կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-05-24 12:27
Քաղաքական

Մենք կիսելու հայրենիք չունենք. Սերժ Սարգսյանը` ընդդիմությանը

Մենք կիսելու հայրենիք չունենք. Սերժ Սարգսյանը` ընդդիմությանը

 

ՀՀԿ 15-րդ համագումարի ժամանակ խոսելով հայաստանյան քաղաքական դաշտի մասին` ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը նշեց, որ Հայաստանում ակնհայտ զարգացում է ապրում քաղաքական և քաղաքացիական դաշտը: Ըստ նախագահի` Հայաստանում ձևավորվել է քաղաքական ուժերի շատ հետաքրքիր և հարուստ խճանկար, որտեղ դատարկ տարածություններ գրեթե չկան, և այդ վիճակը լավագույնս ներկայացված է խորհրդարանում: 

 

«Իշխող ուժն ու ընդդիմությունը որքան էլ իրար քննադատեն, իմ համոզմամբ, թշնամիներ չեն, նույնիսկ եթե մեր որոշ քաղաքացիների մոտ բուռն քաղաքական բանավեճերից նման տպավորություն ձևավորվի: Մենք կիսելու հայրենիք չունենք, մենք պետք է միմյանց փոխլրացնենք, որպեսզի ծաղկեցնենք մեր հայրենիքը: Իշխող ուժն ու ընդդիմությունը պետության համար նույնն են, ինչ մարդու երկու ձեռքերը, անհրաժեշտ են և' աջը, և' ձախը: Նրանցից մեկի խեղումից, մյուսն ավելի ուժեղ չի դառնում, պարզապես մարդը դառնում է անդամալույծ: Հանրապետականը նման հեռանկար թույլ չի տա»,- ասաց Սերժ Սարգսյանը` հավելելով, որ Հանրապետական կուսակցությունը պատրաստվում է հզորանալ, բայց դա չի անելու այլ քաղաքական ուժերի հաշվին, հակառակը` խրախուսելու է այլ քաղաքական դերակատարների համախմբումը, բյուրեղացումն ու միացումը:

 

Հանրապետական կուսակցությունը շարունակելու է առողջացնել քաղաքական դաշտը` ձերբազատվելով մաղձից, ատելությունից ու կասկածամտությունից: ՀՀ նախագահը շեշտեց, որ Հանրապետական կուսակցությունն իր քաղաքականությունը կառուցելու է կոռեկտության ու հարգանքի հիմքի վրա` ակնկալելով այլ քաղաքական ուժերի փոխադարձ հարգանքը:

 

Նա խոստովանեց, որ Հանրապետական կուսակցությունն ու այլ քաղաքական ուժերը չեն գտնվում այն բարձունքի վրա, որ բավարարեն քաղաքացիների բոլոր պահանջները, որ Հանրապետականը հաճախ չի կարողացել արդարացնել պարզ մարդկանց սպասելիքները` հաճախ հոգնեցնելով բարձրացրած աղմուկով, երբ քաղաքական դեբատներն ընկալվել են որպես դատարկ ինքնանպատակ մրցույթ: Բայց նախագահը հորդորեց գիտակցել, որ քաղաքական համակարգ կայացնելը աշխատատար ու բարդ գործ է:

 

«Գաղտնիք չէ, որ քաղաքական ուժերը դիրքավորվում ու վերադիրքավորվում են` իրենց առաջ թիրախ ունենալով 2018թ. ընտրությունները: Բայց Հանրապետականի դիրքն այլ է, Հանրապետականը պետք է առաջ մղի երկիրը մինչև նոր ընտրություններ: Մինչև հաջորդ համապետական ընտրությունները դեռ պետք է ապրել, դեռ պետք է ապահովել Հայաստանի և Արցախի անվտանգությունը, ապահովել տնտեսական ու սոցիալական զարգացումը»,- ասաց Սերժ Սարգսյանը:

 

Նա նշեց, որ եթե ընդդիմությունը կարող է գնալ ընտրությունների` չունենալով ոչ էական, փաստացի արդյունքներ և միայն իշխանություններին անխնա քննադատելով, ապա կառավարող կուսակցությունը չի կարող իրեն նման ճոխություն թույլ տալ: «Ամենօրյա աշխատանք և դրական արդյունքներ` ահա ամենալավ քարոզչությունը Հանրապետականի համար»- ասաց Սերժ Սարգսյանը: