Կոնգրեսն ինքն իրեն ծուղակն է  գցել, սա արդեն ակնհայտ է: «Եվ ուրիշ երեւույթներից էլ էր երեւում, որ այս  ծուղակն արդեն պատրաստ է»,- «Ազատություն» ռադիոկայանին տված  հարցազրույցում այսօր ասել է ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան  Հովհաննիսյանը։
Ըստ նրա` ակնհայտ  է նաեւ, որ իշխանությունը եւս ծուղակի մեջ է։ Վ. Հովհաննիսյանի այս մեկնաբանությունը վերաբերում է իշխանություն-ՀԱԿ երեկվա հանդիպմանը եւ մասնավորապես այն հայտարարություններին, որոնք արվել են մինչ այդ։
ՀԱԿ-ը հայտարարել էր, թե երկխոսությունը շարունակելու հարցը կախված է  անցած շաբաթ կալանավորված ՀԱԿ ակտիվիստների կարգավիճակից: Մինչդեռ այս  հայտարարությունից հետո, հանդիպելով  իշխանության ներկայացուցիչների հետ,  ՀԱԿ-ը երկխոսության շարունակության մասին որոշում չկայացրեց: Նրանք  քննարկեցին միջադեպն ու ձեռնպահ մնացին մեկնաբանություններից։ 
 
Վահան Հովհաննիսյանը ռադիոկայանին  կարծիք է հայտնել, որ ամեն ինչ արդեն պարզ է` «կողմերը որեւէ հարց լուծելու  ցանկություն չունեն, բացի առաջիկա ընտրություններում միմյանց միջեւ  աթոռներ կիսելուց»:
«Ամեն ինչի հետ պատրաստ են  համակերպվել` ե՛ւ իրենց կողմնակիցներին «խոշտանգելու» (չակերտների մեջ եմ  ասում, որովհետեւ չգիտեմ` դա իրականությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ),  ե՛ւ «ոչ լեգիտիմ» պատգամավորների հետ բանակցելու»,- նշել է Վ.  Հովհաննիսյանը: Իսկ այս համատեքստում, ըստ խմբակցության ղեկավարի, զարմանալ  էլ պետք չէ, որ ՀԱԿ-ը մի գիշերվա ընթացքում կարող է «դիամետրալ կերպով  փոխել տեսակետը»։