Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը, խոսելով ԱԺ արտահերթ նիստում քննարկված` հարկման վերաբերյալ վիճահարույց օրենքի մասին, նշեց, որ ԲՀԿ խմբակցությունը ձեռնպահ է քվեարկել` ելնելով այն հանգամանքից, որ օրենքի հետ կապված կան ռիսկեր, խնդիրներ, որոնց պատասխանները այդպես էլ չհնչեցին:
«Չենք ուզում օրենքը դիտարկել սև ու սպիտակ մեջ, որովհետև հնարավոր է, որ դրական բաներ կան, բայց կան հարցեր, որոնց պատասխանները այդպես էլ չտրվեցին` թե որքան կազմակերպություն, որքան աշխատող, ինչ աշխատավարձով են մեկնելու, այսինքն` օրենքի ռիսկերը բացահայտված չեն: Չեմ ընդունում «խոպանչի» բառը, գուցե նսեմացնող բան կա, բայց մասնավոր հարաբերությունների վրա օրենքը չի տարածվում: Միտքն այն է, որ Հայաստանում գրանցվող կազմակերպություները, որոնք շինարարական աշխատանքներ են իրականացնում արտերկրում, հանդիսանալով Հայաստանի ռեզիդենտ, հարկեր են վճարելու Հայաստանի բյուջե»,- ասաց Միքայել Մելքումյանը:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե օրենքի քննարկման ժամանակ ինչ չկիսեցին Միքայել Մելքումյանն ու Հրանտ Բագրատյանը, ԲՀԿ-ական պատգամավորը պատասխանեց, որ իրենց միջև բանավեճը եղել է զուտ մասնագիտական: «Նման բաները, ոչինչ, կարելի է ըմբռնումով մոտենալ ու խնդիրներ չտեսնել դրա մեջ: Տարբեր տնտեսագետների կարծիքները կարող են տարբեր լինել»,- ասաց պատգամավորը:
Հիշեցնենք, որ օրենքի քննարկման ժամանակ լեզվակռիվ սկսվեց Միքայել Մելքումյանի ու Հրանտ Բագրատյանի միջև. վերջինս նշեց, որ ոչ ոք տնտեսագիտությունից բան չի հասկանում, իսկ Միքայել Մելքումյանը նրան հորդորեց մեծամիտ չլինել: