին, թե ինչպես ստացվեց, որ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունում, որը վերաբերում էր պատերազմի դադարեցմանը, հայտնվեց ՀՀ տարածքի մաս կազմող Սյունիքին վերաբերող դրույթ:
«Ես մինչև հիմա չեմ կարող ասել, թե ինչպես է կազմվել այդ փաստաթուղթը՝ չգիտեմ, էլ չեմ ասում, թե ինչպես է այդ փաստաթղթի իրագործումն ընթանում: Այն, ըստ էության, կապիտուլյացիոն փաստաթուղթ է, և խոսքը չի գնում նրա մասին, որ այս անխելք իշխանությունները չգնային դրան, թեև կոնկրետ պարագայում վարչապետ ասվածը միանձնյա է այդ որոշումը կայացրել: Խոսքն այն մասին է, որ նույնիսկ այդպիսի դեպքերում դու պարտավոր ես մտածել ինչ-որ ելքեր գտնելու ուղղությամբ, որպեսզի փորձես այդ վատ վիճակից նվազագույն կորուստներով դուրս գալ: Նույնիսկ ստորագրված փաստաթղթի էությանը հակառակ գործընթացներ են տեղի ունենում, որոնք Սյունիքին են վերաբերվում»,- նշել է Սարգսյանը:
Երրորդ նախագահը շեշտել է, որ թեև եռակողմ հայտարարությունում գերիների վերադարձի մասին դրույթ կար, բայց դրա լիարժեք իրագործմանը չի հաջողվել հասնել, այնինչ այդ պայմաններում հայկական կողմը տարբեր զիջումների է գնացել:
«Ես այսօր խոսում եմ տղաների հետ՝ Սյունիքից անհետ կորածներ, գերեվարվածներ կան, եթե այդ փաստաթուղթն ասում է, որ բոլորը բոլորի դիմաց պետք է փոխանակվեն, ինչու՞ չարվեց: Հայկական կողմը նույնիսկ Ադրբեջանին հանձնեց ոչ թե այս պատերազմի ժամանակ գերեվարված, այլ Արցախի տարածքում հանցագործություն կատարած երկու անձի, որոնց տարիներ շարունակ Ադրբեջանի իշխանություններն ուզում էին ետ ստանալ մեզնից, բայց քանի որ հանցագործություններ էին կատարել, Ղարաբաղի իշխանությունները չէին տալիս: Ինչ կար-չկար տվեցինք, իսկ մեզ վերադարձրին մեր տղաների մի մասին միայն:
Խնդիրը միայն դա չէ՝ հասկանում եմ՝ այդ տղաներն ամեն պահի մտածում են, թե ինչ նոր ոտնձգություն կլինի իրենց հանդեպ՝ մամուլում շրջանառվում են լուրեր, որ 19 հոգու արդեն սպանել են՝ չգիտեմ՝ որքանով է դա հավաստի, որովհետև մեր իշխանությունները որևէ տեղեկատվություն չեն տալիս: Բայց խոսքը միայն իրենց մասին չէ՝ բա այսօրվա՞ ծառայող զինվորներն ու սպաները, ո՞նց պետք է անձնվիրաբար նվիրվեն Հայրենիքին, եթե ոչինչ չի արվում իրենց ընկերներին ետ վերադարձնելու համար, երբ ոչինչ չի արվում գոնե տղաների մասունքները արժանապատվորեն հողին հանձնելու համար: Երբ տեսա այդ նկարները, արյունս սառեց՝ ո՞նց կարելի է այդպես վարվել հայ զինվորի հետ, դրանից մեծ հանցագործություն ես չգիտեմ: Ավելի լավ է՝ մարդ սպանեին, քան մեր զինվորների մասունքների հետ այդպես վարվեին»,- նշել է երրորդ նախագահը:
Սերժ Սարգսյանը շեշտել է՝ ստորագրվող ցանկացած փաստաթուղթ ի վնաս մեզ է լինելու:
«Ադրբեջանցին ինչքան ուզում, առաջ է գալիս, ինչի՞ պետք է մեզ խղճա: Ճանապարհով գալիս տեսնում ենք, չէ՞, թե որտեղ են ադրբեջանցիները: Ես այսօր Տեղ խոշորացված համայնքում էի, որից 350 հա տիրապետում են ադրբեջանցիները, այդ ո՞ր թղթով, ո՞ր համաձայնագրով»,- նշել է երրորդ նախագահը: