կարևոր
0 դիտում, 13 տարի առաջ - 2011-08-06 11:28
Հասարակություն

ԱՄՆ-ում դատում են հայ գործարարի

ԱՄՆ-ում դատում են հայ գործարարի

«The Florida Times-Union»-ը տեղեկացնում է, որ օգոստոսի 4-ին հայ գործարար, 49-ամյա Արթուր Մանասարյանն իրեն մեղավոր է ճանաչել առողջապահության ոլորտում խարդախության եւ անձնական տվյալների գողության համար: 2007-2008 թվականներին այդ տվյալներն օգտագործվել են  «Brunswick Medical Supply Inc.» միջոցով:

Թեեւ Մանասարյանն ընդունել է մեղքը, որեւէ բացատրություն չի ներկայացրել  «Brunswick Medical»-ի եւ Սավանայում, Նյու Մեքսիկոյում, Կալիֆորնիայում այլ 8 հիմնարկությունների միջոցով «Medicare»-ին 7,5 միլիոն դոլարից մինչեւ 20 միլիոն դոլարի կեղծ ապահովագրական պահանջագրեր ներկայացնելու վերաբերյալ:

Նրան սպառնում է մինչեւ 10 տարվա ազատազրկում հանցավոր համաձայնության եւ 2 տարվա ազատազրկում անձնական տվյալների գողության համար: Երկու հանցագործությունների համար էլ նախատեսված է նաեւ 250 հազար դոլար տուգանք:

Երկու համաամբաստանյալներ, 44-ամյա Սահակ Թումանյանն ու նրա կինը` 39-ամյա Հասմիկ Թումանյանը օգոստոսի 15-ին Բրանսուիքում կկանգնեն դատարանի առաջ փողերի լվացման նպատակով հանցավոր համաձայնության մեղադրանքով:

Թումանյանները Լոս Անջելեսի շրջանում ունեցել են առնվազն 4 ֆիկտիվ ընկերություն, որոնք փողերի լվացման սխեմայի մասն են եղել: Զույգի դատավարությունը կտեւի երկու շաբաթ: Մեղավոր ճանաչվելու դեպքում նրանց սպառնում է մինչեւ 20 տարվա ազատազրկում եւ կես միլիոն դոլարի տուգանք:

Լոս Անջելեսում բնակվող Մանասարյանն ու Թումանյանները այն 73 ամբաստանյալներից են, որոնք ներգրավված են եղել «Medicare» համակարգով 163 միլիոն դոլարի կեղծ ապահովագրական  պահանջագիր փոխանցած  համազգային կազմակերպված հանցավոր խմբավորման մեջ:

Մանասարյանը դատավոր Վուդին պատմել է, որ մինչեւ 1990 թվականին ԱՄՆ-ը ներգաղթելը, Հայաստանում սովորել է քոլեջում եւ ծառայել է բանակում: ԱՄՆ քաղաքացիություն ստացած Մանասարյանը նախքան բժշկական ապահովագրությամբ զբաղվելը աշխատել է պահեստում, եղել է բեռնատարի վարորդ: