կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-19 10:17
Առանց Կատեգորիա

ԱԶԳ. Համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար. արցախցի դպրոցական

ԱԶԳ. Համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար. արցախցի դպրոցական

Ստեփանակերտցի դպրոցական Ադելինա Ավագիմյանի կողմից Ադրբեջանի նախագահին գրված նամակին, ինչպես հայտնի է, պատասխանել են Իլհամ Ալիեւի աշխատակազմից:

«Նոր էջ» անկախ թերթի աշխատակիցները հանդիպել են արցախցի դպրոցականին եւ փորձել պարզել, թե պատասխանը որքանով է բավարում նրան: Ադելինան լրագրողներին ասաց, որ դա պատասխան չէ, Ադրբեջանի նախագահի մոտ աշխատող Ասլանով ազգանունով մի մարդ իր նամակից քսան անգամ մեծ նամակ է գրել, բայց իր հարցերից ոչ մեկին չի պատասխանել:

«Ես գրել եմ, որ նա շարունակ միայն Ղարաբաղի եւ պատերազմի մասին է խոսում, ուրիշ բանի մասին չի մտածում, կարծես էլ պրոբլեմներ, խնդիրներ չունի, էլ ուրիշ ոչ մի հարց իրեն չի հուզում... Հետո գրել եմ, որ ես իր մասին, իր երկրիՙ Ադրբեջանի մասին չեմ մտածում, իմ ծնողները նույնպես նրա եւ նրա երկրի մասին չեն մտածում, եւ ինձ համար անհասկանալի է, թե ինչ է ուզում մեր երկրից... Հարցրել եմ, թե ինչո՞ւ է ամբողջ ժամանակ մտածում մեր երկիրը զավթելու մասին, իրենց ինչի՞ն է պետք Ղարաբաղը, որը իրենց չի պատկանում: Գրել եմ, որ եթե ինքը պատերազմ սկսի մեր դեմՙ մեր երկիրը նվաճելու համար, ողջ հայ ժողովուրդը ոտքի է կանգնելու, որ մեր հողը պաշտպանի:

Հարցրել եմՙ իսկ ինքը, իր երեխաները կամ բարեկամները մասնակցելո՞ւ են այդ պատերազմին, թե՞ ուրիշ ադրբեջանցի երիտասարդների է ուղարկելու մեր երկրի վրա: Ինչո՞ւ շարունակ զենք է գնում, ավելի լավ չէ՞ այդ փողերով այնպիսի կյանք կառուցի իր երկրում, որ բոլորը լավ ապրեն... Ավելի լավ չէ՞ այդպես անի, քան մարդկանց կռիվ ուղարկի... Եթե իմանայի, որ այդպես են պատասխանելու, չէի գրի: Իմ հարցերին պատասխանելու փոխարեն սկսել են հեքիաթներ պատմել: Նրանք կարծում են, թե ես պատմություն չգիտեմ, եւ ինձ փորձում են խաբել իրենց սուտ պատմություններով: Ավելի շատ ինձ դուր չի եկել, որ ինձ պատասխանել են իբրեւ Ադրբեջանի քաղաքացու, իսկ Ստեփանակերտն էլ Խանքենդի են անվանել: Կարծես այդ օտար մարդիկ պիտի որոշեն մեր քաղաքի անունը»,- լրագրողներին ասաց Ադելինա Ավագիմյանը:

Լրագրողների հարցին` Ադրբեջան այցելելու հրավերի մասին, Ադելինան պատասխանեց. «Ինչպե՞ս են ինձ Ադրբեջան հրավիրում, երբ իմ նամակից հետո ադրբեջանցիներն իրենց ինտերնետային կայքերը լցրել են բոլոր հայերին ոչնչացնելու սպառնալիքներով, իմ եւ իմ հայրենակիցների մասին կեղտոտ, զզվելի բաներ են գրել... Կարծում են, թե տեղյակ չեմ, չգիտեմ, թե ինչպես են Ադրբեջանում ապրող հազարավոր հայերի սպանել կամ վտարել սեփական բնակարաններից... Արդեն լրիվ համոզվել եմ, թե նրանք որքան օտար են մեզ համար... Չեմ հավատում նրանց: Նրանց նամակը կարդալիս ինձ թվացել է, թե օտար մոլորակներից եմ ստացել այդ պատասխանը: Ինձ հրավիրելու փոխարեն թող իրենք գան եւ իրենց աչքերով կարդան Գանձասարի, Ամարասի եւ Արցախի մյուս հին վանքերի քարերին գրած հայերեն գրությունները»:

Ադելինայի նամակը կարող եք կարդալ այստեղ: