Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Վերջերս մեզ հայտնի դարձավ, որ Արցախի պետհամալսարանի մի քանի դասախոսների սեպտեմբերի 1-ից դասաժամեր չեն տրամադրվելու։ Պատճառը, ըստ մեր տեղեկությունների, ուսանողներից կաշառք վերցնելն է։
Նշված լուրերի հավաստիությունը պարզելու համար դիմեցինք ԼՂՀ կրթության եւ գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանին, որը չհերքեց փաստը, միայն ասաց, որ պատժամիջոցը դեռ չի որոշվել։ Նրա տեղեկացմամբ` կոնկրետ կաշառակերության հետ կապված խոսքը 3 դասախոսի մասին է։
«Մենք օպերատիվ ինֆորմացիա ենք ստացել եւ զգուշացրել ենք այդ դասախոսներին, որ նման բան կրկնվելու դեպքում ստիպված ենք լինելու համապատասխան քայլեր ձեռնարկել եւ դիմել իրավապահ մարմիններին»,- նշեց նախարարը։
Ինչ վերաբերում է աշխատանքից ազատելու կամ ժամեր չտրամադրելու լուրին, ըստ նրա, դրա տարածման պատճառն այլ է։ Բանն այն է, որ սեպտեմբերի 1-ից ԱրՊՀ-ում դասաժամերը 42 հազարով կրճատվելու են, ինչը նշանակում է, որ մի քանի դասախոսներ դասաժամեր չեն ունենալու: Նախարարը հավելեց, որ հաշվի է առնվելու նաեւ այն, որ որոշ դասախոսներ համատեղության կարգով են աշխատում։ Հնարավոր է, որ թեթեւացնեն տարեց դասախոսների ծանրաբեռնվածությունը:
Նախարարը կաշառակեր դասախոսների անունները չհնչեցրեց։ Դրանք պարզ կդառնան նրանց աշխատանքից ազատելուց հետո։ Մնում է միայն հույս ունենալ, որ նրանք ուսանողներին շատ հայտնի կաշառակեր դասախոսներն են։