Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Անվանի գործարար եւ բարերար Պողոս Նուբարը ծնվել է 1851թ-ի օգոստոսի 2-ին Կ. Պոլսում: Նախնական կրթությունը ստացել է Շվեյցարիայում, ապա ավարտել Փարիզի Կենտրոնական դպրոցը՝ ստանալով երկրաչափ ճարտարագետի մասնագիտություն: Աշխատել է որպես Ֆրանսիայի հանքերի ու երկաթուղիների մասնագետ: 1878-79թթ. եւ 1891-98թթ. եղել է Եգիպտոսի երկաթուղիների ընդհանուր տնօրենը: 1900թ. տրակտորի՝ մեխանիկական գութանի իր գյուտի համար Փարիզի միջազգային ցուցահանդեսում արժանացել է Ոսկե մեդալի ու պարգեւատրվել «Պատվո լեգեոնի», խաչով:
1906թ. Միլանի ցուցահանդեսում ստացել է Ոսկե մեդալ եւ պարգեւատրվել ,Պատվո լեգեոնի, սպայի աստիճանով, Ֆրանսիայի երկրագործական ընկերությունից՝ «Օլիվեր դը Սերվ», Եգիպտոսի կառավարությունից՝ «Նեղոսի Ա կարգի», Թուրքիայի կառավարությունից` «Մեջիդի», եւ «Օսմանի», Ա աստիճանի, Բելգիայի թագավորի կողմից՝ «Լեոպոլդ», շքանշաններով:
Գևորգ Ե Սուրենյանց Ամենայն Հայոց կաթողիկոսը 1912թ. նրան նշանակել է Ազգային պատվիրակության ղեկավար: Նա տեղափոխվել է Փարիզ եւ ամբողջովին իրեն նվիրել Հայկական հարցի միջազգային քաղաքական լուծման գործին: Հայաստանի խորհրդայնացումից հետո մեծապես աջակցել է Խորհրդային Հայաստանին: Նրա տրամադրած 100 հազար դոլարով հիմնվել է Նուբարաշենը: 1926թ. նյութական օգնություն է ցուցաբերել Գյումրիի երկրաշարժից տուժածներին:1930թ. 14.250 ոսկով կառուցել է Երեւանի Մարի-Նուպար ակնաբուժարանը: Մահացել է 1930թ. հուլիսի 26-ին Փարիզում: